Հասարակություն

Քաղաքապետարանի նոր որոշումը ավելացրել է խցանումները

Քաղաքապետարանի նոր որոշումը ավելացրել է խցանումները

Մայրաքաղաք Երևանում երթևեկությունն օր օրի դառնում է ավելի ծանրաբեռնված, մի կետից մեկ այլ կետ հասնելու համար մարդիկ ավելի շատ ժամանակ են ծախսում: Խցանումների հարցը լուծելու փոխարեն, դրանք շատանում են եւ այդ ուղղությամբ որևէ կառույց քայլեր չի ձեռնարկում, դեռ մի բան էլ հակառակը` ընդունվում են որոշումներ, որոնք մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը կաթվածահար են անում: 

Վերջին 10 օրերի ընթացքում Մյասնիկյան պողոտան ամբողջությամբ խցանված է՝ գրեթե բոլոր ժամերին եւ բոլոր օրերին: «Ջրաշխարհից» սկսած մինչև Հերացու փողոցի վերջ երթևեկությունը բառի ամենաուղիղ իմաստով կաթվածահար է: Պարզվում է՝ պատճառը Հերացի փողոցի նոր գծանշումներն են, որոնք իբրև թե նախատեսված են երթուղային տրանսպորտի համար: Հերացի փողոցում վերջին տասն օրերին` Հայ ամերիկան առողջության կենտրոնի հարևանությամբ երթուղայինների համար հատուկ սպիտակ գծանշումներ են արվել, որոնք նախատեսված են բացառապես երթուղային տրանսպորտի կանգնելու համար, այդ գծերը հատող տաքսիների եւ այլ մեքենաների վարորդները տուգանվում են: 

Ստացվում է, որ Հերացի փողոցի Մյասնիկյանից իջնող հատվածը գրեթե կիսով չափ նեղացել է և ավտոմեքենաներին շարժվելու տեղ չի մնացել, դրանից էլ շարունակական խցանումներ են: Երեւանում տաքսի վարող մի շարք վարորդներ դիմել են մեզ՝ խնդրելով այդ հարցով հետաքրքրվել։ Նրանք հիշեցնում են, որ Երևանի քաղաքապետարանը` նորաթուխ քաղաքապետի գլխավորությամբ, ընդամենը երկու ամիս առաջ խոստումներ էր տալիս, որ կկարգավորեն Երեւանի տրանսպորտը, մինչդեռ հակառակն են անում՝ դժվարություններ ստեղծելով եւ ուղեւորների, եւ վարորդների համար: Վարորդները նշում են, որ Հերացի փողոցի այդ հատվածում երբևէ նման գծանշումներ չեն եղել և դրանից երթուղայինների աշխատանքը չի խաթարվել: 

«Հրապարակը» դիմեց Երևանի քաղաքապետարան` խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով: Քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ ասաց, որ ինքը ևս ամեն օր ականատես է լինում խցանումների, սակայն այն, ինչ արվում է, արվում է հօգուտ երևանցիների. «Գծանշումները նրա համար են, որ այդ հատվածով երթևեկող երթուղայինն անարգելք անցնի ճանապարհը: Բնականաբար դա որոշակի դժվարություններ է առաջացնում մնացած վարորդների համար, բայց պայմանական օրինակի համար ասեմ, որ եթե մարդատար մեքենայի մեջ մեկ հոգի է խցանման մեջ մնում, հասարակական տրանսպորտի դեպքում` 50- 60 հոգի: Այդ գծերն արվել են այն նպատակով, որ ժամանակի ընթացքում մարդը որոշի՝ իրեն ավելի հարմար է իր անձնական մեքենայո՞վ գնալ աշխատանքի, թե՞ հասարակական տրանսպորտով: Նպատակն այն է, որ հասարակական տրանսպորտով երթևեկելը դառնա ավելի նպատակահարմար: Խցանումների մասով լիովին հասկանում եմ: Երևանի փողոցների գերծանրաբեռնվածությունը պայմանավորված է նրանով, որ կան ահռելի ավտոմեքենաներ: Մայրաքաղաքը բեռնաթափելու ծրագրերից մեկը մեքենաների սահմանափակման արգելք դնելն է: Ժամանակի ընթացքում էականորեն թեթևացում կնկատվի: Ժամանակատար պրոցես է, այդ նեղությունը բոլորս էլ կրում ենք», - եզրափակեց Կոստանյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image