«Հայաստան» դաշինքի անդամ Ագնեսա Խամոյանն ակնհայտ է համարում, որ երկրում աճող հանցավորության ցուցանիշների եւ ամենաթողության ֆոնին, Նիկոլ Փաշինյանը նոր մեղավորներ է կարգում։
«Հերթական անգամ իրավիճակի համար սեփական պատասխանատվությունն ընդունելու փոխարեն, խասյաթի համաձայն, Նիկոլ Փաշինյանը խաղարկում է այդքան չարչրկված «խեղճ Նիկոլն ինչ անի, Քյարամյանն ու Ղազարյանն էին վատ աշխատում», ու եթե առաջ նախկիններն էին մեղավոր, ապա հիմա՝ սեփական թիմը։
Հիշեցնեմ` սա այն դեպքում, երբ հենց ինքն է հայտարարել, որ այս կառույցներում ամեն ինչ ինքն է որոշում, եւ ուրեմն սափրվել, հետո մատաղ անել Իջեւանում, երեկոյան էլ sms հաղորդագրությամբ ծանուցել ուժային իրավապահ կառույցի ղեկավարներին հրաժարականների մասին, ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի ոճի մեջ» ,- «Հրապարակ»- ին ասում է ընդդիմադիր պատգամավորը` անդրադառնալով Փաշինյանի կաբինետի աղմկահարույց պաշտոնանկություններին։
Հիշեցնենք, կառավարության վերջին նիստից հետո, երբ Փաշինյանը լուտանքներ թափեց դատաիրավական ոլորտի պատասխանատուների գլխին, դժգոհելով, թե «ճռիկ-վռիկ» անողները նույն կերպ շարունակում են, իսկ ինքը «քյասիբի ռադիո» է, միանգամից պաշտոններին հրաժեշտ տվին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը , ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:
Արդյո՞ք գիշերային հեռացումները տեղավորվում են հնարավոր նախընտրական մեկնարկի ու արտահերթ ընտրությունների նախապատրաստության սցենարում, որը վերլուծաբանները չեն բացառում։ Նիկոլ Փաշինյանի քայլերի հաջորդականությունը կանխատեսելը, ըստ Խամոյանի, անշնորհակալ զբաղմունք է, բայց նրա խոսքով, չպետք է թույլ տալ շարունակ մոլորեցնել հանրությանը։
«Շարունակելու ենք մանրակրկիտ բոլոր ոլորտներով անվտանգությունից սկսած ավարտած տնտեսությունով բացատրել իրավիճակը եւ այս պայմաններում այս իշխանությունների մնալու հետեւանքները» ,- եզրափակում է Խամոյանը։