Վերջերս Տավուշի մարզի Իջեւան համայնքի հանրակրթական դպրոցներից մեկում 4-րդ դասարանցի, 10 տարեկան տղա է ծեծի ենթարկվել։ Նրան վնասվածքներով տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն։ Մենք դեպքի առնչությամբ հարցում ենք արել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին։ Մարզպետի աշխատակազմից մեզ հայտնել են․ ««ՀՀ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի աշակերտների միջեւ տեղի ունեցած վիճաբանությունը եղել է դասերի ավարտից հետո՝ տուն գնալու ճանապարհին։ Դեպքից հետո միջադեպին մասնակից աշակերտների ծնողները հրավիրվել են դպրոց, որոնց հետ եւս տարվել է համապատասխան աշխատանք՝ միջադեպի պարզաբանման ուղղությամբ։ Դեռեւս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, տեղի ունեցած դեպքն առաջին օրվանից գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում»:
Իջեւանի թիվ 4 դպրոցի տնօրեն Արմեն Խոջայանը մեզ հայտնեց, որ դեպքը եղել է, երբ 3 տղաներով տուն գնալիս են եղել։ Նրանք նույն թաղից են։ Համադասարանցի տղաներից մեկը վիրավորական խոսք է ասել մյուսի հասցեին, նա էլ հարվածել է վիրավորողին։ Տեսնելով, որ իր հարվածից համադասարանցու շրթունքը պատռվել է, արյուն է հոսում, հարվածողը վնասվածք ստացած տղային ուղեկցել է հիվանդանոց։ Տնօրենն ասաց, որ միջադեպը քննարկվել է դպրոցում, իր կողմից հանձնարարականներ են տրվել, այդ թվում՝ ուսուցչի օգնականին։ Տնօրենի խոսքերով՝ դեպքը համացանցում ուռճացված է ներկայացվել՝ խմբակային ծեծ չի եղել, համադասարանցիներ, թաղեցի տղաների մեջ այժմ նորմալ հարաբերություններ են։ Նկատենք, որ բռնությունների դեպքերն ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ դեռահասների շրջանում խիստ աճել են։