Հոկտեմբերի 21-ին «Դուրս ՀԱՊԿ-ից․ համախմբում» նախաձեռնող խումբը դիմել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին` խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկով: Մասնավորապես պահանջում էին ՀԱՊԿ կառույցից Հայաստանի դուրս գալու «հանրային պահանջի» քննարկում կազմակերպել։ Դիմումը հասցեագրվել էր նաեւ ԱԺ արտաքին, պաշտպանության եւ անվտանգության, պետական-իրավական, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովների ղեկավարներին։ Երեկ տեղեկացանք, որ ԱԺ նախագահը մերժել է հակառուս գործիչներին: Պատասխան գրության մեջ ասվում է, որ ԱԺ նախագահը նպատակահարմար չի գտնում բարձրացված հարցի վերաբերյալ հրավիրել խորհրդարանական լսումներ։
Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամներն են իշխանության հովանու ներքո գործող գործիչները, այդ թվում՝ Արման Բաբաջանյանը, Լեւոն Շիրինյանը, Ազատ Արշակյանը, ՕԵԿ նախկին խոսնակ Էդգար Առաքելյանը, Գարեգին Միսկարյանը, Թեհմինե Ենոքյանը եւ այլք։ Շաբաթներ առաջ նախաձեռնությունը փակ հանդիպում էր ունեցել Անդրանիկ Քոչարյանի հետ, ով վստահեցրել էր, որ հարցին ընթացք կտան։ Ըստ ամենայնի, այն, որ Ռուսաստանում ծանր են տանում հակառուսականության աճը Հայաստանում եւ կասկածում են իշխանություններին` այդ տրամադրությունները հրահրելու հարցում, իր դերը խաղացել է, եւ ՌԴ-ից կարմիր քարտ ստանալով` ՀՀ իշխանությունները որոշել են սահմանափակել ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի դեմ ահագնացող ալիքը: Այս պահին հասկանալի չէ, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ Ռուսաստանին զայրացնելը, ուստի «շառից-փորձանքից հեռու» տարբերակն են ընտրել` առայժմ մերժելով այս լսումները, մինչեւ պարզ կդառնա, թե ինչ ճակատագիր է ունենում Ռուսաստանը, եւ ինչով է ավարտվում Արեւմուտք-Ռուսաստան առճակատումը: