Հասարակություն

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի գործն «օդի մեջ» է մնացել 

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի գործն «օդի մեջ» է մնացել 

2008 թվականին, հետընտրական մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ մահացած Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, զորքերի նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի գործն «օդի մեջ» է մնացել։

«Հրապարակի» հետ զրույցում ասաց Պետրոսյանի փաստաբան Վաղարշակ Գևորգյանը։

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը (Սահմանադրական կարգը տապալելը), որով մեղադրվում էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին փոխնախարար (2000-08) Յուրի Խաչատուրովը և Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ - ՊՆ առաջին փոխնախարար (2007-08) Սեյրան Օհանյանը, իսկ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար (2006-08) Արմեն Գևորգյանը մեղադրվում էր 38-300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելը)։ Այս հոդվածի՝ հակասահմանադրական լինելու հիմքով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը (դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ) դադարեցվել էր ապրիլի 6-ին։

«Հրապարակը» Գեղամ Պետրոսյանի փաստաբան Վաղարշակ Գևորգյանից հետաքրքրվեց՝ ՔՕ 300․1 հոդվածի՝ հակասահմանադրական ճանաչվելն ազդեցություն ունենո՞ւմ է Զաքար Հովհաննիսյանի սպանության գործի վրա։ «Չէ, սա ոչ մի կապ չունի իր հետ։ Գեղամ Պետրոսյանին ապօրինի, անհիմն, հորինովի, կեղծ ձևով մեղադրանք են առաջադրել սպանության գործով», - ասաց պաշտպանը։

Գևորգյանի խոսքերով՝ գործն «օդի մեջ» է մնացել, իսկ վերջին անգամ քննչական գործողություններ են արվել 2 տարի առաջ։ «Քրեական գործը նախաքննության փուլում է։ Ոչ մի բան չեն անում։ Երևի վերջում պիտի բաժանեն իրար մեջ, տանեն իրանց տներն ու ուտեն։ Ոչ մի բան չեն անում»։

Գեղամ Պետրոսյանը կալանքի տակ չէ, սակայն նրա խափանման միջոցը շարունակում է մնալ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ 

«Իրեն ապօրինի կերպով դատարանները, քննիչները, Հատուկ քննչական ծառայությունը՝ իր ղեկավարությամբ հանդերձ, ապօրինի միջնորդություն արեցին, դրանից հետո դատարանը կալանավորեց, հետո էլ 2 ամիս ժամկետը լրացավ, բաց թողեցին։ Որովհետև հասկացան, որ նման հանցագործություն իրականության մեջ տեղի չի ունեցել։ Կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն չի եղել, որովհետև հասկացան, որ այն հանցագործությունը, որ բարդում են Պետրոսյանի վրա, չեն կարողանում հիմնավորել։ Չեն էլ կարողանալու, որովհետև իրենք դա հորինել են։ Բանսարկություն են արել ու էդ բանսարկությունն էլ չէին կարող առաջ բրդել, որովհետև իրենց քաշով մեկ ապացույցներ կան, որ այդպիսի հանցագործություն տեղի չի ունեցել», - եզրափակեց Գեղամ Պետրոսյանի փաստաբանը։

«Հրապարակը» նաև Հատուկ քննչական ծառայությունից է մեկնաբանություն խնդրել՝ հարցնելով․ «Ինչո՞ւ այս գործով 2 տարի քննչական գործողություններ չեն կատարվում, արդյո՞ք քրեական հետապնդումը կարճելու ուղղությամբ քայլեր են կատարվում»։

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, զորքերի նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը ձերբակալվել էր 2019 թվականի հունիսի 4-ին։ 

Մարտի 1-ի գործը քննող ՀՔԾ-ն 2019 թվականի հունիսի 6-ին մեղադրանք (Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մաս) էր առաջադրել հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու պատճառաբանությամբ։ «2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը», - նշված էր ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Ոստիկանության զորքերի նախկին շտաբի պետը կալանավորվել էր 2019-ի հունիսի 7-ին, իսկ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ էր արձակվել նույն թվականի օգոստոսի 4-ին։ Պետրոսյանի փաստաբանն այդ ժամանակ ասել էր, որ խափանման միջոցի փոփոխման և կալանքը երկարացնելու միջնորդություն չներկայացնելու համար պատճառ էին դարձել կատարված երկու դատաձգաբանական փորձաքննությունները, որոնցով հիմնավորվել էր, որ Զաքար Հովհաննիսյանի մարմնից հանված գնդակը չի արձակվել Գեղամ Պետրոսյանին ամրակցված զենքից։

2008-ի հետընտրական իրադարձությունների հետևանքով 10 մարդ էր զոհվել, այդ թվում՝ ոստիկանության 2 ծառայող։

Զաքար Հովհաննիսյանը սպանվել էր մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝ մարտի 2-ին, ժամը 01։40-ին։ Նա Մաշտոցի պողոտայի փակ շուկայի դիմաց էր սպանվել, երբ գնացել էր Փակ շուկայի տարածք ընկերոջը՝ Դավիթ Պետրոսյանին տուն ուղեկցելու համար:

Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ Զաքար Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել էր հրազենային մուտքի վնասվածք՝ որովայնի առաջնային մակերեսին: 2008-ի տարածված պաշտոնական վարկածով՝ նրա մահվան պատճառ էր դարձել վնասվածքի հետևանքով առաջացած արյան սուր կորուստը: Դիահերձման ժամանակ նրա մարմնից հանվել էր 9 մմ տրամաչափի 1 գնդակ, որը, համաձայն դատաձգաբանական փորձաքննության, գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի փամփուշտից արձակված գնդակ է, որի վրայի կրակման հետքերը բնորոշ են «ՊՄ» ատրճանակից կրակված հետքերի:

2019-ի հունիսի 6-ին Պետրոսյանի փաստաբան Վաղարշակ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ մի անձ այս գործով ցուցմունք է տվել, թե «ցուցարար Զաքար Հովհաննիսյանը երկաթյա ձողով կամ արմատուրայով հարձակվել և փորձել է հարվածել Գեղամ Պետրոսյանի գլխին»։ Համաձայն վկայի ցուցմունքի՝ ստեղծված իրավիճակում կա՛մ Զաքար Հովհաննիսյանը պետք է հարվածեր ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյային, կա՛մ վերջինս կրակեր։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image