Այսօր հայկական մամուլի օրն է ավելի ստույգ՝ հայ տպագիր մամուլի օրը։ Այն ավելի քան 200 տարվա պատմություն ունի։ 1794թ. հոկտեմբերի 16-ին Մադրասում (Հնդկաստան) լույս է տեսել առաջին հայկական տպագիր ամսագիրը՝ «Ազդարարը»։
1794-1796 թվականներին ամսագրի հրատարակիչ եւ խմբագիր Հարություն Շմավոնյանը 18 համար է տպագրել: Այդ իրադարձության առիթով Հայաստանի կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ՝ հոկտեմբերի 16-ը դարձել է Հայ մամուլի աշխատակցի օր, իսկ հետագայում վերանվանվել է Հայ մամուլի օր:
Այսօր տպագիր մամուլին զուգահեռ գործում է նաև էլեկտրոնային մամուլը, որը շատ հարցերում առաջ է անցել տպագիր մամուլից՝ դառնալով ավելի պոպուլյար, ավելի հասանելի բոլորի համար։ Բայց տպագիր մամուլը, միևնույն է, շարունակում է պահպանել իր համն ու հոտը, իրական մամուլին հատուկ իր ոճն ու բույրը։ «Հրապարակը» իր էլեկտրոնային տարբերակին զուհագեռ՝ մինչ օրս շարունակում է պահպանվել նաև տպագիր տարբերակով, և շատերը նախընտրում են «Հրապարակ» կարդալ հենց տպագիր տարբերակով։
Այս տարիներին հայկական մամուլը բազում դժվարին ու մարտահրավերներով լի օրեր է անցկացրել, բարդ ժամանակներ է հաղթահարել։ Մամուլի ներկայացուցիչներն իրենց աշխատանքը մշտապես կատարել են ճնշումների ու սպառնալիքների ներքո։ Բայց հայկական մամուլի համար ամենաբարդը, թերևս, վերջին տարիներն են, երբ մամուլի աջակցությամբ իշխանության եկած մամուլի ներկայացուցիչներն իսկական արշավ ու պայքար սկսեցին մամուլի, լրագրողների, խոսքի ազատության դեմ։ Սրան վրա հասավ նաև չարաբաստիկ պատերազմը, որի մեղավորն ու պատասխանատուն դարձյալ մամուլից իշխանության եկածներն են, ու մամուլի ներկայացուցիչների համար մի նոր՝ ավելի բարդ շրջան սկսվեց։
Այսօր թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանության ներկայացուցիչները արդեն սկսել են շնորհավորել և օրվա ընթացքում դեռ կհասցնեն շնորհավորել Հայ մամուլի օրը՝ իրենց խոսքը ծաղկացնելով մամուլի ազատության և լրագրողների դերի մասին ճռճռան ու պաթոսախեղդ ձևակերպումներով։ Այս ամենը, սակայն, կշարունակվի դիտվել որպես շինծու և ձևական, քանի դեռ չկա այդ նույն անձանց՝ ընդդիմադիր ու իշխանական գործիչների, գործարարների, մտավորականների, պարզապես հասարակ ընթերցողների կողմից տարրական հարգանք մամուլի և նրա ներկայացուցիչների հանդեպ։ Հարցազրույց չտալը, լրագրողներին ու նրանց ներկայացրած լրատվամիջոցները թիրախավորելը, մերժելը, պիտակավորելը, ամեն մի փոքր հոդվածից խռովելն ու մեր նկատմամբ արշավ սկսելը, մամուլի դեմ դատական հայցեր ներկայացնելը որևէ կերպ չեն համատեղվում ձեր հերթապահ շնորհավորանքների և կեղծ բարեմաղթանքների հետ։ Շնորհավորելուց առաջ հարգեք մամուլի և լրագրողի աշխատանքը։ Այդպես ավելի ազնիվ կլինեք ինքներդ ձեր ու մեր՝ մամուլի ներկայացուցիչներիս հանդեպ, հատկապես, երբ նեղն եք ընկնում, հենց մեզ՝ մամուլին ու լրագրողներին եք հիշում։