Քաղաքականություն

«Հրապարակ». Ավելորդ գլուխ չգովեմ

«Հրապարակ». Ավելորդ գլուխ չգովեմ

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց, որ ինքն է Վաղարշապատ համայնքի ղեկավարի թեկնածուն` ՔՊ վարչության նիստի ժամանակ քննարկվել է նրան առաջադրելու հարցը։ Մեխակյանը նաեւ նշեց, որ տվել է իր համաձայնությունը։

Հիշեցնենք․ մենք գրել էինք, որ ՔՊ-ն մտադիր է արդեն իսկ խոշորացված Վաղարշապատը եւս մեկ անգամ խոշորացնել` միավորելով Խոյ համայնքի հետ, եւ այդպես գնալ ընտրությունների, որը կկայանա նոյեմբերի 16-ին։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում արդեն իսկ տեղադրվել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում է իրականացնել Վաղարշապատ եւ Խոյ համայնքների խոշորացում։

Նախագծով նախատեսվում է ձեւավորել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, որում ներառվելու են ներկայիս Վաղարշապատ եւ Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրով: Այսինքն՝ ընտրությունները կայանալու են երկու համայնքում, 19 բնակավայրում, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է մեկ համայնք: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նպատակն այն է, որ վերոնշյալ համայնքներում նշանակվի ավագանու ընտրություն: Իսկ նման միավորման իմաստն այն է, որ Էջմիածնում` Վաղարշապատում, ՔՊ-ն նորմալ թեկնածու չունի: Արգիշտի Մեխակյանը ժամանակին եղել է Խոյի համայնքապետ, ու ենթադրվում է, որ խոյեցիները նրան կընտրեն, եւ երկու համայնքներից ստացած ձայներով ՔՊ-ն կկարողանա իշխանություն վերցնել Արմավիրում: Ի դեպ, Խոյի եւ Էջմիածնի ընտրողների քանակը գրեթե հավասար է:
Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ Ջեբրայիլն ազատագրած Մեխակ Մեխակյանի որդուն՝ Արգիշտի Մեխակյանին, ՔՊ-ն համարում է լավագույն թեկնածու, քանզի հույս ունեն, որ նրա հոր հերոսական անցյալը եւս ձայն կբերի ՔՊ-ին: Թեեւ Ջեբրայիլը հանձնած իշխանություններին միանալու հանգամանքն Արգիշտի Մեխակյանի օգտին չի խոսում:
Մեզ պատմեցին, որ Փաշինյանին հավատացրել են, թե 3 տարի Խոյ համայնքը կառավարած Մեխակյանն իր ընտրողների շնորհիվ կկարողանա հաղթել Վաղարշապատի ընտրություններում։ Իր շանսերի մասին հարցին Մեխակյանը պատասխանեց. «Ավելորդ գլուխ գովալու պրոցեսի մեջ չմտնենք, բայց ես իմ շանսերը գնահատում եմ բավականին լավ։ Քարոզարշավի ամբողջ ընթացքում մեր բնակիչներին կոնկրետ բացատրելու եմ մեր տեսլականն ու զարգացման ծրագիրը»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image