Տավուշի մարզպետի աշխատակազմի ինտերնետային կայքի մասին երկու լուր կա. մեկը՝ լավ, մյուսը՝ վատ։ Լավն այն է, որ տեւական խափանումներից հետո մարզպետարանի պաշտոնական կայքը վերջապես գործում է։ Վատն այն է, որ այն վատ է աշխատում, այս դեպքում՝ ոչ տեխնիկական առումով։ Բացում եմ այդ կայքի «Տեղեկատվական կենտրոն» բաժնի «Նորություններ» խորագիրը։ Վերջին նորությունը, որ տեղադրվել է ավելի քան մեկ ամիս առաջ, թվագրված է հոկտեմբերի 17-ով։ Նյութի վերնագիրն է՝ «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել «ՀՀ Տավուշի մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի» նիստը»։
Գենդերային հարցերը սահմանամերձ, հոգսաշատ Տավուշի մարզի համար ամենակարեւորներից չեն, եթե չասենք` արհեստածին ու դրսից ներմուծված են, սակայն համարենք, որ նորություն է` արժանի հրապարակման։ Սակայն 4 խոշոր համայնք, 118 հազար բնակչություն ունեցող Տավուշի մարզում անցած ավելի քան մեկ ամսում մի՞թե նշանակալից որեւէ իրադարձություն տեղի չի ունեցել, որ մարզպետի աշխատակազմն այդ մասին ծանուցեր հանրությանը։ Մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները, բարձր աշխատավարձերից զատ, պետական մեծ պարտքի տակ կքած Հայաստանի պետական բյուջեից այս տարի ավելի քան 67,5 միլիոն դրամ պարգեւավճար են ստանալու, դրա մեծ մասն արդեն ստացել են, սակայն իրենց գործը վատ են անում, տավուշցիներին եւ այլոց չեն տեղեկացնում մարզի անցուդարձի, նորությունների մասին։