Հասարակություն

Այս անգամ շատ մեծ հսկողություն կիրականացնենք․ ինչպիսին է լինելու Գյումրու նոր տոնածառը

Այս անգամ շատ մեծ հսկողություն կիրականացնենք․ ինչպիսին է լինելու Գյումրու նոր տոնածառը

Գրել էինք, որ Գյումրու համայնքապետարանը որոշել է այս տարի ամանորին Վարդանանց հրապարակի երկար տարիների տոնածառը փոխել, գնել նորը, որի համար համայնքի բյուջեից անհրաժեշտ է հատկացնել 75մլն․ դրամ: Ըստ քաղաքապետարանի՝ Գյումրու ամանորյա տոնածառի մետաղական կառուցվածքը վնասված է, այն հնարավոր չէ վերանորոգել և տոնածառի հետագա շահագործումը վտանգավոր է բնական ճյուղերի ծանրության և ուժեղ քամիների պատճառով: Առկա տոնածառի դեպքում բարդություն է առաջանում նաև ամանորյա զարդարանքի նորարարական լուծումների հարցում: Եւ Գյումրին, որպես գրավիչ զբոսաշրջային քաղաք դիրքավորելու եւ միջոցառումային զբոսաշրջությունը զարգացնելու, ամանորյա տոնածառի տեղադրման եւ ձևավավորման համար յուրաքանչյուր տարի համայնքային բյուջեից կրճատելու, բնական ռեսուրսների գերշահագործումից խուսափելու, բնակչության եւ զբոսաշրջիկների կյանքի անվտանգության պայմանների ապահովման նպատակով համայնքապետարանը ավագանուն առաջարկեց  68 մլն ՀՀ  դրամ  արհեստական եղևնու ճյուղերից պատրաստված 25-30 մ բարձրությամբ նոր տոնածառ և նոր  զարդարանքներ ձեռք բերել, ինչպես նաև ունեցած զարդարանքները վերանորոգելու համար 7 մլն ՀՀ դրամ հատկացնել:

Այն, որ գյումրեցիները հոգնել են նախկին տոնածառից, նորն են ուզում, մեզ հետ զրույցում չեն ժխտում, բայց 68մլն դրամ հատկացնել միայն տոնածառին, շատ են համարում՝ նշելով, թե քաղաքում անօթևանության խնդիրն առաջնային է: 

Ընդդիմադիր ՀՀԿ խմբակցության Գյումրու ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը վստահեցնում է, որ Գյումրիին նոր տոնածառն անհրաժեշտ է: 

«Ես որպես ավագանու անդամ՝ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել թաղերում բնակիչների հետ, քննարկումներ ենք ունեցել եւ մեր խմբակցությունը տոնածառի գնման նախագծին կողմ քվեարկեց այն առումով, որ Գյումրու  տոնածառը ոչ միայն հին է, այլ ամեն տարի որոշակի գումար ենք հատկացնում, նաև բնապահպանական խնդիր կար, բնական եղևնիների ճյուղեր էինք կտրում, իսկ այս անգամ գումար ենք հատկացնում, որ մեկ ամբողջական արհեստական տոնածառ ձեռք բերենք եւ նման խնդիրների առաջ չկանգնենք: Ինչ վերաբերում է 68 մլն դրամին, դա ընդամենը հատկացված գումարի չափն է, գնում դեռ չի իրականացվել : Համապատասխանաբար մրցույթ է հայտարարվելու, ավագանիների կողմից ներկայացուցիչներ են ընտրվել, ձևավորվել է հանձնաժողով, եւ  պետք է փորձեն մաքսիմում մատչելի գնով , Գյումրուն վայել տոնածառ ձեռք  բերեն» ,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ավագանու ղեկավարը՝ նշելով, թե հասարակության մեծամասնության կարծիքն այն է, որ Գյումրին ունի նոր տոնածառի կարիք, եւ որպես մշակույթային քաղաք, արժանի է նոր տարին նոր տոնածառով դիմավորելուն:

«Ամեն տարի 7-8 մլն․ դրամ հատկացնելով հին տոնածառին՝ դա արդեն աբսուրդ էր, այս անգամ շատ մեծ հսկողություն կիրականացնենք տոնածառի եւ գնման եւ մնացած հարցերի մասով: Հավելեմ  նաև, որ ըստ նախնական ուսումնասիրությունների՝ նոր տոնածառը քաղաքին ծառայելու է բավական երկար՝ 10-15 տարի , եթե ոչ ավելի, եւ այն առումով, որ ամեն տարի հին տոնածառը վերկանգնելու համար 6-7 մլն դրամ էինք հատկացնում, այդ գումարների հանրագումարը նոր տոնածառի արժեքը կփակի»,-ասաց ավագանու անդամը :

Նշենք, որ տոնածառի տեսքը գյումրեցին է ընտրելու,  ավագանին որոշել է հանրային քննարկման կամ քվեարկության դնել ու լսել գյումրեցիների կարծիքը, թե ինչպիսի տեսքով տոնածառն է հարիր  քաղաքին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image