Արդեն որերորդ անգամ հասարակության գրագետ հատվածն ուշադրություն չի դարձնում դետալներին, այնինչ հենց դրանցում է թաքնված լինում բուն իմաստը: Մայր Տաճարը գրոհելու առումով առանցքային դետալը թաքնված է «Էջմիածնի կենտրոնական հրապարակում» արտահայտության մեջ: Իր համախոհների հետ Նիկոլի «հանդիպումը», եթե այն տեղի ունենա, ապա կլինի հենց այդ վայրում:
Բայց դա դեռևս չի նշանակում, որ մասնակիցներն այդտեղից անպայման գրոհելու են Վեհարանը: Լինեն դրանք նորօրյա «հեղափոխության պահապաններ»՝ չնայած իշխանություն գրավելուց յոթ տարի անց ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը: Գուցե ինքն ու իր կամակատարները մինչև կյանքի վերջը մնալու են հեղափոխական ու, ըստ այդմ, իրենք իրենց ընդդիմադիր: Որովհետև հեղափոխականը չի կարող չլինել ընդդիմադիր: Իսկ եթե իշխանությունն իր ձեռքում է՝ ապա ստիպված է լինել ինքն իրեն ընդդիմադիր: Չնայած հաշվի առնելով, որ «իրական»Հայաստանը վերածվել է ծուռ հայելիների թագավորության, ապա ինքն իրեն ընդդիմադիր լինելն էլ հնարավոր տարբերակ է:
Քննարկենք մի լուր ևս. խոսքը մի քանի հազար՝ քաղաքացիական հագուստով, ոստիկանների մասին է, որ կարող են իր հրահանգով մասնակցել «Էջմիածնի կենտրոնական հրապարակում» կայանալիք հանդիպմանը: Նախ, քաղաքացիական հագուստով մի քանի հազար ոստիկանի հավաք կազմակերպելը խաղ ու պար չէ, որ ուշադրություն չգրավի: Նույնիսկ անվերապահ աջակից գլոբալիստական եվրոպական ղեկավարության շրջանում:
Ինչը նշանակում է, որ այն առնվազն չի ողջունվի նույնիսկ իր բարեկամ Մակրոնի կողմից: Իսկ դա, չեմ կարծում, թե պետք է իրեն թուրք-ադրբեջանական ճնշումների պայմաններում: Երկրորդ, այսօր 2019 թիվը չէ, մեծ հեղինակություն ունեցող Նիկոլի կոչով մարդիկ գրոհեն Վեհարանը՝ ինչպես դա տեղի ունեցավ դատարաննների առումով: Երրորդ, նույն ոգով անընդհատ կրկնվող գրառումը ցույց է տալիս, որ Նիկոլն իրականում գրոհ կազմակերպելու մտադրություն չունի:
Որովհետև անողը վաղուց կաներ, բայց հենց նմանօրինակ առաջին ֆեյսբուքյան գրառումները նրան ցույց տվեցին, որ այդ գրոհը տապալվելու է՝ դեռևս չսկսված: Կամ էլ հանգեցնելու է քաղաքացիական բախման, որի դեպքում հնարավոր չէ վստահ լինել այն հարցում, թե դա ում օգտին կլինի: Սա, ենթադրաբար, այն դեպքն է, երբ ասվում է` հաչան շունը չի կծում: Ի դեպ, բավական արտահայտիչ է նաև այդ ասացվածքի շարունակությունը. «… առավելագույնը՝ մնդռում ա անկյուններում»:
Լավ, իսկ ինչո՞ւ է անընդհատ այդ թեման պահում օրակարգում՝ կհարցնեք: Դա արդեն պարզից պարզ է ու բացատրվլ է բազմաթիվ անգամներ: Որպեսզի դրա բարձրացրած աղմուկի ներքո սքողվի առանցքային խնդիրը: Այն է՝ խաղաղության վերաբերյալ թղթի կտորը ստորագրվի միջանցքի հաշվին: Չնայած օրերս իմացանք, որ ոչ թե ստորագրվելու է, այլ նախաստորագրվելու:
Այսինքն, դա նշանակում է, որ կողմերը պատրաստ են մի շարք հարցերի առումով համաձայնագիր կնքելուն: Թեև դա անհեթեթություն է, քանի որ պատրաստ լինելու մասին կողմերը բազմիցս են արտահայտվել, բայց դա Բաքվի պահանջն է, ու Նիկոլն էլ ստիպված է համաձայնել նաև այդ պահանջին: Թշնամի երկրի ղեկավարն իրավացիորեն կարծում է, որ այլ պահանջներ ևս կարող է ներկայացնել, ու Նիկոլն այլ ելք չի ունենա, քան դրանք ընդունելը:
Որովհետև ընդունելու դեպքում Հայաստանը կունենա որոշակի եկամուտներ, իսկ հրաժարվելու դեպքում` կմնա քաղաքական մեկուսացման մեջ: Ինչը մահացու վտանգ պարունակող հանգամանք է Նիկոլի համար, ու դա լավ հասկանում է Իլհամը: Եվ, բնականաբար, շահարկում է այն: Միջանցքի առումով էլ, հիշեցնեմ, վերջինս պահանջում է, նախ, որ ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահի կամ մաքսավորի երես տեսնեն:
Եվ երկրորդ, միջանցքի սահմաններում չպետք է հայտնվեն արտատարածքային ուժեր: Դա, ինչպես հասկանում ենք, ուղղված է միջանցքը 100 տարով վարձակալելու ԱՄՆ-ի առաջարկի դեմ: Եվ ինքն էլ չի պատրաստվում իր տարածքը միջանցք դարձնելուն՝ ինչպես հայաստանյան մեկ-երկու «խելոքներն» են բարձրաձայնում:
Ի՞նչ պետք է անի այս պայմաններում երբեմնի «դուխով», իսկ այսօր «խեղճ հարիֆը»: ՌԴ-ն դարձրեց մեզ թշնամի, Եվրոպան Ադրբեջանի հուսալի գործընկերն է, ԱՄՆ-ը հեռու է, համ էլ Իլհամը դեմ է ԱՄՆ-ին: ԱՄՆ-ին դեմ է նաև Իրանը, որ միակ երկիրն է, որ դեռևս պահում է Սյունիքը: Եթե Նիկոլի փոխարեն լիներ ադեկվատ մեկը՝ նա հրաժարական կներկայացներ՝ ասելով, որ ինքն անզոր է այս թնջուկը լուծելու: Բայց Նիկոլը դրան չի գնա, քանի որ, ինչպես բազմիցս է ասվել, պաշտոնից զրկվելը շատ ավելի մեծ կորուստ է լինելու նրա համար, քան զուտ իշխանության կորուստը: Իսկ մեզ մնում է «#մեր ձևով» նրան պաշտոնից հեռացնելն ու Հայաստանն այս մղձավանջից դուրս բերելը: Եթե, իհարկե, չենք ցանկանում որպես դիտորդ մասնակից լինել հազարամյա մեր հայրենիքի վերջնական կորստյանը: Այն էլ ինչ-որ թերուս անձի ձեռքով:
ՀԳ. Փաստաբան Ռուբեն Մելիքյանը լավ առաջարկ էր արել. X հարթակում կատարել Նիկոլի կողմից դեպի Սբ. Էջմիածին գրոհելու վերաբերյալ կարճ ու հստակ տեղեկատվական գրառումներ՝ «թեգելով» ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին և գործարար Իլոն Մասկին, ինչպես նաև օգտագործելով #ChristianityUnderAttack և #BrotherInChrist հեշթեգները։