Մշակույթ

Բյուրոկրատական կառուցվածք, սահմանափակ ինքնավարություն, լիցենզավորման խիստ պահանջներ

Բյուրոկրատական կառուցվածք, սահմանափակ ինքնավարություն, լիցենզավորման խիստ պահանջներ

Երկու շաբաթ շարունակ «Ի-դրաֆտում» հանրային քննարկման դրված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, չնայած իր շուրջ առկա դժգոհությունների ու դիմադրության մեծ ալիքին, 66/34 տոկոսային հարաբերակցությամբ դրական ձայներ է ստացել, մինչդեռ առաջին օրերին պատկերն այլ էր: Ըստ ամենայնի, վերջին օրերին գործարկվել է ձայների լցոնման ճանապարհը, ինչպես դա արվել է շատ նախագծերի դեպքում, որոնք հանրային մեծ հնչեղություն են ստացել։ Եվ պետք է ասել, որ հանրային քննարկումների եւ քվեարկությունների ոլորտում հիմնավորապես տեղ է գտել կեղծիքների մի կուռ համակարգ` իշխանական պրոյեկտների լեգիտիմությունն ապահովելու միտումով:

66 տոկոս դրական ձայներից ստացած տպավորությունը, սակայն, ի չիք է դառնում, երբ ծանոթանում ես ամփոփաթերթում տեղ գտած՝ օրենքի բացերը մատնանշող կարծիքներին։ Քաղաքագետների հայկական ասոցիացիան, օրինակ, օրենքի նախագծի շուրջ երեք տասնյակից ավելի դիտողություններ ու առաջարկություններ է արել։
Ըստ այդ դիտարկումների՝ նախագիծը պարունակում է բազմաթիվ խնդիրներ, հակասություններ։ Օրենքի նախագծում կիրառվում են բազմաթիվ հապավումներ, որոնք բացվածքով չեն ներկայացվել: Նախագծում տերմինների համապատասխանեցման, միանման դարձնելու, հստակեցման կարիք կա, միեւնույն հասկացությունը ներկայացվում է մի քանի տարբերակով: Առկա են բազմաթիվ ուղղագրական եւ քերականական սխալներ, որոնք հարիր չեն նման օրենքին (ի դեպ, 80 էջանոց օրենքի նախագծի վերաբերյալ օրեր առաջ էլ Ակադեմիան ներկայացրել էր 80 էջանոց դիտողություններ)։ 

Քաղաքագետների հայկական ասոցիացիայի գնահատմամբ՝ օրենքի սույն նախագիծը չի նախանշում ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման ռազմավարական ուղղությունները, չի կարող նպաստել կրթության եւ գիտության զարգացմանը, քանի որ նախագծի մշակման մեջ ընդգրկված չի եղել կրթության եւ գիտության ոլորտի ներկայացուցիչների լայն շրջանակ, ինչը, բնականաբար, չէր կարող ապահովել համակողմանի վերլուծված եւ ընդգրկուն օրենքի նախագծի առկայություն, որը կհամապատասխաներ առկա իրավիճակին եւ զարգացման հեռանկարներին։

«Մասնավորապես, հարկ է առանձնացնել հետեւյալ դրույթները.
1. Չափազանց բյուրոկրատական կառուցվածք։ Օրինագիծը ստեղծում է խիստ եւ բարդ կառավարման համակարգ բուհերի եւ գիտական կազմակերպությունների համար։ Այս չափից ավելի բյուրոկրատիան կարող է խոչընդոտել ճկունությունը եւ նորարարությունը, ինչը դժվարացնում է կազմակերպություններին՝ հարմարվել փոփոխվող կրթական միջավայրին։
2. Սահմանափակ ինքնավարություն։ Չնայած օրինագիծը նշում է բուհերի ինքնավարության մասին, միաժամանակ պարտադրում է պետական մեծ վերահսկողություն։ Այս հակասությունը թուլացնում է ակադեմիական ազատությունը եւ ինքնակառավարումը՝ կրթական հաստատությունները դարձնելով ավելի կախյալ պետական հրահանգներից։
3. Սահմանափակող լիցենզավորման պահանջներ։ Օրինագիծը սահմանում է չափազանց խիստ եւ այլ օրենքների հետ հակասություններ ունեցող պահանջներ՝ կրթական հաստատություններին լիցենզիա ստանալու եւ այն պահպանելու համար, օրինակ՝ առնվազն 4 հազար ուսանողների առկայությունը։ Սա ստեղծում է անիրատեսական լիցենզավորման պահանջներ փոքր ու, միաժամանակ, նեղ մասնագիտացված բուհերի համար՝ խախտելով հավասարության սկզբունքը։
4. Ավանդական կրթական մոտեցում։ Օրինագիծը բավարար ուշադրություն չի դարձնում կրթության թվայնացման, ժամանակակից տեխնոլոգիաների եւ հեռավար ուսուցման մեթոդների վրա։ Սա կարող է դանդաղեցնել բարձրագույն կրթության զարգացումը Հայաստանում՝ հատկապես ժամանակակից կրթության գլոբալ միտումների պայմաններում։
5. Հավասար պայմանների բացակայություն: Սույն նախագծով անհավասար պայմաններ են ստեղծվում բուհերի եւ համալսարանների միջեւ: Բոլոր դրույթներում նախապատվությունը տրվում է համալսարաններին՝ խախտելով հավասարության սկզբունքը:

Այսպիսով՝ սույն օրինագիծը ներկայացնում է խիստ կենտրոնացված եւ սահմանափակող համակարգ՝ բարձրագույն կրթության եւ գիտության հաստատությունների համար: Օրինագծի չափազանց բյուրոկրատիան, չափից ավելի մեծ վերահսկողությունը եւ խիստ լիցենզավորման պահանջները կարող են խոչընդոտել նորարարությանը եւ ինստիտուցիոնալ անկախությանը: Հետեւաբար, սույն օրենքի նախագիծը հիմնովին վերանայելու եւ խմբագրելու անհրաժեշտություն կա»,- նշված է ասոցիացիայի ամփոփիչ խոսքում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image