Հասարակություն

Կենդանասերները գլուխները պատով են տալիս

Կենդանասերները գլուխները պատով են տալիս

Վերջերս գրել էինք, որ «Դոգմա» կենդանապաշտպան կազմակերպության անդամները մեկնել էին Սիսիան, այնտեղ գտել 3 հղի շուն, որոնց ականջներին «բիրկաներ» են եղել, իբր՝ ստերջացված են Սիսիանի համայնքապետարանի ծրագրով: «Դոգմա» կենդանապաշտպան կազմակերպության անդամ Գոհար Տեր-Անտոնյանը շներին տեղափոխել է Երեւան, ստերջացումը կազմակերպել։ Նա ասել է, որ դա համայնքապետարանի եւ ստերջացնող կազմակերպության հնարավոր կոռումպացված լինելու, փողերի լվացման մասին է վկայում։ 

Զրուցել ենք Սիսիանում շների ստերջացման գործընթացն իրականացրած «Վիկա Հակոբյան» ԱՁ ներկայացուցիչ, անասնաբույժ, Իջեւանի Լուսաձոր գյուղի բնակիչ Էդվարդ Նազարյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Քննչական կոմիտեի Սիսիանի քննչական բաժինը կենդանապաշտպան կազմակերպության ահազանգով, վերոհիշյալ դեպքի առթիվ քննություն է իրականացնում, ինքը ցուցմունք է տվել, եւ հայտարարեց․ «Ի՞նչ իմաստ կար՝ մեր խմբով Իջեւանից մեկնել Սիսիան, այնտեղ տեւական ժամանակ աշխատել, շներին վիրահատել, սակայն դրանց չստերջացնել»։

Նա պնդում է, որ ստերջացրել են շներին, իսկ հղիացած շներն իրենց հետ կապ չունեն, իրենց վիրահատած շների ականջների պիտակների եւ հղիացած շների ականջների պիտակների կոդերը տարբեր են։ Նազարյանը  կենդանասերների կողմից իրենց ներկայացված մեղադրանքներին կոպիտ է արձագանքում․ «Իրենք գլուխները պատովն են տալիս», եւ ասում է, որ իրենց կազմակերպության բարի համբավն արատավորելու համար իրավական գործընթաց են սկսում։ Պատմում է, որ ինքը շներին վիրահատում է՝ արուների ամորձիները, էգերի արգանդը հեռացնում, որ իրենց՝ «Վիկա Հակոբյան» ԱՁ-ի աշխատանքն ամբողջությամբ օրինական է՝ փաստաթղթավորված, կան շների   վիրահատությունների վերաբերյալ լուսանկարներ, այլ ապացույցներ։ Օրինակ, Սիսիանի բնակչուհիներից մեկը՝ Հասմիկը, խնդրել էր իր խնամակալության ներքո գտնվող 4 էգ եւ 1 արու շներին վիրահատել։ Ինքը հրահանգել է այդ շներին տեղավորել ավտոմեքենայի մեջ եւ տեղափոխել վիրահատության վայր։ Բայց Հասմիկն ասել է, որ իր կարի արտադրամասում հնարավոր է պայմաններ ստեղծել՝ շներին վիրահատելու համար, որտեղ էլ եւ կատարվել է վիրահատությունը։ Նազարյանն ասում է, որ Հասմիկի տված տեղեկանքն առկա է, որ գործընթացը ճիշտ է իրականացվել։ 

Էդվարդ Նազարյանը խիստ բացասական է վերաբերվում շնասերների գործունեությանը․ «Համացանցում հանգանակություն արեցին 2 շների Երեւան տեղափոխելու, ստերջացան համար։ Այդ նպատակով 25 հազար դրամ ծախսվեց տրանսպորտի համար, բա մնացած փողերն ինչպե՞ս ծախսվեցին․․․ 55 օրվա հղի շանը բերեցին Երեւան, վիրահատեցին։ Մինչդեռ այդ շունը 6 օրից պետք է ծներ։ Նման վիրահատությունն անթույլատրելի է»։ «Վիկա Հակոբյան» ԱՁ-ն, 4-5 այլ կազմակերպությունների հետ, համայնքապետարանների հայտարարած՝ շների ստերջացման 7 տենդեր է շահել, միայն Չարենցավան քաղաքում 200 շուն պետք է վիրահատեն, համայնքապետարանների ծախսը՝ ստերջացվող մեկ շան հաշվով, կազմում է 23-27 հազար դրամ։ Լուսաձորցի անասնաբույժը հերքում է կենդանասերների այն մեղադրանքները, թե իրենք վիրահատությունները ոչ ստերիլ պայմաններում են կատարում։ Ասում է՝ մի՞թե պատերազմի ժամանակ զինծառայողների վիրահատություններն իդեալական ստերիլ պայմաններում են արվում։ Եվ հավելում է, որ շներին ստերջացնում են, սակայն դա ամբողջությամբ չի լուծում թափառող, անտեր շների խնդիրը, սոված շները հարձակվում են մարդկանց վրա։ Նրա խոսքով՝ 2025թ․ մարտին Սիսիանում շները հարձակվել են 14 տարեկան երեխայի՝ Արցախում վառելիքի պահեստի պայթյունից զոհված ծնողների զավակի վրա, երեխայի կրծքավանդակի ձախ հատվածն ու ազդրը վնասել։ Սիսիանի 714 բնակիչ ստորագրահավաքի է մասնակցել այն բանից հետո, երբ շունը հարձակվել է հղի կնոջ վրա, կինն ընկել է՝ վիժել։ Էդվարդ Նազարյանի վկայությամբ, Իջեւանում անտեր շունը հարձակվել՝ բնակիչներից մեկի 100-ից ավելի բադերն է ոչնչացրել։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image