Մեր տեղեկություններով, ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային բարեփոխումների փաթեթ է պատրաստվում, որի արդյունքում մի շարք վարչություններ են միավորվելու։
ԿԳՄՍ նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը՝ մասնավորապես նշելով, որ իրականում նախարարի կողմից կառուցվածքային փոփոխության առաջարկություն է արվել, որպեսզի բարեփոխումներ կատարվեն։
«Հանձնարարական է տրվել, սակայն հաստատված, վերջական տարբերակ կամ նախագիծ դեռեւս չկա, այդ բոլոր աշխատանքները դեռ քննարկման փուլում են։ Նախ՝ առաջարկություններ պետք է ներկայացվեն, հետո՝ դրանք քննարկվեն, վերլուծվեն, ապա արդյունքների հիման վրա կառաջարկվի նոր կառուցվածք։ Այդ բոլոր հիմնավորումները պետք է լինեն, թե որ վարչությունները պետք է միանան իրար կամ առանձնանան։ Այս պահի դրությամբ դեռ ոչ մի բան պարզ չէ։ Ուղղակի, որպես բարեփոխում, առաջարկվել է կարծիքներ տալ ու առաջարկություններ անել, բայց դեռ ոչ մի առաջարկ չկա, ըստ այդմ՝ գաղափար չունեմ, թե որ վարչությունը որին պետք է միավորվի։ Հիմա 3 նախարարություն միասին աշխատում է, եւ այդ միասնական մոդելով ուզում են որոշել մեկ ընդհանուր սխեմա, որն ավելի արդյունավետ կլինի աշխատանքային գործունեության տեսանկյունից»,- փոխանցեց Ռ․ Գրիգորյանն ու հավելեց, որ այդպիսի փոփոխություններ միշտ էլ արվել են նախարարությունում՝ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով։
«Այս պահին միակ պարզ բանն այն է, որ հանրային քննարկման է դրվել մեկ այլ նախագիծ, որով մեր բարձրագույն կրթության վարչությունը պետք է ԲՈԿ-ի հետ միասին միավորվի Գիտության կոմիտեին, բայց դա էլ դեռ հանրային քննարկման է դրվել, կընդունվի, թե ոչ՝ կտեսնենք»,- հավելեց Գրիգորյանը։