Քաղաքականություն

Փաշինյանի գրառումը Փաշինյանի գրառումն է, պաշտոնական հայտարարություն չկա․ Չուգասզյան

Փաշինյանի գրառումը Փաշինյանի գրառումն է, պաշտոնական հայտարարություն չկա․ Չուգասզյան

«Ազգային - Ժողովրդավարական բևեռ» քաղաքական շարժման նախաձեռնող խմբի և «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Գարեգին Չուգասզյանը հիմք չի ընդունում Նիկոլ Փաշինյանի գրառումը, որով հայտարարվեց հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացնելու մտադրության մասին։

«Ի՞նչ ընտրություն։ Պաշտոնապես հայտարարվել է, որ ընտրությո՞ւն է լինեու», - այսպես արձագանքեց Չուգասզյանն ի պատասխան «Հրապարակի» հարցին, թե պատրաստվում են նախատեսված արտահերթ ընտրություններին և ինչ քաղաքական ուժերի հետ են քննարկումների մեջ։

«Փաշինյանի գրառումը Փաշինյանի գրառումն է, պաշտոնական հայտարարություն չկա ընտրությունների վերաբերյալ», - ասաց քաղաքական գործիչը։

Հարցին՝ ո՞ր կուսակցություններ հետ են շփվում, օրինակ՝ «Հանուն Հանրապետության», «Հանրապետություն», «Ինքնիշխան Հայաստան», որ հիմնադրել է Դավիթ Սանասարյանը, «Սասնա ծռեր» կուսակցության անդամը պատասխանեց, որ տարբեր մարդկանց հետ հանդիպումներ են ունենում։ «Որպես քաղաքական շարժում բնականաբար տարբեր մարդկանց հետ հանդիպումներ ենք ունենում, քննարկումներ ենք ունենում, բայց դա ընտրություններից անկախ է», - ասաց նա։

Հարցին՝ «այս իրադրությունում ի՞նչ եք անում», Գարեգին Չուգասզյանը պատասխանեց․ «Համարյա ամեն շաբաթ երթեր, հանրահավաքներ են տեղի ունենում։ Գրասենյակներ են բացվում և այլն։ Այսինքն, մեր գործունեությունը կախված չէ այդ [ընտրությունների վերաբերյալ] հայտարարությունից։ Այդ հայտարարությունը, որ եղել է, մեզ համար եղած-չեղած մի հաշիվ է։ Դրանով երկրին որևէ կայունացում չի գալու։ Մենք մտածում ենք երկրի կայունացման մասին, իսկ դրա համար ծրագիր ունենք, որը հրապարակել ենք»։

«Այս իրավիճակում արտահերթ ընտրությունները կայունացում չեն տա։ Արտահերթ ընտրությունները կտան կայունացում, եթե անցկացման նախնական պայմաններն ապահովվեն։ Մենք այդպիսի նախնական պայմաններ չունենք․ ընտրությունները կարող են ավելի ապակայունացնել երկրի վիճակը»

Հարցին՝ որո՞նք են պայմանները, Չուգասզյանը պատասխանեց․ «Նախ պետք է սահմանադրական վիճակ լինի երկրում։ Համերաշխության մթնոլորտ պետք է լինի։ Որոշակի պայմանավորվածություններ պետք է լինեն, որ ստեղծվի ազգային համաձայնության կառավարություն, որը և կանցակցնի մի ընտրություն, որն ընդունելի կլինի հասարակության համար»։

«Հրապարակը» քաղաքական շարժման մամուլի խոսնակ Հերմինե Մկրտչյանից հետաքրքրվեց, թե քանի գրասենյակ ունեն Հանրապետությունում, որտեղ, և քանի անդամ ունեն։ «Գործընթացը դիմադրական պայքարի շրջանակներում շարունակվում է, առաջիկայում կներկայացնենք մանրամասներ», - ի պատասխան ասաց տիկին Մկրտչյանը:


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image