Հարցազրույց

Եթե Բայդենը «ցեղասպանություն» բառը գործածի, դա Էրդողանը կդիտարկի իբրև զրպարտություն․ Էստուկյան

Եթե Բայդենը «ցեղասպանություն» բառը գործածի, դա Էրդողանը կդիտարկի իբրև զրպարտություն․ Էստուկյան

Երեկ ամերիկյան «Բլումբերգ» լրատվական կազմակերպությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Դեմոկրատական նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել է հայերի կոտորածները որպես որպես ցեղասպանություն ճանաչելու մտադրության մասին։

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է Թուրքիայում տպագրվող «Ակօս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր, պոլսահայ լրագրող Բագրատ Էստուկյանի հետ։

- Պարո՛ն Էստուկյան, արտասահմանյան մամուլում շրջանառվում է, որ Բայդենը պատրաստվում է օգտագործել «ցեղասպանություն» բառը, սա ի՞նչ նշանակություն կունենա։ Նաև ի՞նչ ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա։

- Ոչ մի նշանակություն չի ունենա։ Էրդողանը կարծում է, որ Բայդենն այս անգամ միգուցե կարող է ասել «ցեղասպանություն» բառը, հետևաբար հայտարարությունով հանդես եկավ՝ ասելով, որ «զրպարտությունների դեմ մենք իրողություններով խոսելը շարունակելու ենք»։ Այսինքն, եթե «ցեղասպանություն» բառը գործածի, դա Էրդողանը կդիտարկի իբրև զրպարտություն։

- Ինչպե՞ս եք պատրաստվում Թուրքիայում նշել Հայոց ցեղասպանությունը։ 

- Չենք պատրաստվում, որովհետև ինչպես անցյալ տարի, այս տարի էլ համավարակը կատարյալ արգելք դրեց դրա առջև։ Փողոց ելնելու արգելք կա արդեն շաբաթվա վերջին՝ շաբաթ և կիրակին ներառյալ։ Հետևաբար փողոցի վրա, հրապարակի վրա որևէ միջոցառում տեղի պիտի չունենա։ Կազմակերպված են առցանց միջոցառումներ, հիշատակման միջոցառումներ կամ հանդիպումներ առցանց դրությամբ։ 

- Ի՞նչ եք անելու։

- Այո, ես էլ առցանց պիտի մասնակցեմ՝ որպես զեկուցող, որպես ատենախոս։ Օրինակ, անցյալ տարիների հրապարակային այդ հիշատակման երեկույթը կազմակերպող «ԴուրԴե» հարթակը հայտարարություն է արել, որ այս տարի թե՛ առցանց հիշատակման, ոգեկոչման հանդես պիտի իրականացնեն և թե՛ ասուլիս պիտի կազմակերպեն նախապես։ Մինչ այդ, ուրիշ կազմակերպություններ էլ, ինչպիսին են՝ «Նոր Զարթոնք» շարժումը կամ Եվրոպայի մեջ բնակվող թուրք կոմունիստները, զանազան խմբակցություններ այս ուղղություններով աշխատություններ պետք է անեն։ Թուրքիայում Շաբաթնօրյա մայրերն ինչպես անցյալ տարիներին էին անում, այս տարի էլ իրենց հաշիվ պահանջելու առարկան պիտի լինի Հայոց ցեղասպանության զոհերը։ Ամեն շաբաթ օր ելույթ են ունենում, որ անձը, որ ոստիկանական կամ զինվորական ուժերի կողմից առևանգված և անհայտ կորած է, դրա հաշիվն են պահանջում։ Իսկ վերջին միգուցե 80 տարվա ընթացքում ամեն ապրիլի 24-ին զուգադիպող շաբաթ օր պահանջում են հայ զոհերի հաշիվը։ Շաբաթնօրյա մայրերը դարձյալ այդ թեմայով առցանց ծրագիր պիտի անեն։ Այսինքն, կարող եմ ասել, որ եթե փողոցների վրա միջոցառում չկա, որոշ հեռուստակայաններ, չեմ ասում բոլոր հեռուստակայանները, լայնորեն պետք է արձագանքեն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։ Անշուշտ, հետաքրքրվողները պետք է հետևեն այս բոլորին։ Նրանց համար արդեն կապի միջոցներ են հրապարակվել։ Այդ կապի միջոցներով ով որ հետաքրքրվում է, պիտի կարողանա հետևել։

- Ի՞նչ վերաբերմունք կա։

- Նրանց բոլորի համար էլ ցեղասպանության փաստացի իրողությունը ժառանգների կողմից ընդունված, ճանաչված է։ Իսկ մի քանի օր առաջ՝ ապրիլի 20-ին, պետության կազմակերպմամբ տեղի ունեցավ ժխտողական, ուրացողական բնույթով միջազգային կոնֆերանս, բանախոսություն, որին մասնակցեցին նաև օտարազգի զանազան պատմաբաններ և Թուրքիայի պատմաբաններ, բայց բոլորն էլ ցեղասպանությունն ուրացող գաղափարախոսությունը որդեգրագրած անձինք։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image