Հիվանդ հասարակության, ժողովրդավարության բացակայության եւ աճող բռնապետության ցուցիչներից մեկը պետությունների ղեկավարների կողմից ժամանակ առ ժամանակ արվող ցինիկ ու սպառնալից արտահայտություններն են՝ ուղղված իրենց ընդդիմախոսներին եւ ոչ միայն: Փաշինյանի դեպքում նման հայտարարությունների պակաս ուղղակի չկա՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց մինչ այժմ:
Բոլորովին վերջերս նա ԱԺ ամբիոնից Հայաստանի նախկին բոլոր երեք նախագահներին «ռազբորկայի» կանչեց, սպառնաց «պատերին տալ նրանց ու նրանց համախոհներին եւ հանել նրանց քաղաքական դիակները» բանավեճի սրահից: Փաշինյանի «ոչ սիրելի» Լուկաշենկոն, որ Բելառուսի հավերժ նախագահն է եւ չի երկնչում այդ ցանկության մասին բացեիբաց խոսել, պարբերաբար ոչ միայն իր ընդդիմախոսներին, այլեւ սեփական «կամակատար» չինովնիկներին է փաշինյանական ոճով «պատերին տալիս», մարզային կամ աշխատանքային ներքին ստուգայցերի ժամանակ սպառնում է նրանց, թե չկատարված ինչ-ինչ աշխատանքի համար «իրենց գլխով են պատասխան տալու»: Թվում է՝ սովորական, ժողովրդական ղեկավարի սրտացավ կեցվածք է՝ հանուն ժողովրդի եւ հանուն պետության շահի, բայց Բատկայի պարագայում դա ոչ մի կերպ համատեղելի չէ ժողովրդավարության եւ ժողովրդի հետ՝ հաշվի առնելով նրա երկարամյա կառավարումն ու ընդդիմության գրեթե իսպառ ոչնչացումը երկրի ներսում:
Իսկ ահա Փաշինյանի «սիրելի» Էրդողանը՝ Թուրքիայի առաջնորդը, որը ոչ պակաս մշտնջենական ղեկավարի դափնիներ ունի, հատկապես առանձնանում է իր կոշտ արտահայտություններով, ռազմատենչ սպառնալիքներով՝ ուղղված երկրի արտաքին «թշնամիներից» մինչեւ ընդդիմության ներկայացուցիչներ: Իր քաղաքական թիվ մեկ մրցակից, ավելի ճիշտ՝ «սարսափելի թշնամի» համարվող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից, քաղաքապետարանի պաշտոնյաների, Իմամօղլուի համախոհների, Թուրքիայի տարբեր մասնագիտությունների տեր քաղաքացիների, այս ամենի պատճառով երկրում մոլեգնած բազմահազարանոց բողոքի ակցիաների մասնակիցների ձերբակալություններից հետո Էրդողանն օրերս հայտարարեց, թե «կտրելու է ընդդիմության կեղտոտ ձեռքերը», որովհետեւ նրանք խոչընդոտում են արդարադատության իրականացմանը: Բայց սուլթանական ռեժիմի արդարադատությունը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում, բռնաճնշում, ժողովրդավարության բռնաբարում, որի մասին, ի դեպ, առնվազն քաջություն ունեցավ արտահայտվել միջազգային հանրություն կոչվող իմպոտենտ հանրույթը:
Հիշենք նաեւ Թրամփին, որ երկրորդ անգամ վերադարձել է Սպիտակ տուն: Ժողովրդավարության բնօրրան համարվող Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո ամերիկացի առաջնորդն իրեն դրսեւորում է բնավ ոչ ժողովրդավար երկրի ժողովրդավար ղեկավարի վարքագծով: Նա արդեն զանգվածային «պատերազմ» է հայտարարել մի շարք պետական գործակալությունների, լրատվամիջոցների, նախկին պաշտոնյաների դեմ, իսկ բազմաթիվ երկրների, այդ թվում՝ դաշնակից Կանադայի դեպքում ուղղակի սկսել է «քաղաքական եւ առեւտրային պատերազմ»՝ թե՛ տարածքային նվաճողական եւ թե՛ մաքսատուրքային եւ այլ առումներով: Օրերս էլ նա արհամարհանքով ու ցինիզմով արտահայտվեց որոշ երկրների հասցեին՝ ասելով, թե նրանք դիմում են իրեն՝ առեւտրային համաձայնագրեր կնքելու խնդրանքով: Այդ ամենը Թրամփը նկարագրեց այսպես. «Այս երկրները զանգում են մեզ եւ համբուրում իմ հետույքը...»: Այս ամենը պարզապես համեմատություն եւ ընդհանրացում չէ, այլ՝ առաջնորդական միեւնույն վարքագծի եւ պետական անընդունելի կառավարակարգի ցցուն օրինակ: