ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն «անշահախնդիր» է որակել Իրանի ջանքերը տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման գործում։
Իրանական «Իրանի Իսլամական Հանրապետության ձայն» հեռուստառադիոընկերության (IRIB) լրագրողը հարց է ուղղել Այվազյանին Իրանի՝ տարածաշրջանում խաղաղությանը միտված ջանքերի և դրանց արդյունավետության վերաբերյալ։
«Հայաստանը կողմնակից է այս վերջին լարվածությունը լուծել քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ Եվ մենք չափազանց գնահատում ենք, որ այս տագնապալի օրերին և հանգամանքներում մեր դարավոր բարեկամ և հարևան Իրանի արտաքին գործերի նախարար և իմ շատ լավ գործընկեր արտգործնախարար Զարիֆը տարածաշրջանային այց է իրականացրել և այսօր ժամանել է Հայաստան։ Ինչը վկայում է Իրանի անշահախնդիր մտադրությունը ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման գործում», - ասել է Արա Այվազյանն իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարաֆի հետ համատեղ հարցուպատասխանի ժամանակ։
Հայաստանի դիվանագիտության գերատեսչության ղեկավարը շատ կարևոր հարևան ու գործընկեր է անվանել Իրանը։
«Մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ Իրանը մեզ համար շատ կարևոր հարևան է։ Կարևոր գործընկեր է, որը տարածաշրջանի կայունության և անվտանգության ճարտարապետության կարևոր դերակատար է։ Եվ մենք երկկողմ ուղղությամբ մեր բոլոր ջանքերն ենք գործադրելու բազմաոլորտ և նախևառաջ քաղաքական երկխոսության միջոցով խորացնել մեր միջպետական համագործակցությունը Իրանի հետ», - ասել է Արա Այվազյանը։