Քաղաքականություն

Թե ինչու հայ-թուրքական սահմանը չի բացվի

Թե ինչու հայ-թուրքական սահմանը չի բացվի

Մի ժամանակ Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ եթե Հայաստանը մի քիչ էլ սիրաշահի Թուրքիային, հետեւողականորեն կատարի Ադրբեջանի բոլոր պահանջները, որոնցից գլխավորը միջանցք տրամադրելն է Թուրքիային եւ Ադրբեջանին, դրանից հետո Թուրքիան մեծահոգություն կդրսեւորի եւ կբացի հայ-թուրքական սահմանը: Արարատ Միրզոյան անունով մեկը նույնիսկ շաբաթներն էր հաշվում, քանի որ իր վերադաս թուրք նախարարը նրան խոստացել էր շաբաթների ընթացքում բացել սահմանը: Նիկոլական իշխանությունն այնքան էր ոգեւորված այդ հեռանկարից, որ Թուրքիայից Հայաստան մտնող ճանապարհն էր ասֆալտապատում, սահմանին մաքսային եւ սահմանային հսկողության տերմինալ էր կառուցում Մարգարայում, որը վերածվել է նիկոլական իշխանության տհասության եւ տգիտության հուշարձանի:

Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում փաստաթուղթ ստորագրեց, որով համաձայնեց կատարել Ադրբեջանի այդ մի պահանջը եւս. միջանցք տրամադրել Ադրբեջանին եւ Թուրքիային, որով նրանք ցամաքային կապ են ունենալու իրար հետ: Այդ փաստաթղթի ստորագրումից անցել է 20 օրից ավելի, բայց Թուրքիան սահմանը ոչ միայն չի բացել, այլեւ դրա մասին այլեւս ոչ մեկը չի էլ խոսում: Հավանաբար, Հայաստանի իշխանության այնպիսի կարկառուն ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ռուբեն Ռուբինյանը կամ, ասենք, Վահան Կոստանյանը, ովքեր մասնագիտացած էին սահմանի բացման թեմայով հեքիաթներ պատմելու գործում, հասկացել են, որ դա նույնն է, որ Երեւանում այսօր տրամվայի սպասես:

Բայց սա չի նշանակում, որ Հայաստանը Թուրքիայի հետ կապ չի ունենալու`ավտոմոբիլային կամ երկաթուղային, ոչ` ունենալու է, ուղղակի ոչ թե Մարգարայով կամ Գյումրիով, այլ՝ Նախիջեւանով: Թուրքիան ասելու է՝ եթե դուք ուզում եք մեզ հետ երկաթուղային կապ ունենալ, ասենք` Երեւանից երկաթուղով կապվել Թուրքիայի հետ, ապա պետք է Երեւանից գնացքը գնա Արարատ, այնտեղից՝ Նախիջեւանի տարածք, իսկ այնտեղից՝ նոր Թուրքիա: Հայաստանի քաղաքացիները ոչ թե միանգամից պետք է հնարավորություն ունենան անցնել սահմանը եւ գնալ Թուրքիա, նույնը՝ Թուրքիայի քաղաքացիների կամ բեռների դեպքում, այլ՝ Նախիջեւանով:
Ինչո՞ւ է սա արվում, եւ ո՞րն է սրա նպատակը, բացի այն, որ Թուրքիան ստորացնում է Հայաստանին: Ինչպես գիտեք, Փաշինյանն ասում է, որ միջանցքը գործելու է տարածքային ամբողջականության, սուվերենության, ինքնիշխանության եւ փոխադարձության հիման վրա: Շատ ուշադիր եղեք հատկապես «փոխադարձություն» բառի հետ կապված: Ադրբեջանն ի՞նչ է պահանջում` որ Զանգեզուրի, դե հասկացաք` Թրամփի միջանցքի վրա չլինեն հայ սահմանապահներ եւ մաքսավորներ, որ ադրբեջանական բեռները կամ Ադրբեջանի քաղաքացիները չհանդիպեն հայ մաքսավորի եւ սահմանապահի՝ Թուրքիա գնալու կամ Թուրքիայից գալու դեպքում: Հիմա ի՞նչ փոխադարձության մասին կարող է խոսք լինել, ի՞նչ կարող է դրա դիմաց փոխադարձաբար առաջարկել Ադրբեջանը Հայաստանին: Ադրբեջանն էլ կարող է ասել, որ փոխադարձության սկզբունքով Հայաստանի այն քաղաքացիները կամ բեռները, որոնք ուզում են գնալ դեպի Թուրքիա, կարող են անխոչընդոտ անցնել Նախիջեւանով: Այսինքն՝ Ադրբեջանը կարող է թույլ տալ, որ Հայաստանից Թուրքիա գնացող մարդիկ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածով անցնեն առանց մաքսային կամ սահմանային հսկողության: Ամեն ինչ արդար է, չէ՞. մենք ձեր տարածքով ենք անցնում` առանց հսկողության, դուք` մեր:
Միակ հարցն այն է, որ այդ մարդիկ կամ բեռները, հասնելով ադրբեջանա-թուրքական սահման, միեւնույն է՝ մաքսային եւ սահմանային հսկողության են ենթարկվելու թուրք սահմանապահների եւ մաքսավորների կողմից: Բացի դա, որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի որեւէ քաղաքացի կփորձի Նախիջեւանով գնալ Թուրքիա, կամ ինչ-որ հայ գործարար կփորձի Նախիջեւանով ապրանք արտահանել Թուրքիա կամ ներմուծել: Եթե անգամ փորձեն էլ, դրանից Ադրբեջանը կամ Թուրքիան առանձնապես որեւէ վնաս չեն կրելու: Ադրբեջանը եւ Թուրքիան, ըստ էության, շարժվում են միասնական պետություն դառնալու ճանապարհով, եւ նրանց համար «սահման» հասկացությունը վերանում է: Որեւէ տարբերություն չի լինելու, թե ՀՀ քաղաքացիներին կամ Հայաստան եկող կամ Հայաստանից գնացող բեռները որ սահմանի վրա են ստուգվելու: Այնպես որ՝ փոխադարձության մասին հիշատակումները կարող են հենց սրան վերաբերել:
Հետեւաբար, անիմաստ է սպասել, որ Թուրքիան կբացի Մարգարայի կամ Գյումրու սահմանային անցակետերը եւ Հայաստանին թույլ կտա իբրեւ թե իր տարածքով կապվել եվրոպական շուկաների հետ, որտեղ Հայաստանն արտահանելու առանձնապես բան էլ չունի: Ընդհակառակը․ որքան հնարավոր է՝ ստորացնելու եւ նվաստացնելու է Հայաստանին, քանի դեռ Հայաստանում իշխանության են Նիկոլ Փաշինյանը եւ իր բանդեռլոգները:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image