Այլ

Հոգևոր մեծ տոն Արագածում

Հոգևոր մեծ տոն Արագածում

Այսօր՝ հոգևոր մեծ ուրախությամբ և օրհնությամբ, Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվեց եկեղեցու վերաօծման 12-րդ տարեդարձը։
Տոնական Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում առանձնահատուկ օրհնություն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում պահվող Հիսուս Քրիստոսի Սուրբ Խաչափայտի մասունքի ներկայությունը, որը Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ թեմում ձևավորված բարի ավանդույթի համաձայն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, կրկին բերվել էր Արագած՝ հավատացյալների երկրպագության և օրհնության համար:
Սուրբ Պատարագը մատուցեց Արագածի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը։
Սուրբ Պատարագին խոսված իր քարոզում, Տեր Հայրը խոսեց քրիստոնեական սիրո, միմյանց հանդեպ հոգատարության և Աստծուն հաճելի կյանքով ապրելու կարևորության մասին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հավատացյալ իր առօրյա կյանքով կոչված է վկայելու Քրիստոսի սերն ու Ավետարանի պատգամները։
Անդրադարձավ քրիստոնեական արժեքների պահպանմանը, հավատքի մեջ ամուր մնալուն և մեր սրբությունների հանդեպ ակնածանք ու նվիրում ունենալուն՝ որպես հայ քրիստոնյայի հոգևոր կյանքի անբաժանելի մաս։
Պատարագիչ հոգևորականը որդիական սիրով և երախտագիտությամբ իր շնորհակալությունը հայտնեց ազգիս շնորհազարդ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես նաև Արագածոտնի թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին:
Սուրբ Պատարագին ներկա և աղոթակից էին հոգևորականներ, եկեղեցու բարերարներ, բազմաթիվ ուխտավոր հայորդիներ և հավատացյալներ:
Պատարագի ավարտին կատարվեց Անդաստանի հանդիսավոր արարողություն՝ Սուրբ Խաչափայտի մասունքով օրհնվեց աշխարհի չորս կողմերը, աղոթք բարձրացվեց առ Աստված՝ եկեղեցու անսասանության, հայրենիքի խաղաղության, հայ ժողովրդի բարօրության և աշխարհի խաղաղության համար։
Օրվա տոնական խորհուրդն առավել ամբողջացրին Արագածի մշակույթի տան սաների գեղեցիկ մշակութային կատարումները, ավարտին հավատացյալներին մատուցվեց նաև սիրո ճաշ:

Լրահոս

Ամենաընթերցված

Լույս չի լինի հուլիսի 27-ին

Լույս չի լինի հուլիսի 27-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27-ին պլանայի...

×
Gallery Image