Քաղաքականություն

«Հրապարակ». Ես չեմ բացառում, որ Ալեն Սիմոնյանի անզուսպ խառնվածքից օգտվելով՝ ուզում են հանրային դժգոհությունը պարպել

«Հրապարակ». Ես չեմ բացառում, որ Ալեն Սիմոնյանի անզուսպ խառնվածքից օգտվելով՝ ուզում են հանրային դժգոհությունը պարպել

Ազգային ժողովի նախագահները Հայաստանում միշտ սեւ դրոշմ են կրել, բռնության ենթարկվելու ճակատագրական նշան եւ որոշ առումով շանթարգելի դեր կատարել։ Հենց միայն 1999-ի սպանդի գլխավոր թիրախն ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանն էր: Բայց մյուսներն էլ զերծ չեն մնացել` այլ, ուղիղ իմաստով իրենց վրա են կրել առաջին դեմքի, իշխանության համար նախատեսված հարվածները։ Այդպես է եղել նորանկախ Հայաստանի պատմության առաջին տարիներին, այդպես է հիմա։ Առաջին հարվածը Հայաստանի պառլամենտի ղեկավարներից կրել է կոմունիստ, 1985-ից մինչեւ խորհրդային կարգերի փլուզումը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Հրանտ Ոսկանյանը։ Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Կարեն Դեմիրճյանը Խորհրդային Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարն էր։

Հրանտ Ոսկանյանի աշխատասենյակ էր ներխուժել ՀՀՇ-ի ԲՏՌ-ների կամ՝ մեղմ ասած, շարժմանն ուղեկից կանանց խումբը։ Նրանք պահանջում էին, որ ԳԽ նստաշրջան հրավիրվի։ Անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբն էր։ Լավ բան էին ասում՝ ինչո՞ւ, երբ Ղարաբաղում վիճակը ծանր է, եւ այսքան պատգամավորի ստորագրություն կա, ԳԽ նստաշրջան չի հրավիրվում, որ գնահատական տանք ստեղծված իրավիճակին։ Բայց բարի նպատակն ավարտվեց բռնությամբ` Հրանտ Ոսկանյանի գլուխը ջարդելով, արյունլվիկ անելով։ Այն ժամանակվանից ԱԺ ղեկավարի վրա հարձակվելը Հայաստանում դարձավ ավանդույթ։ Բռնության հաջորդ ակտը խորհրդարանի ղեկավարների դեմ 1996 թվականի սեպտեմբերի 25-ին էր, երբ այն ժամանակվա ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի կողմնակիցները, որոնք վիճարկում էին դրանից երեք օր առաջ տեղի ունեցած նախագահի ընտրությունների արդյունքները, գնացին Ազգային ժողովում տեղակայված ԿԸՀ՝ պահանջելու արդյունքների վերանայում։ Վազգենականները գրոհով մտան խորհրդարան, բայց ԿԸՀ-ի փոխարեն հարձակվեցին խորհրդարանի ղեկավար Բաբկեն Արարքցյանի, նրա երկու տեղակալների եւ մի խումբ պատգամավորների վրա։ ԱԺ նախագահն ու փոխնախագահ Արա Սահակյանը ծեծվեցին, առեւանգվեցին, մյուսները կարողացան թաքնվել նախագահի սենյակին կից սենյակում։

Այդ պահին խորհրդարանականները մեծ խմբով հավաքվել էին ԱԺ նախագահի սենյակում, պայմանավորվում էին, որ առավոտյան քվեարկության արկղերը պետք է բացվեն, եւ վերահաշվարկ կատարվի։ Որպես նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներ՝ առավոտվանից պետք է ամեն մեկը մի մարզ մեկներ: Եվ հանկարծ գազազած մարդիկ լցվում են ԱԺ, ջարդում են ցանկապատը, ոստիկանների միջով ներխուժում ներս։ Արշակ Սադոյանի ղեկավարությամբ մտնում են ԱԺ նախագահի սենյակ՝ շատ լավ իմանալով, որ ԿԸՀ-ն, որտեղ նրանք իբր ուղեւորվում էին, շենքի հակառակ կողմում է եւ ոչ թե երրորդ, այլ առաջին հարկում։ Հավանաբար, նրանք այլ նշանակետ էին ընտրել։
Ճակատագրական սեւ դրոշմը չշրջանցեց նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Նրան դաժան ծեծի ենթարկեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելու հաջորդ օրը։ Կապիտուլյացիայից վրդովված մի խումբ քաղաքացիներ ԱԺ նախագահին նախ իջեցրել էին ծառայողական մեքենայից, այնուհետեւ դաժան ծեծի ենթարկել։ Միրզոյանը, որը ոչ մի կապ չուներ փաստաթղթի ստորագրման հետ, դրանից հետո երկու ծանր վիրահատություն տարավ եւ, կարելի է ասել, փրկվեց մահից։ Ամենածանրը հաջորդ օրը սոցցանցերում տարածվող ցնծագին գրառումներն էին։ Մարդիկ չէին թաքցնում իրենց ուրախությունը Միրզոյանին ծեծի ենթարկելու առիթով եւ դաժանաբար նրա վրա լցրեցին պատերազմի պարտության համար ողջ ցասումը։ Մարդիկ իրենց վիրավոր սրտերը մխիթարելու ձեւ էին փնտրում:

Ինչպիսի՞ն էր հասարակության արձագանքը 96 թվականի սեպտեմբերի 25-ի դեպքերին, երբ դուք եւ մյուս խորհրդարանականները բռնության ենթարկվեցիք, եւ ինչո՞ւ է հասարակությունն ուրախանում, երբ բռնության են ենթարկվում խորհրդարանի ղեկավարները։ Զրուցել ենք ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի հետ։

- Հասարակությունն ընդդիմության եւ բազում լրագրողների հրահրմամբ փորձեց ծաղրի ենթարկել բռնության զոհերին, նվազեցնել նրանց պատճառած մարմնական վնասվածքները, արդարացնելով դրանք ժողովրդի արդար բողոքով։ Եվ 3 տարի անց հասարակությունը ստացավ 1999-ի հոկտեմբերի 27-ը։ Որովհետեւ հասարակության մի շերտում ամրապնդվեց այն համոզմունքը, որ դժգոհությունը կարելի է արտահայտել ամեն ձեւով, այդ թվում՝ նաեւ սպանության։ Հանրային դժգոհությունը կարելի է խտացնել ու դրան հագուրդ տալ նաեւ այդ ձեւով, եւ դրանից հետո արդեն կուսակցական գործիչների, լրատվամիջոցների ներկայացուցիչների բերանից դուրս եկան ծաղրական արտահայտություններ։ Ժամանակ առ ժամանակ դրանք հիմա էլ են հնչում։

- Վերջին անգամ, եթե չեմ սխալվում՝ Անդրանիկ Քոչարյանն իրեն թույլ տվեց ծաղրել 96 թվականի դեպքերի ժամանակ տուժածներին՝ ասելով, որ լավ արեց ժողովուրդը։

- Եվ Անդրանիկ Քոչարյանի այդ լկտիության պատասխանը եղավ ուղիղ մեկ տարի հետո, երբ բռնության ենթարկվեց Արարատ Միրզոյանը։ Ի պատիվ վերջինիս, նշեմ, որ նա իրեն վեր պահեց այդ ամենից ե՛ւ այն օրերին, ե՛ւ մինչեւ հիմա՝ չանդրադառնալով այդ միջադեպին։ Բայց սրանք լրիվ այլ պատմություններ են։ Սրանք իրոք թույլատրելիության սահմաններն անցնելով, վտանգավոր, սպանությունների վտանգով ուղեկցվող հանցագործություններ են։

- Ալեն Սիմոնյանի հարաբերություններն էլ հանրության հետ բարդ են։ Հիմա էլ նրա դեմ է ուղղվում դժգոհությունը` Փաշինյանի վարած քաղաքականությունից, բայց նրա վարքն արդյոք հրահրող չէ՞։ Ի՞նչ է նշանակում՝ թքել մարդու վրա։

- Ալեն Սիմոնյանի դեպքում սա պարզ միջադեպ է հանրային վայրում, որին նա անթույլատրելի, ոչ համարժեք պատասխան է տվել։ Այդպիսի մարդը ոչ թե ԱԺ ղեկավարել, այլ դեռ երկար ժամանակ հանրային վայրերում երեւալու իրավունք չունի։ Նա պարսավանքի արժանի մարդ է, նա չպետք է իր կուսակցությանն ու խմբակցությանը դնի ծանր վիճակում։ Արդեն նա իր վերաբերմունքը բռնության հանդեպ ցույց էր տվել, երբ որ Ազգային ժողովում ծեծկռտուք եղավ՝ 2021 թվականի օգոստոսի 24-ին, եւ նա ոչինչ չարեց այն կանխելու համար եւ երբեք չգտավ բառեր՝ դատապարտելու իր քաղաքական թիմակիցներին՝ այդ գարշելի արարքի համար։  Եթե Ալեն Սիմոնյանը մոտ ժամանակներս որքան հնարավոր է արագ չհեռանա պետական բարձրաստիճան պաշտոնից, ապա մնում է, որ նա թագադրվի հանցավոր աշխարհի աստիճանակարգով։

- Ալեն Սիմոնյանին պաշտոնանկ անելու պահանջ է դրել նաեւ Հայաստանի առաջին նախագահը, որքանո՞վ է հրատապ այդ պահանջը։

- Հրատապ է, որովհետեւ նա շրջապատի, հասարակության համար դարձել է վտանգավոր՝ մարդկանց, երեխաների, մեծահասակների։

- Խորհրդարանի ղեկավարի ինստիտուտի համար կա՞ն ինչ-որ էթիկական կանոններ։

- ԱԺ նախագահը, խորհրդարանի ղեկավարները նույնիսկ ոչ ժողովրդավարական երկրներում ընկալվում են որպես կոմպրոմիսների ունակ, զուսպ, չափավոր անձնավորություն։ Իմ աշխատանքային գործունեության ընթացքում շատ եմ շփվել խորհրդարանների ղեկավարների հետ՝ ե՛ւ եվրոպական, ե՛ւ արաբական աշխարհի, ե՛ւ ԱՄՆ-ի․ այսպիսի անզուսպ խառնվածք ունեցող խորհրդարանի ղեկավար ինձ չի հանդիպել։ Նրանք միշտ համեմատաբար տարիքով են լինում, որպեսզի կենսափորձը նաեւ օգնի, որպեսզի նա ընդունելի լինի նաեւ ընդդիմության համար ու կարողանա գցել կամուրջներ ընդդիմության եւ իշխանության միջեւ։ Առաջին խորհրդարանում մի նորմ կար, որ խորհրդարանի ղեկավարը որեւէ ֆրակցիայի անդամ չպետք է լինի։ Այդ նորմը որոշ երկրներում հիմա էլ գործում է։

- Իսկ մեզ մոտ վերացավ։ Գուցե դա՞ է պատճառը, որ խորհրդարանի ղեկավարը դարձավ երկրի առաջին դեմքի աջ ձեռքը ու իր վրա է կրում մարդկանց դժգոհությունն առաջին դեմքով։

- Պատճառն իր այդ դիրքի ու կարգավիճակի բացառիկությունն է։ Այլ բան, որ դրանից գործադիրի ղեկավարը կարող է օգտվել եւ հարվածն ուղղել խորհրդարանի վրա։ Ես չեմ բացառում, որ Ալեն Սիմոնյանի այդ անզուսպ խառնվածքից օգտվելով, այդպիսի մի օպերացիա է կատարվում՝ հասարակության դժգոհությունը պարպելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image