«Փաշինյանը երեկվա հարցազրույցով նպատակ ուներ հասարակությանը նախապատրաստել ադրբեջանական բոլոր պահանջների կատարմանը»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Նեղվում ենք ու ծանր ենք տանում, երբ ինչ որ տեղ ինչ որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ որ մարդկանց գրգռում ենք»,- Հանրայինի եթերում հայտարարել է Փաշինյանը՝ գիտակցելով, որ այս հայտարարությունը առնվազն խորացնելու է իր նկատմամբ ատելությունը։
Արթուր Խաչատրյանը նկատում է՝ հարցազրույցի ընթացքում հնչած բոլոր թեզերը Բարքվի պահանջները կատարելու նախապատրաստական աշխատանքներ են։
«Դա վերաբերում է՝ թե՛ Արեւմտյան Հայաստանին, թե՛ Հայոց ցեղասպանությանը, թե՛ Արցախին, թե՛ պահանջների փոխադարձաբար հետ քաշմանը։ Նա հասարակությանը նախապատրաստում է, որ կատարելու է Ադրբեջանի բոլոր պահանջները։ Այս անգամ եղավ ավելի լակոնիկ, քան նախորդ անգամները, բայց ասելիքի նպատակը դարձյալ նույնն էր՝ ադրբեջանական պահանջները սեփական ժողովրդին պարտադրելը։ Փաշինյանը վերադառնում է 2018թ․ լոզունգներին, այն դեպքում, երբ ուներ 7 տարի՝ դրանք իրականացնելու համար։ Նա գնում է ընտրությունների, եւ սկսելու է պոպուլիստական քայլեր ձեռնարկել, թիմի ներսում ավտոնոմ օջախները մարել»,-նշեց նա։
Փաշինյանը հարցազրույցի ժամանակ մի խայտառակ խոստովանություն արեց՝ ԲԴԽ նախագահին խնդրել է հեռանալ։ ԲԴԽ-ն անկախ մարմին է, եւ չի ենթարկվում գործադիրի ղեկավարին, չի կառավարվում երկրի վարչապետի կողմից։ Սակայն Փաշինյանն իր այս հայտարարությամբ ուղիղ ասաց՝ ինքն է որոշում, թե դատարաններն ինչ վճիռներ պիտի կայացնեն։ Ակնարկեց, որ այս 7 տարիներին, եթե նախկին «թալանչիները» չեն դատվել, ինքը դրանում մեղավոր չէ, ուղղակի իր հրամանները չեն կատարել։
«Նա իր կողմից իրականացված առերեւույթ քրեական հանցագործությունը՝ դատարանները շրջափակելը, հիմնավորում, թե դատարանները ոչ ճիշտ որոշումներ են կայացնում եւ մարդիկ դա կապում են իր անվան հետ։ Հիմա նա նույնն է ասում՝ դատարաններում սխալ բաներ է տեղի ունենում, մարդկանց ո՞նց համոզի, որ կապ չունի։ Եթե դու խնդրում ես ԲԴԽ նախագահին հրաժարական տալ, նշանակում է՝ բռնաբարում ես սահմանադրական, գործադիր եւ օրենսդիր մարմինները»,-ասաց Խաչատրյանը։
Այնպես չէ, որ գնացածները անկաշկանդ էին, բայց նոր պաշտոն ստացածները որքանո՞վ կարող են անկաշկանդ աշխատել, գոնե օրենքը պահել այն դեպքում, երբ հեռացվածներին տուն ճամփելուց առաջ սպառնաց՝ «համբերության բաժակս լցվել է»։
«Չեն կարող, կարճ եւ կոնկրետ։ Փաշինյանը պարզ, կամայական որոշում է կայացրել՝ «կուզեմ կհանեմ, կուզեմ կնշանակեմ, բոլորդ առանց ինձ ընդամենը ուսապարկ եք։Ես չեմ հասկանում, թե նման մարդու հետ ինչպես են աշխատում»,-ասաց պատգամավորը։