Դաշնակցությունը որոշել է բարի կամք դրսեւորել՝ համաներում հայտարարել բոլոր այն նախկին դաշնակցականների նկատմամբ, ովքեր հեռացվել կամ հրաժարվել են ՀՅԴ շարքերից եւ շարքերից դուրս գտնված ժամանակ Դաշնակցության դեմ չեն գործել։ Համաներումը հայտարարվել է ՀՅԴ հիմնադրման 130-ամյակի կապակցությամբ։ ՀՅԴ բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սա աննախադեպ չէ ՀՅԴ պատմության մեջ, մի անգամ էլ ՀՅԴ հիմնադրման 100-ամյակի առթիվ են նման բարի քայլի դիմել, այսինքն՝ 30 տարի առաջ։ Ասել է թե՝ հայ քաղաքական դաշտի «հազարամյա» կուսակցությունը շատ դժվար է ներում իր շարքերից հեռացվածներին։
- Պարոն Համբարձումյան, ի՞նչ մեղք են գործել ձեր երբեմնի կուսակցականները, որ այսօր համաներման կարիք ունեն։
- Ինչպես ցանկացած կուսակցության պարագայում, Դաշնակցության պարագայում եւս համապատասխան ընթացակարգեր կան, որ տարբեր ժամանակներում տարբեր պատճառներով հեռացվածները կարող են դիմել կուսակցության շարքերին վերամիանալու խնդրանքով։ Մեր կանոնագրով նման դեպքերում անհրաժեշտ է, որ, այսպես ասած, ենթական համապատասխան զղջումնագիր ներկայացնի։ Այս նախաձեռնությունը ենթադրում է, որ ոչ թե զղջումնագիր պիտի ներկայացնեն, այլ ուղղակի պարզ դիմում ներկայացնի՝ շարքերին վերամիանալու համար։ Ընդամենը սա է։ Այսինքն՝ առանց այս նախաձեռնության էլ այդ հնարավորությունը մարդիկ ունեին։ Պարզապես սա մենք ենք նախաձեռնել եւ դիմում ներկայացնելու ընթացակարգ ենք նախատեսել, բայց դա ամենեւին չի նշանակում, որ դա տարածվելու է բոլորի վրա։ Կան հստակ չափորոշիչներ, սկզբունքներ, եւ այդ շրջանակներում է գործընթացը տեղի ունենալու։ Օրինակ՝ արտաքսվածների վրա դա չի ազդելու, նյութական զեղծարարության համար Դաշնակցությունից հեռացվածների վրա դա չի ազդելու կամ, օրինակ, այն մարդկանց, ովքեր որ հեռացվելուց կամ հրաժարումից հետո հակադաշնակցական ընթացքի մեջ են եղել կամ հրապարակավ հանդես են եկել կուսակցության քաղաքական դիրքորոշումների դեմ։
- Շա՞տ են այդպիսիք։
- Անկեղծ ասած՝ ես նման վիճակագրություն չեմ արել, դրա անհրաժեշտությունը չեմ տեսել։
- Իսկ այս հայտարարությունից հետո արդեն կա՞ն վերադարձի դիմումներ։
- Հայտարարությունը նոր է հրապարակվել, մինչեւ տարեվերջ ժամկետ է սահմանված։
- Ամենաթարմ ու ակնառու օրինակներից մեկն Աղվան Վարդանյանն է, որը հեռացվեց ՀՅԴ շարքերից Նիկոլ Փաշինյանի հետ կապված իր՝ ՀՅԴ-ի այդ պահին արտահայտած դիրքորոշումից տարբերվող դիրքորոշման պատճառով, երբ Դուք սատարում էիք Փաշինյանին, իսկ Վարդանյանը՝ ոչ, թեպետ հիմա թե՛ ինքը, թե՛ ՀՅԴ-ն նույն ընդդիմադիր գծի մեջ են՝ Փաշինյանի դեմ։ Հիմա դուք իրեն պատրա՞ստ եք ընդունել հետ։
- Առիթ ունեցել եմ ասելու, նորից եմ կրկնում՝ խնդիրը քաղաքական դիրքորոշման, քաղաքական կեցվածքի մեջ չի եղել։ Խնդիրը եղել է կուսակցության որոշումից շեղվելու մեջ։ Այսինքն՝ քաղաքական ենթատեքստ չկա էդտեղ, էդտեղ կա կանոնագրային ենթատեքստ։
- Հիմա ձեր կողմից առաջարկ եղե՞լ է Աղվան Վարդանյանին, կամ նրա կողմից ՀՅԴ վերադառնալու ցանկություն կա՞։
- Մենք որեւէ մեկին որեւէ առաջարկ անելու հարց չունենք, եթե կլինի համապատասխան դիմում, բնականաբար, կլինի նաեւ այդ դիմումի հետ կապված քննարկում։
- Պարոն Համբարձումյան, մի տեսակ բարձրագոչ չի՞ հնչում ձեր կողմից, որ քաղաքական կուսակցությունը համաներում է հայտարարում, որովհետեւ մի տեսակ կա՛մ ձեզ հանրապետության նախագահի տեղն եք դրել, ով ի պաշտոնե իրավունք ունի ներում շնորհել մարդկանց, կա՛մ էլ Տեր Աստծու։
- Պետք չէ էդ եզրաբանությունը փորձել էդ ձեւով մեկնաբանել կամ էդ տեսանկյունից նայել։ «Համաներում» բառը, վստահեցնում եմ, քրեադատավարական շրջանակներից դուրս նաեւ այլ կիրառություններ ունի։ Չեմ կարծում, որ էդ տեսանկյունից պիտի մոտենալ։ Բառին, այս իմաստով, պետք է մոտենալ պայմանական իմաստով։
Մենք խոսեցինք նաեւ Աղվան Վարդանյանի հետ, ով 28 տարի եղել է ՀՅԴ անդամ եւ կանգնած է ՀՅԴ հայաստանյան կառույցի ստեղծման ակունքներում։ Վերջինս, սակայն, ասաց, որ իրեն այս ընթացքում քանիցս առաջարկ եղել է՝ վերադառնալ ու համալրել հարազատ կուսակցության՝ ՀՅԴ-ի շարքերը, բայց ինքը դեռ չի մտածել այս ուղղությամբ։
- Պարո՛ն Վարդանյան, Դուք պատրա՞ստ եք համաներվելու։
- Ես դեռ չեմ մտածել, ես աններելի եմ։
- Այդ աստիճանի մեծ «մեղք» եք գործել, փաստորեն։
- Ես ասացի, որ աններելի եմ, էդքանը հերիք է։
- Ձեզ առաջարկ եղե՞լ է այս ընթացքում՝ վերադառնալ կուսակցություն։
- Ասացի՝ չեմ մտածել այդ ուղղությամբ, իսկապես չեմ մտածել։ Առաջարկներ շատ են եղել այս երկու տարվա ընթացքում, բայց ես դեռ առայժմ չեմ մտածել։
- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում համաներման այդ «ակցիային»։
- Դրական, նորմալ, մի անգամ էլ հարյուրամյակին է նման բան եղել։
- ՀՅԴ բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանն ասաց, որ Դուք առանձնապես աններելի մեղք չեք գործել, ընդամենը կուսակցական կանոնագրից եք շեղվել։
- Ամեն մարդ իր մեղքերը ինքը գիտի։