Մշակույթ

Ժյուրին 2 անգամ քննարկել է 3 նախագծերը, բայց քննարկումից այն կողմ չեն շարժվել

Ժյուրին 2 անգամ քննարկել է 3 նախագծերը, բայց քննարկումից այն կողմ չեն շարժվել

Երեւանի Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլի արդյունքներն արդեն ամփոփվել են, եւ օրեր առաջ հանրության դատին է ներկայացվել հայեցակարգային երեք նախագիծ, որոնք ցուցադրվում են Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում։ Հիշեցնենք, որ Կոնդի վերակառուցման համար դեռ 2021-ին Քաղաքաշինության կոմիտեն միջազգային մրցույթ էր հայտարարել:

Միջազգային հանձնաժողովի կազմում ընդգրկված են ճարտարապետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Իտալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Կոնդի բնակիչներ, իրավաբաններ, սոցիոլոգներ, պատմաբաններ, ՀՀ պետական գերատեսչությունների եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։ 

Ժյուրիի կազմում է նաեւ ճարտարապետության պրոֆեսոր Կարեն Բալյանը, որը մեզ հետ զրույցում նկատեց, որ ժյուրին արդեն 2 անգամ հանդիպել-քննարկել է 3 նախագծերը, բայց քննարկումից այն կողմ առաջ չեն շարժվել: Նկատենք, որ եզրափակիչ նիստի ժամանակ միավորների հաշվարկից հետո կամփոփվեն եւ կհրապարակվեն մրցույթի արդյունքները։ Յուրաքանչյուր անդամ, համաձայն քաղշինկոմիտեի, նախագծերը գնահատելիս հաշվի է առնելու նախագծի նպատակահարմարությունը, համապատասխանությունն առաջադրանքին, տնտեսական արդյունավետությունը, պատմական շերտի ու բնակիչների շահերի պահպանումը եւ մի խումբ այլ չափորոշիչներ։ 

Կ. Բալյանն ասում է` քանի որ հանձնաժողովը դեռ չի ավարտել աշխատանքը, մինչեւ ընտրության ավարտը վերջնական ոչինչ չի կարող ասել, միայն կարող է նշել, որ ներկայացված 3 նախագծերի մեջ կա մեկը, որը հնարավորություն է տալիս Կոնդի պատմական հենքը պահպանել. «Միաժամանակ թույլ տալ՝ զարգանալու առանց դեֆորմացիաների, որպեսզի Կոնդի գաղափարը չկորչի: Դա այն ճանապարհն է, որը չի գնում ոճավորումների, նմանակումների, բուտաֆորիաների հետեւից, այլ կերպ ասած` 2-րդ «Հին Երեւան» չի ստեղծում, որովհետեւ Կոնդն արդեն հին է եւ Երեւանի ամենահին թաղամասերից մեկը: Այդ առումով իմաստ չունի Կոնդը մոդեռնիզացնել, բայց, իհարկե, միջամտությունների կարիք ունի Կոնդը, եւ մարդիկ իրենք են զգում դրա պահանջը, որպեսզի կարողանան զարգացնել իրենց կյանքը: Իսկ Կոնդում կենդանի կյանք կա, հենց դա է գրավում բոլորին, դրա համար են մեծաթիվ զբոսաշրջիկներ գալիս Կոնդ»: 

Կ. Բալյանը չգիտի, թե ովքեր են այդ 3 նախագծերի հեղինակները, քանի որ պահպանվել է անանունության սկզբունքը, եւ ժյուրին ընտրել է գործերը` չիմանալով, թե ովքեր են հեղինակները, բայց. «Ամսից ավելի է՝ չկան քննարկումներ, այսինքն՝ դեպի վերջնական արդյունք դեռ չենք գնում, եզրափակիչ նիստը տեղի չի ունեցել: Ժյուրին բավականին մեծ է, նաեւ արտասահմանցի մասնագետներ կան, որոնք փաստացի Հայաստանում չեն եւ օնլայն են մասնակցում քննարկումներին»։ Բալյանը դժվարանում է նշել` մինչեւ տարեվերջ կամփոփվե՞ն արդյունքները, թե՞ ոչ:

Արդյունքների ամփոփումից ու հաղթող նախագծի ընտրությունից հետո ի՞նչ է սպասվում։ «Սա մի հարց է, որը մտահոգում է բոլորին, առաջին հերթին՝ հենց Կոնդի բնակիչներին: Նախ` պարզ չէ, թե որ նախագիծը կընտրվի, որովհետեւ, իմ նշած նախագծից բացի, կան նաեւ նախագծեր, որոնք փաստացի Կոնդի քանդման նախագծեր են, այսինքն` «Հին Երեւանի» օրինակով Հին Կոնդ ստեղծելու նախագծեր են, որոնք ցանկանում են ստեղծել բուտաֆորիա։ Այդպիսի առաջարկներ էլ կան, որոնք կարող են եւ մարդկանց հրապուրել: Մինչդեռ ինձ համար դրանք անընդունելի են, քանի որ, եթե պատմական արժեքը կորցնում ես, արժեզրկվում է ամբողջը, եւ ոչ մեկին այսօր չես կարող գայթակղել, խաբել այդպիսի պսեւդոկեղծ կառույցներով: Օրինակ, Չինաստանն է սիրում նման բաներ անել, բերել Վենետիկ կառուցել իր երկրում, որոնք արդեն անցած էտապներ են: Մենք պատմական երկիր ենք եւ պետք է ունենանք մեր իսկականը, որն իրականում ունենք, եւ պետք է կարողանանք պահպանել: Մենք մեր աչքի առաջ ունենք արդեն Ձորագյուղի օրինակը, երբ հինը քանդեցին` նորը կառուցելու համար, արդյունքում կորավ  դիմագիծը, եւ դժվար թե այդ նորը որեւէ մեկին հետաքրքրեր: Հնից նոր բան պետք չէ ստեղծել, հինը պետք է միայն պահպանել: Եթե չես կարողանում, պետք է ունենաս ազնվություն եւ ասես` սա իմ գործը չէ»: Փաստորեն, Կոնդի վերակենդանացման մրցույթը մի կողմից առաջարկում է Կոնդը վերակառուցող, մյուս կողմից՝ թաղամասը քանդող նախագծեր, թե ում շահերից է դա բխում, դժվար չէ կռահել:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ կառավարությունը որոշում ընդունեց, համաձայն որի՝ Երեւանի Սարյան եւ Պարոնյան փողոցների միջնամասում գտնվող որոշ տարածքների նկատմամբ տրվել է հանրային գերակա շահ ճանաչելու եւ պետության սեփականությունը հանդիսացող հողամասը (13200.54 քմ) ուղղակի վաճառքի ձեւով օտարելու համաձայնություն: Նշված տարածքում «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացվել է Համաշխարհային առեւտրի կենտրոն կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագիր։ Իսկ առաջարկվող հողամասը, ըստ Երեւանի գլխավոր հատակագծի եւ Երեւանի կենտրոնի գոտիավորման նախագծի, գտնվում է Կոնդ պատմական թաղամասի տարածքում: Բացի այդ, օտարվող հողակտորն անմիջապես հարում է Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցուն եւ գտնվում է դրա պահպանական գոտում:

Ինչպես է ստացվում, որ, մի կողմից, քաղշինկոմիտեն միջազգային մրցույթ է հայտարարում Կոնդի վերակառուցման համար, մյուս կողմից՝ կառավարությունն այդ տարածքները գերակա շահ է ճանաչում։ «Ժյուրիի աշխատանքի ժամանակ այդ հարցերը բարձրացվել են, եւ դրանք իսկապես մտահոգող խնդիրներ են, երբ շահերը շատ ժամանակ չեն համընկնում: Իհարկե, բոլորիս անհանգստացնում է նման ռադիկալ ներխուժումը Կոնդ, ինչը շատ ափսոս է, որովհետեւ մնացել է մի փոքրիկ տարածք, որտեղ պատմական շերտ կա: Մինչդեռ Երեւանում արդեն քառորդ դար բիզնես ծրագիր է գործում, որը վերացրեց Երեւանի բոլոր պատմական հատվածները` կեղծ պատմություն ստեղծելու մղումով, որովհետեւ ավելի լավ է հինը քանդվի, նորը կառուցվի, ինչն ավելի ազնիվ է, քան մարդկանց ցույց տաս, թե այսպես ավելի լավ է լինելու. ճոխացրած հինը` նման պատմական հենք ունեցող մեր երկրին ու մշակույթին վայել չէ, եւ ուշադրությունը պետք է մեծացնել պահպանության վրա»,- ասում է զրուցակիցս:

Հետաքրքրական է, որ, համաձայն կանոնների, առաջին մրցանակ շահած աշխատանքը ենթակա չէ պարտադիր իրականացման։ Սա ի՞նչ է նշանակում` մրցույթ հանուն ոչնչի՞։ «Սա էլ շատ խնդրահարույց թեզ է, եւ ինձ համար անհասկանալի է` նախապես հայտարարել, որ արդյունքը մեզ համար պետք է լինի ոչ կարեւոր, դա ինձ համար անհասկանալի մոտեցում է: Սովորաբար նման պրակտիկա կարող է լինել, եթե դա գաղափարների մրցույթ է, բայց տեսեք, այնուամենայնիվ, այն մեծ հետաքրքրություն առաջացրեց մարդկանց մոտ, որովհետեւ մասնակիցները շատ էին 1-ին փուլում, եւ մարդիկ փորձում են իրենց գաղափարները տեղ հասցնել, որպեսզի Կոնդը պահպանվի` ամեն մեկն իր ձեւով: Եթե մի գաղափար էլ ծնվի, դա արդեն մեծ կարեւորություն ունի, ուղղակի չպետք է հապճեպություն ցուցաբերվի, եւ բուլդոզերներն օր առաջ հայտնվեն Կոնդում։ Սա է խնդիրը: Այս մրցույթն էլ ցույց է տալիս, որ մենք շատ ասպեկտներով դեռ պատրաստ չենք նման՝ բավականին բարդ խնդիրների պատասխանելու, որովհետեւ սա նաեւ սոցիալական բարդ խնդիր է, քանի որ այնտեղ մարդիկ են ապրում: Սա նաեւ քաղաքաշինական ու մշակութաբանական լուրջ խնդիր է, որովհետեւ քաղաքաշինության մեջ խոր իմաստի փոխարեն ընտրում ենք մակերեսային լուծումները»:    

Հավելենք նաեւ, որ երկփուլ մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 45 մլն դրամ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image