Տնտեսություն

«Հրապարակ». 50 մլն եվրոն Ռուսաստան արտահանվող ապրանքների 5 տոկոսն է փոխհատուցում

«Հրապարակ». 50 մլն եվրոն Ռուսաստան արտահանվող ապրանքների 5 տոկոսն է փոխհատուցում

Կանխազգալով սեփական վարկանիշի աղետալի անկումը՝ հայկական բերքուբարիքի մուտքը ՌԴ արգելելու հետ կապված, Փաշինյանն աջ ու ձախ խոստումներ է շռայլում: Վարդն ու բանջարեղենը, ըստ նրա, արդեն ուղարկվում են այլ երկրներ, իսկ պղպեղի ու փչացած ապրանքի փողն ինքն է տալու: «Բիբար է փչանում, էդ բիբարի փողը կտամ ես, վարդն է փչանում` փողը ես կտամ, բիբարին ես տեր կկանգնեմ, դուք խաղաղությանը տեր կանգնեք»,- նախընտրական ելույթներ է ունենում նա` բաց տեքստով ընտրակաշառք առաջարկելով, ինչն այս փուլում թեկնածուի կողմից քրեորեն պատժելի արարք կատարել է նշանակում։
Փաստորեն, Փաշինյանի համար խաղաղությունը «բիբարին» համարժեք մի բան է:

Երեկ էլ՝ կառավարության նիստի ժամանակ «փող տալու» առաջին ակցիան կազմակերպվեց՝ որոշում ընդունվեց պտուղ-բանջարեղեն ու ծաղիկ արտահանողներին փոխհատուցում տրամադրել՝ այլ երկրների շուկաներում մրցունակություն ապահովելու նպատակով։ Ըստ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի, սահմանաչափերը հետեւյալն են. ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 770 դրամ փոխհատուցում կվճարի պետությունը, լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 275, պղպեղի համար՝ 400, ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար՝ 37 դրամ: Առայժմ աջակցությունը տրամադրվելու է 1 ամիս: Հայտարարվում է, որ հետագայում գուցե երկարացվի: Բայց պարզ է, որ ընտրություններից 2 օր առաջ փորձում են իրավիճակը շտկել:

Ծրագիրը տարածվում է միայն նրանց վրա, ովքեր 2026 թ. հունիսի 1-ից մինչեւ հուլիսի 1-ն արտադրանք են արտահանել ՀՀ տարածքից: Փոխհատուցում ստանալու համար տնտեսվարողները պետք է դիմեն էկոնոմիկայի նախարարություն, ներկայացնեն հայտարարագրերն ու հաշիվ-ապրանքագրերը: Կառավարությունը հաշվել է, որ այսկերպ հունիսի ընթացքում կարտահանվեն ավելի քան 4 հազար 250 տոննա բանջարեղեն եւ ելակ, ինչպես նաեւ՝ շուրջ 10 մլն հատ ծաղիկ: Ընդ որում, բավականին հեռավոր գյուղատնտեսական երկրներ, օրինակ` Մեծ Բրիտանիա, Կանադա, ԵՄ երկրներ:

Որքանո՞վ է իրատեսական այս ծրագիրը, կարո՞ղ են արդյոք այսկերպ փրկել օր-օրի սնանկացող արտահանողին: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը սառը ջուր է լցնում կառավարության գլխին: «Հրապարակի» հետ զրույցում նա վստահեցնում է, որ նման արտահանում տեղի չի ունենա, եւ խոստանում է. «Եթե մեկը կարողանա 10 կիլոգրամ սոխ տանել, վաճառել Եվրոպայում, ես նրան պրեմիա կտամ»: Ինչո՞ւ: «Բացատրում եմ. արտահանման աջակցությունը տրվում է, երբ որ ապրանքը հատում է երկրի մաքսային սահմանը եւ ներկայացվում է վճարող մարմնին, տվյալ դեպքում՝ ֆինանսների նախարարությանը, որ այդ արտահանումը տեղի է ունեցել: Ես ծաղիկ կամ բանջարեղեն, կամ մրգեղեն արտահանելու այլ երկիր Ռուսաստանից բացի չեմ տեսնում, որովհետեւ մեր բոլոր 4 հարեւանները, որպես կանոն, մասնագիտացված են նման արտահանումների մեջ: Ռուսաստանին փոխարինող միակ շուկան Եվրոպական Միության շուկան է, որտեղ մեզ չեն թողնի, քանի որ այդ ապրանքները ֆիտոսանիտարական վերահսկողություն չեն անցել: Հետեւաբար, այդ փոխհատուցումները չեն լինելու` այն պարզ պատճառով, որ արտահանման փաստերը, այդ իրադարձությունները չեն լինելու: Եվ, ուրեմն, դա պրոպագանդիստական տրյուկ է` ընտրություններից երկու օր առաջ: Այսինքն՝ որպեսզի ես ելակի արտահանումը փոխհատուցեմ, այդ ելակը պետք է դուրս գա սահմանից, բայց որպեսզի ելակը սահմանից դուրս գա, պետք է այն գնալու տեղ ունենա: Գնալու տեղ չկա: Այնպես որ, հանգիստ կարող են այդ սուբսիդիաները, պետական «պրեմիաները» նախատեսել, որովհետեւ, միեւնույն է, ոչ ոք ոչինչ չի արտահանելու»:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարության կապակցությամբ, որ ԵՄ-ն Հայաստանին 50 մլն եվրո աջակցություն է տրամադրում՝ գյուղմթերքի հետ կապված խնդիրը լուծելու համար, նախկին վարչապետն ասում է. «Այդ 50 մլն եվրոն Ռուսաստան արտահանվող ծաղիկների, ելակի, բանջարեղենի 5 տոկոսը չի կազմում: Ռուսաստան են գնում 1 միլիարդի ծաղիկ ու բանջարեղեն: Հետեւապես, սա կինո է, եւ այս կինոն հենց հիմա ցույց են տալիս, որ ընտրություններից առաջ հասցնեն փրկել իշխանությանը: Չէ՞ որ մարդկանց 90 տոկոսը հասկանում է, որ այդ ամենի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Եվ հիմա փորձում են ինչ-որ փշրանքներ փրկել, որ Փաշինյանը որոշ քվեներ ստանա»:

Բագրատյանը հիշեցնում է նաեւ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունն այն մասին, որ չեն ֆինանսավորի Հայաստանին, որը պատրաստվում է Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմել: «Նա ճիշտ է ասում` մենք չենք գնում Եվրամիություն, մենք ստորագրում ենք, որ գնում ենք միանալու Ուկրաինային, որ պատերազմենք Ռուսաստանի դեմ, քանի որ դա Եվրամիության պահանջն է: Ինչպես հայտնի է, Եվրոպան պատերազմ է ուզում հայտարարել Ռուսաստանին` 2029-2030 թվերին: Իրենք ասում են, որ իբրեւ թե Ռուսաստանն է հարձակվում իրենց վրա»,- ասում է Հրանտ Բագրատյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image