Քաղաքականություն

«Հրապարակ»․ Հնդկաստան-Իրան-Հայաստան եռյակը` ընդդեմ Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան տրիոյի

«Հրապարակ»․ Հնդկաստան-Իրան-Հայաստան եռյակը` ընդդեմ Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան տրիոյի

Մայիսի 28-ին օկուպացված Արցախի Բերձոր շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետ Շարիդը մասնակցեցին, այսպես կոչված, միջազգային օդանավակայանի բացմանը: Ինչու «այսպես կոչված», որովհետեւ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Արցախը, չնայած Ադրբեջանի կողմից ցուցադրական-քարոզչական տեսանյութերին, դեռեւս բնակեցված չէ թշնամու կողմից, հետեւաբար՝ դժվար թե Բերձորում քաղաքացիական օդանավակայանի կառուցման կարիք լիներ, եւ սա առավելապես քարոզչական բնույթի միջոցառում էր` 2023 թվականին տեղի ունեցած էթնիկ զտումն ամրագրելու եւ իրենց մահմեդական հզորությունն ի ցույց դնելու համար:

Հաշվի առնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի ներգրավվածությունը հակաիրանական ծրագրում, «Զանգեզուրի միջանցքի» եւ հորինված «Արեւմտյան Ադրբեջանի» մասին թեզերը, հասկանալի է, որ այս օդանավակայանը կարող է օգտագործվել ռազմական նպատակներով կամ գոնե պատերազմից «սարսափող» հայ ազգին եւս մեկ անգամ պատերազմով սպառնալու համար: Սիմվոլիկ էր ոչ միայն օդանավակայանի բացման արարողության համար ընտրված օրը՝ Սարդարապատի ճակատամարտում հայերի տարած հաղթանակի` Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրը: Մյուս սիմվոլիկ պահն օդանավակայանի բանալիների հանձնումն էր Ալիեւին եւ Էրդողանին: Սա էլ խոսում է այն մասին, որ, չնայած երբեմն Արցախի զավթման գործում իրենց մեծ մասնակցության մասին Թուրքիայի կողմից հիշատակումների ժամանակ Ալիեւը փորձում է դա հերքել, այս պարագայում դա հստակ ցուցիչ էր, որ Ալիեւը միայնակ չի կարող յուրացնել ու վայելել Արցախի օկուպացիայի «հաղթանակը»:

Այս եռյակը նաեւ մի շարք կարեւոր եւ ուշադրության արժանի հայտարարություններով հանդես եկավ: Ռազմական հանցագործություններով աչքի ընկած տրիոն հայտարարեց, որ եռաչափ ձեւաչափով հանդիպումները շարունակվելու են, եւ իրենց ուշադրության կենտրոնում տարածաշրջանում լոգիստիկ, տրանսպորտային հարցերին վերաբերող քաղաքականությունն է լինելու: Թերեւս, ոչ մեկի մոտ հարց չի առաջանում, որ տարածաշրջանային տրանսպորտային հանգույց ասելով նրանք ակնարկում են հատկապես իրենց բաղձալի «Զանգեզուրի միջանցքը»:

Առավել հետաքրքիր էին այն հայտարարությունները, որոնք հաջորդեցին ու նախորդեցին այս տրիոյի այցելությանը Բերձոր: ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն հայտարարեց, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական առճակատման վտանգը դեռեւս շարունակվում է, որին հաջորդեցին Իրանի կողմից հայտարարությունները՝ որ սահմանների անփոփոխելիությունն իրենց համար կարմիր գիծ է, եւ այն չի կարելի հատել: Ապա դրան հաջորդեց ՌԴ պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ Սյունիքի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Բայց մեկ այլ հանգամանք եւս կա այդ ամենում: Պակիստան-Հնդկաստան հերթական լոկալ բախման ֆոնին Պակիստանին իրենց անմիջական աջակցությունը հայտնեցին Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչին հաջորդեց Հնդկաստանի կողմից Հունաստանի հետ համատեղ ռազմական, արդյունաբերական ծրագրերի իրագործման մասին հայտարարությունը:

Ալիեւյան քարոզչամեքենայի գրեթե պաշտոնական լրատվամիջոցում` haqqin.az կայքում, մի հոդված էին հրապարակել՝ «Հնդկաստան-Հայաստան-Իրան եռադաշնությունն ընդդեմ Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ձեւաչափի» վերնագրով, որտեղ խոսում էին այն մասին, որ ստեղծված իրավիճակում հնարավոր է, որ Հնդկաստանը, Իրանն ու Հայաստանը միավորվեն՝ դիմակայելու տարածաշրջանում Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան եռյակին: Նույնիսկ Ադրբեջանում հասկանում են, որ այս իրավիճակում դա Հայաստանի շահերից է բխում՝ միավորվել թշնամուդ հակառակորդների հետ, որոնց հետ նաեւ ընդհանուր անվտանգային խնդիրներ ու շահեր ունես:

Ի՞նչ եք կարծում, Հնդկաստանը միայն Հունաստանի՞ հետ է պատրաստ ռազմավարական բնույթի հարաբերություններ ծավալել, եւ ինչո՞ւ այդ հայտարարությունների ֆոնին չենք լսում նաեւ Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության ծրագրերի մասին: Միանշանակ է, որ Հնդկաստանը, որը դարձել է Հայաստանի զինամթերքի գլխավոր մատակարարը, այդ մասով քննարկումներ ունեցել է: Սակայն արդյո՞ք Հնդկաստանն այդ առաջարկը կանի Հայաստանի ղեկավարությանը` այն դեպքում, երբ վերջիններիս հայացքն ուղղված է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմը, ու ցանկացած քայլ հենց Ադրբեջանի ու Թուրքիայի ցուցումով կամ թույլտվությամբ են անում:

Եվ այսպես. ստեղծված իրավիճակում, եթե ունենայինք ադեկվատ ռազմաքաղաքական ղեկավարություն, ապա Հայաստանը պետք է ակտիվորեն աշխատանքներ տաներ Իրանի, Հնդկաստանի, Հունաստանի հետ ռազմավարական համագործակցություն զարգացնելու կամ գոնե շփումները խորացնելու ուղղությամբ: Այս վտանգը, ինչպես տեսանք, Ադրբեջանում արդեն զգացել են: Ժամանակները փոխվել են, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է արագ գործել, արագ կողմնորոշվել ու պահը բաց չթողնել` նոր դաշնակիցներ ձեռք բերելու եւ մեր թշնամիներին ի ցույց դնելու համար: Այնինչ այս իշխանությունների՝ «Ալիեւին ու Էրդողանին հանկարծ չնեղացնենք, հանկարծ չբարկացնենք» կեցվածքը միայն Հայաստանի գլխին կախված վտանգների քանակն ու հավանականությունն է մեծացնում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image