Երեկ երեւանյան հյուրանոցներից մեկում տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը։ Այն վարում էր արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը։ Լրատվամիջոցները հրավիրված չէին, ուղիղ հեռարձակում էին ապահովել, որ լսենք, թե ինչ են խոսում, բայց հարցեր տալու հնարավորություն չունենանք։ Հանձնաժողովի նախորդ նիստը տեղի էր ունեցել մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 17-ին։ Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումներն իրականացնում է իշխանամերձ «մեծն սահմանադրագետների» մի խումբ` Դանիել Իոաննիսյան, Արթուր Սաքունց, Տիգրան Եգորյան, Էդմոն Մարուքյան։ Թերեւս միայն Վահագն Հովակիմյանը եւ Ստյոպա Սաֆարյանն են պակասում, որ «սահմանադրական» պատկերն ամբողջացնեին։
Նիստի մեկնարկին Գրիգոր Մինասյանն ասաց, որ օրակարգը բաղկացած է 2 հարցից, առաջինը, որը ներկայացնելու է հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը, վերաբերում է «ՀՀ նախագահը՝ խորհրդարանական կառավարման հանրապետության գլուխ» վերտառությամբ հատվածի քննարկմանը, երկրորդ հարցը՝ «Միայն ՀՀ քաղաքացիություն ունենալու եւ առնվազն 4 կամ 6 տարի ՀՀ-ում մշտապես բնակվելու պահանջի վերացման առաջարկին»։ Մինչ Հակոբյանը կներկայացներ առաջին հարցը, Դանիել Իոաննիսյանն ընդհատեց՝ հարցնելով, որ եթե իրենք հիմա խոսում են խորհրդարանական կառավարման երկրում ՀՀ նախագահի լիազորությունների մասին, արդյոք դա արդեն նշանակո՞ւմ է, որ իրենք առանց քննարկման ու քվեարկության որոշել են, որ խորհրդարանական կառավարման մոդելն են ընտրում։
«Կա հարցերի քննարկման տրամաբանական հերթականություն, հիմա մենք ո՞նց քննարկենք, թե նախագահը, օրինակ, Սահմանադրական դատարանի ձեւավորմանն ինչպիսի մասնակցություն է ունենում, եթե մենք չենք քննարկել՝ Սահմանադրական դատարան լինելո՞ւ է, թե՞ չի լինելու»,- նկատեց Իոաննիսյանը։ Գրիգոր Մինասյանն արձագանքեց, թե «էդ դեպքում ինքը շրջան ա՝ ուղիղ գիծ չի»։ «Այսինքն՝անընդհատ, երբ որ քննարկենք, Սահմանադրական դատարանն էլ, ուրեմն, չենք կարա քննարկենք, որովհետեւ պետք ա քննարկենք՝ պետությունը նախագահակա՞ն ա, թե՞ պառլամենտական ա։ Եթե էդ էլ քննարկենք, կասենք՝ ունենա՞նք պետություն, թե՞ չունենանք։ Այսինքն՝ անընդհատ կարելի ա հետ գնալ։ Ինչ-որ մի տեղից պետք ա սկսել, էլի»,- բացատրեց Մինասյանը՝ ակամայից ակնարկելով իրենց իշխանության կողմից օրհասական դարձած հարցի մասին՝ կունենա՞նք, թե՞ չենք ունենա պետություն։ Դանիելը նորից ասաց, որ իրենք ունեին համաձայնություն, որ պետք է քննարկեն կառավարման մոդելը, թեեւ ինքը՝ անձամբ, խորհրդարանական մոդելի կողմնակից է։ Հետո իր կարգավիճակից զարմացած՝ ասաց․ «Ներեցեք, ես ինձ համարում եմ ոչ էդքան անլուրջ մարդ, որպեսզի քննարկեմ, թե խորհրդարանական կառավարման մոդելի նրբություններն ինչպիսին են, եթե չենք որոշել, որ խորհրդարանական կառավարման մոդել է։ Կամ՝ էն բոլոր դետալները, որոնք որ այստեղ ներկայացված են, ընդհուպ մինչեւ Բյուրականի աստղադիտարան, հիմա Բյուրականի աստղադիտարանը որոշում ենք, որ սահմանադրական մարմի՞ն ա լինելու»։
Իրականում, ոչ թե Դանիել Իոաննիսյանն է անլուրջ մարդ, այլ նրան Սահմանադրություն գրելու իրավունք ընձեռած իշխանությունները, որոնք այսքան անլրջացրել են սահմանադրական բարեփոխումների հարցն ու այսպիսի հանձնաժողով ձեւավորել: Նրանք էլ լուրջ դեմքով հավաքվել են, որ որոշեն ՀՀ նախագահի լիազորությունների հարցը՝ առանց հստակեցնելու, թե այդ ՀՀ նախագահը նախագահակա՞ն երկրի նախագահ է, թե՞ խորհրդարանական։ Այս երկխոսությանն էլ կողքից մի անհայտ դեմք` հանձնաժողովական, արձագանքեց, թե ինքը համաձայն է Իոաննիսյանի հետ՝ նկատելով, որ իրենք չեն կարող որոշել, թե կառավարման որ մոդելով պետք է գնա պետությունը՝ դա միայն ժողովրդի որոշելու խնդիրն է։ Բայց ժողովրդի կարծիքը դեռ ոչ ոք չի հարցրել։
Իր «հեղինակավոր» կարծիքը փորձեց հայտնեց նաեւ նախկինների ժամանակվա իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Երկար-բարակ ինչ-որ տեքստ ասաց, որը գուցե կարծիքի կամ դիրքորոշման էր նման, բայց որից չհասկացվեց, թե ինչ է ուզում ասել։ Հասկացանք միայն, որ ասում է` արժե, ամեն դեպքում, քննարկել օրակարգում ներառված հարցը։
Արտահայտվեց նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով ասաց՝ հասկանում է Դանիել Իոաննիսյանի մտահոգությունները, բայց կարծում է, որ պետք է, ամեն դեպքում, այս հարցերը քննարկել, հատկապես, որ հանձնաժողովն արդեն ներկայացրել է որոշակի բովանդակությամբ փաստաթուղթ։ «Պարոն Իոաննիսյանի հետ համաձայն էր» նաեւ քննարկմանը դեմքի խիստ մտահոգ արտահայտությամբ հետեւող Տիգրան Եգորյանը՝ ՀՀՇ-ի տարիների հայտնի քաղաքական գործիչ Էդվարդ Եգորյանի որդին: Նրա կարծիքով՝ Գրիգոր Մինասյանի բարձրացրած մտահոգությունը պայմանավորված է նրանով, որ «այ, էս մեր ժողովը, որպես էդպիսին, լիարժեք կայացած չէ»։ Դրա համար Եգորյանը կարծում է, որ իրենք դեռ պետք է մի քիչ ձեռնպահ մնան այսպիսի քվեարկություններից, պետք է մի քիչ խորանան քննարկումների մեջ, փորձեն քննարկումների պրոցեսը խորացնել եւ այդ կարողությունը մեծացնել, հակառակ դեպքում, ըստ Եգորյանի, չեն հասնի ցանկալի մակարդակին։
Գրիգոր Մինասյանն առաջարկեց նիստի օրակարգը քվեարկել եւ նիստը սկսել, իսկ մյուս նիստին քննարկել արդեն պետության կառավարման ձեւի հարցը։ Այսինքն՝ սկսել մեջտեղից: Թեեւ դա նշանակում է՝ քննարկել մի բան, որը վաղը կարող է չընդունվել, եւ իրենց այսօրվա քննարկումը կարող է դառնալ լրիվ անիմաստ։
Մի բան պարզ է` իրենց իրավաբան ու սահմանադրագետ հռչակածների այս խումբն ասում-խոսում-շփվում է եւ անունը դնում է սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներ, սակայն դրանցում տրամաբանություն, իմաստ, երկրի համար որեւէ արդյունավետություն փնտրելն անօգուտ է: Այս իշխանությունն ինչպես 4 տարի անլրջությամբ ու ինքնահոսով կառավարել է երկիրը, նույն անլրջությամբ ու անպատասխանատու վերաբերմունքով էլ ուզում է փոխել մեր մայր օրենքը։