Անցած տարի կառավարությունը հաստատեց պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի նշանակման եւ բողոքարկման նոր կարգը: Կառավարման նոր համակարգով նախատեսված է դպրոցի տնօրենների ընտրության եւ նշանակման եռափուլ համակարգ, ինչպես նաեւ հետագայում տնօրենների գործունեության ամենամյա մոնիթորինգի եւ ատեստավորման համակարգ:
Տնօրենի նշանակման գործող կարգով՝ տնօրենի հավակնորդները ներկայացնում են դպրոցի զարգացման ծրագիր, որն անցնում է փորձաքննություն՝ մրցույթով ընտրված կազմակերպության կողմից: Դրական շեմը հաղթահարած ծրագրերի հեղինակ հավակնորդները մասնակցում են հարցազրույցի լիազոր մարմնի շրջանակում, որի արդյունքներով էլ տեղի է ունենում նշանակումը։ Կարգի կիրարկման ընթացքում պարզվել է՝ կան դեպքեր, երբ զարգացման ծրագրերը չեն բավարարում նվազագույն պահանջներին, եւ երբեմն բացակայում է ինքնուրույն աշխատանքը։ Այս խնդիրների կարգավորման նպատակով նոր կարգով առաջարկվել է մի քանի մեխանիզմ: Առաջինն արտագրության փաստի հայտնաբերման մեխանիզմն է։ Այն գործարկվել է այս տարվանից։
Ընթացիկ տարում, ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի, 853 դպրոցի զարգացման ծրագրի փորձաքննություն է իրականացվել, դրական եզրակացություն ստացել է ընդամենը 99-ը, իսկ այդ 99-ից էլ միայն 44-ն է հարցազրույցից հետո դրական եզրակացություն ստացել: Ու դա՝ այն դեպքում, որ համաձայն ԿԳՄՍՆ-ի, 200-ից ավելի դպրոցներ չունեն տնօրեններ։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նկատում է՝ ոչ թե 200, այլ՝ 300-ից ավելի դպրոցներում չկան տնօրեններ։ «Բոլորս էլ գիտենք՝ այն պահանջը, որ դրվել է նախարարության կողմից, ոչ իրատեսական պահանջ է, այսինքն՝ չի կարելի մեկ մարդուց պահանջել այդպիսի ծավալի փաստաթուղթ։ Օրինակ, նույն ձեւով, երբ նախարարությունն է գրում իր ռազմավարությունը, աշխատում է մի քանի փորձագետ՝ է՛լ տեղական, է՛լ միջազգային փորձագետներ, է՛լ նախարարության տարբեր վարչություններ։ Հիմա ո՞նց է լինում, որ նախարարության զարգացման ծրագիրը գրվում է մեծ փողերով, տասնյակ փորձագետների մասնակցությամբ, իսկ դպրոցի տնօրենից ակնկալում ենք, որ ինքը մենակ, առանց վճարվելու, պետք է գրի զարգացման ծրագիր, եւ սա՝ այն դեպքում, երբ Հայաստանում մենք չունենք դպրոցի կառավարման տնօրենի որակավորում։ Այլ կերպ ասած՝ մենք այդ մարդկանց չենք սովորեցրել դպրոցի զարգացման ծրագիր գրել, ո՞նց գրի։ Դա բավական լուրջ հմտություն է, նախարարությունը դրել է շատ բարձր նշաձող, որի պարագայում ակնհայտ է, որ մեծ մասը կտրվելու է։ Հիմա պետք է հասկանալ, թե սա ուր է մեզ տանելու, չէ՞ որ մենք մարդկանց այդպես կոտրում ենք, հիասթափեցնում, այնպես ենք անում, որ դառնան վարչատնտեսական համակարգո՞ղ, թե՞ ընդհանրապես թողնեն դուրս գան դպրոցից»։
Փորձագետի դիտարկմամբ, այստեղ նաեւ արժանապատվության հետ կապված խնդիրներ էլ են առաջանում․ «Երբ տվյալ մարդու՝ տնօրեն աշխատելու ժամկետը լրանում է, իրեն չեն թողնում, որ ինքը մնա ժամանակավոր պաշտոնակատար, իսկ զարգացման ծրագիր գրելու ընթացքը կարող է երբեմն տեւել 1 կամ 2 տարի, ու հարց է առաջանում՝ այդ մարդուն այս ձեւով փողոցում թողնելը ճի՞շտ է, քանի որ շատ տնօրեններ չեն էլ դասավանդում։ Այսինքն՝ այդ մարդը 1-2 տարի դրսերում գտնվելով, պետք է փորձի նորից իր աշխատանքը հետ բերել։ Օրինակ, երբ երկրում լինում են ընտրություններ, կառավարությունը հրաժարական է տալիս ընտրություններից առաջ, եւ բոլորը դառնում են ժամանակավոր պաշտոնակատարներ։ Ինչո՞ւ դպրոցների դեպքում դա չի թույլատրվում, եթե այդ մարդու ժամկետը լրացել է, թող մնա որպես ԺՊ, մինչեւ կընտրվի նոր տնօրեն։ Ի դեպ, մնալով ԺՊ, այդ մարդը չի էլ կարող ազդել ընտրական այդ պրոցեսի վրա, որովհետեւ հիմնական ընտրությունն անում է նախարարության մասնագիտական հանձնաժողովը եւ այն 2 կազմակերպությունները, որոնք գնահատում են ծրագրերը, ո՞նց կամ ո՞ւմ պետք է տնօրենը ճնշի, այս իրավիճակում նա չունի լծակ։ Թող շարունակի ԺՊ մնալ, որովհետեւ մարդը նաեւ ընտանիք է պահում, բայց դուք նրան ասում եք՝ դուրս արի գործից, ամիսներով սպասի ու եթե հաղթես, նորից հետ կգաս աշխատանքի։ Ո՞նց կարելի է այդպես վերաբերվել մարդուն, այդ մարդիկ մեր թշնամինե՞րն են, որ նրանց այդպես դաժան ձեւով ենք վերաբերվում։ Դրա համար մարդիկ ստիպված գնում են նաեւ կեղծիքների, ինչ ասես, ձեւակերպում են, որ մի ձեւ մնան դպրոցում եւ ինչ-որ գումար ստանան։ Կառավարման մեջ կա հայտնի կանոն․ նախ մարդուն ինչ-որ բան պետք է սովորեցնես, հետո նոր պահանջես։ Եթե չես սովորեցրել ու պահանջում ես, դա բերում է այս «կոտորածին», որ հիմա տեղի է ունենում․ մի կողմից չափորոշիչ եք ներդնում, մյուս կողմից 300-ից ավելի դպրոց թողնում առանց տնօրենի, այս փուլում նման բան անելը ճի՞շտ է»։
Այդ սահմանած նշաձողի հետեւանքն է, որ ուսուցիչներն այլ ճանապարհներ են գտնում՝ հաղթահարելու զարգացման ծրագիր գրելու պատնեշը։ Տնօրեն դառնալ ցանկացողները դիմում են տարատեսակ քայլերի, դրանցից մեկն արհեստական բանականությունն Է։ Չնայած գործադիրը զարգացման ծրագրերի ինքնատիպությունը ստուգող «անտիպլագիատի» ծրագիր ունի, բայց արհեստական բանականության մասնակցությունը պարզել դեռ չի ստացվում։ Ինչպես նաեւ, list.am-ում վճարովի ծառայություններ են առաջարկում՝ տնօրենի զարգացման ծրագիր գրելու համար, մասնավորապես՝ 450 հազար դրամի դիմաց գրել հաղթող, մրցունակ ծրագիր։
«Եթե ինձնից պահանջում են մի բան, որն ինձ չեն սովորեցրել, օրինակ՝ ինձ անգլերեն չեք սովորեցրել եւ պահանջում եք, որ անգլերենով քննություն հանձնեմ, ես ստիպված պետք է դիմեմ խաբեության՝ մարդ գտնեմ, փող տամ, ասեմ՝ ինձ համար գրի, կամ այստեղից-այնտեղից արտագրեմ, քոփի-փեյստ անեմ կամ դիմեմ արհեստական բանականության օգնությանը, այսինքն՝ մի կեղծիքի պիտի դիմեմ․․․, որովհետեւ, եթե դու մարդուց պահանջում ես մի բան, որն իրեն չես սովորեցրել, ինքը պետք է կեղծի։ Ահավոր բան է ստացվում, փաստորեն, փող է դրվում կեղծիքի վրա»։
Զարգացման մրցակցային ծրագիր գրելն այնքան բարդ է դիմորդների համար, որ նախարարությունը ՄԱԿ-ի, Եվրոպայի Միության ու «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հետ վերապատրաստման դասընթացներ է նախաձեռնել՝ տնօրենների հավակնորդների համար։ Արդյո՞ք այս քայլով հնարավոր կլինի հաղթահարել առկա ճգնաժամը։ «Ո՞րն է այս ծրագրի խնդիրը, որ սրանով անհավասարություն է մտնում, որովհետեւ 60 հոգու անվճար 7 ամիս պատրաստելու են զարգացման ծրագիր գրելու համար, մյուսներին այդ հմտությունները չեն տալու։ Ու ստացվելու է, որ մարդկանց մի խումբ հեշտ ճանապարհով դառնալու է դպրոցի տնօրեն, քանի որ արդեն արտոնյալ է, իրեն վերապատրաստելու են, իսկ մյուս մասը փորձելու է ինքնուրույն գլուխ հանել այս ամենից։ Այս ծրագրի մեջ ինձ դուր է գալիս այն, որ վերջապես հասկացվեց, որ այդ մարդկանց պետք է սովորեցնել, այդ իմաստով սա դրական ծրագիր է, բայց այստեղ ռեսուրսի հարց կա, կա՛մ այս ծրագիրը բոլորի համար պետք է արվի, կա՛մ՝ ոչ մեկի, որովհետեւ այս մոտեցումն ի սկզբանե անհավասարություն է ստեղծում։ Հետո՝ դա էլ չափանիշ չէ, մենք կարող ենք ունենալ տնօրենի հավակնորդ, որ շատ լավ ծրագիր գրի, բայց չկարողանա իրականացնել։ Սա էլ պետք է հաշվի առնենք։ Ես գիտեմ տնօրեն, որ եթե իրեն ասենք՝ ծրագիր գրի, չի կարողանալու գրել, բայց ինքն ունի կառավարման լավ հմտություն, հիմա այս փոփոխության հետեւանքով այդ մարդուն մենք կարող ենք կորցնել։ Այսինքն՝ լավ ծրագիր գրելը դեռ չի նշանակում լավ տնօրեն լինել։ Պետք է պահանջներն իրատեսական լինեն, սա է գլխավորը»։