Մեր տեղեկություններով՝ Հրազդանի մանկապարտեզներից մեկում կես կտոր հացի համար 3 աշխատակցի ազատել են աշխատանքից: Մեզ պատմեցին, որ աշխատակիցներին հեռացնելու համար նախ ստուգումներ են իրականացրել մանկապարտեզում, ապա մի չնչին պատճառ գտել եւ առանց նկատողություն տալու, առանց ծանուցելու, ստիպել են ազատման դիմում գրել: Պատմեցին նաեւ, որ աշխատակիցներն իրենց աշխատանքի մեջ չեն թերացել, աշխատած տարիների ընթացքում երբեւիցե նկատողություն չեն ստացել:
Հրազդանի համայնքապետարանում եւ համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներում աշխատանքի ընդունելը կամ աշխատանքից ազատելն առանց բաժնի պետերի համաձայնության անհնար է: Մանկապատեզի տնօրենն ի՞նչ առյուծի կաթ պետք է կերած լինի, որ առանց իր վերադասին հայտնելու թեկուզ 1 աշխատակցի ազատի աշխատանքից:
Հրազդանի համայնքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Հասմիկ Հակոբյանին հարցրեցինք, թե ինչ հիմքով է աշխատակիցներին ազատել աշխատանքից. «Նախադպրոցական ուսումնական հաստատությունն ունի տնօրեն, որի իրավասությունների շրջանակում է ինչ որ մեկին աշխատանքի ընդունել եւ Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով՝ աշխատանքից ազատել: Ես նման գործառույթ չունեմ, որ մանկապարտեզի աշխատակիցներին ազատեմ կամ ընդունեմ»: ՆՈՒՀ-ի տնօրենը Ձեր ենթական է, եւ մանկապարտեզի տնօրենը, առանց Ձեզ տեղյակ պահելու, չէր կարող աշխատակիցներ ազատել կամ ընդունել. «Ես մեծ ցանկությամբ Ձեր հարցերին կպատասխանեմ, բայց ոչ հեռախոսով»։ Դուք տեղյա՞կ եք եղել, որ տնօրենը աշխատանքից ազատել է աշխատակիցներին. «Ինձ հարմար չի, ես հեռախոսով Ձեր հարցերին չեմ պատասխանի»: Առանց նկատողություն տալու, առանց ծանուցելու աշխատակիցներին ստիպել են ազատման դիմում գրել, ի՞նչ հիմքով եք ազատել. «Ես ոչ մեկին գործից չեմ ազատել, 9-րդ մանկապարտեզի աշխատակիցներն ազատվել են իրենց դիմումի համաձայն»: