Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, թե 1990-ականների պատերազմի ժամանակ որոշ ռուս գեներալներ թույլ չեն տվել ադրբեջանական կողմին գրավել Խոջալուն ու Շուշին։
«1992-ին ես մի քանի հանդիպում ունեցա Ռուսաստանի բարձրաստիճան զինվորականների հետ: Նրանք կոնկրետ խոստումներ տվեցին Խոջալուն ու Շուշին հայկական զինված կազմավորումներից մաքրելու համար», - ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը:
Վերջինս «գրավել» բառի փոխարեն օգտագործել է «ազատագրել» բառը։
Մութալիբովի խոսքերով՝ ինքը հավատում էր ռուս գեներալների հավաստիացումներին նրանց որոշակի շահերի համածիրում. «Պարզապես իշխանության ձգտող հայտնի ուժերը թույլ չտվեցին ազատագրել մեր հողերը»:
Ադրբեջանի նախկին նախագահը նշել է, որ նման նախաձեռնություններ եղել են ղարաբաղյան պատերազմի տարիներին:
«Այո, Ադրբեջանում ռուսական բանակի հրամանատարության հետ որոշակի աշխատանք է տարվել` կապված Խոջալուի և Շուշիի ազատագրման հետ: Ես չեմ հիշում կոնկրետ ամսաթվերն ու վայրերը», - ասել է նա: