Հարցազրույց

Այս ամենը անելու դեպքում՝ 7 տարի անց թափառող կենդանիների թիվը փողոցում կհավասարվի զրոյի

Այս ամենը անելու դեպքում՝ 7 տարի անց թափառող կենդանիների թիվը փողոցում կհավասարվի զրոյի

«Հրապարակի» զրուցակիցը Երևանի ավագանու անդամ, իրավապաշտպան, կենդանիների իրավունքներով զբաղվող Նարե Արամյանն է:

- Օրերս Սուրենավանում դպրոցահասակ պատանու վրա թափառական շներ էին հարձակվել եւ նա վազել էր` գլուխը հարվածել քարին ու մահացել: Ողբերգական դեպքը մեծ աղմուկ բարձրացրեց: Դրան հաջորդեց Հրազդան քաղաքում շների սպանդը: Հասարակությունը վերջին օրերին մի քանի մասի է բաժանվել` մի մասն ասում է, որ կենդանիների սպանդը պայքարի ամենաարդյունավետ ձևն է, կենդանասերներից ոմանք էլ շներին մարդկանցից շատ են սիրում, և ամեն դեպքում, նրանց են պաշտպանում: Այս անառողջ դիսկուրսում որտեղ է խնդիրը, որն է ճշմարտությունը, ինչպես լուծել թափառող շների խնդիրը:

- Միանշանակ թափառող կենդանիների հիմնախնդիրը հանրային առողջության և անվտանգության հիմնախնդիր է, սա պետք է հանրության ցանկացած խավ գիտակցի ու հասկանա: Այստեղ ոչ թե կենդանիների պաշտպանության խնդիրն է, այլ հանրային առողջության: Ցավոք, մեր հասարակության տարբեր շերտերի կողմից դա չի ընկալվում: Մի կողմից կենդանասերներն են, մյուս կողմից՝ անտարբերներն ու անսիրտները, բայց մյուս կողմից էլ կան լուրջ վախեր այն մարդկանց կողմից, որոնք անհիմն հակակրանք ունեն կենդանիների հանդեպ: Անկախ ամեն ինչից, մենք պետք է հասկանանք, որ թափառող կենդանիների խնդիրը հանրային առողջության կարևորագույն խնդիրներից է: Բարձիթողի վիճակը գալիս է պետական կառավարման և տեղական ինքանակառավարման մարմինների կողմից` տասնամյակներ շարունակ: Սա հանցավոր անգործության արդյունք է: Կան կոնկրետ խոշոր համայնքներ` Վանաձոր, Գյումրի, Աբովյան, Մասիս և այլն, կարծես, այնտեղ ուզում են լուծել թափառող կենդանիների խնդիրը, ինչ-որ մրցույթներ հայտարարելով: Օրինակ` նշում են, որ տվյալ քաղաքում կա 2000 թափառող կենդանի, բայց խոսում են 300-400 շան ստերջացման մասին: Իբրև թե ֆինանսական միջոցները բավականացնում են 300-ին ստերջացնելուն: Նախ պետք է հասկանալ, որ եթե ծրագրի իրականացման առաջին տարում խնդրի գոնե 80- 90 տոկոսը չենք լուծում, այդ ծրագիրը ոչ միայն օգուտ չի տա, այլև կաշխատի ի վնաս: Արդյունքում կենդանիները բազմանում են, ոհմակները շատանում են: Եթե չեք կարողանում համալիր ծրագրեր իրականացնել, ապա ուղղակի մի արեք` կոտորվեցինք բացատրելով 20 տարի շարունակ: Կան շներ, որոնց չեն էլ գրանցում, նույնականացման և հաշվառման ծրագիր կյանքի չեն կոչում, բնականաբար՝ կենդանաբուժական ծրագիր այս պարագայում իրականացվել չի կարող: Արդյունքում կենդանիները հայտնվում են փողոցում և բազմանում են: Նշեմ, որ չեն արտոնագրվում և հարկման դաշտ չեն մտնում բուծվող կենդանիները: Որքա՞ն կարելի է այս մասին խոսել: Կան շներ, որոնց պահում են հատուկ բուծելու համար: Ով չի կարողանում իր կենդանիների վաճառքն իրականացնել, նրանց փողոց է նետում, արդյունքում շատանում են թափառական շները: Հիմնական հարցն այն է` ինչպե՞ս է լուծվում խոշոր համայնքներում թափառող շների հարցը, որ կենդանիները հայտնվում են գյուղական համայնքներում: Գյուղական համայնքում թափառող կենդանի չի կարող լինել, որովհետև այնտեղ չկան սննդի աղբյուրներ, բայց մենք վերջին դեպքով ականատես եղանք, որ երեխաների կրթական կենտրոնի մեջտեղում կա խոշոր աղբավայր: Դա աղբավայր էլ չէ` աղբատեղի է, ինչն ուղղակի անհանդուրժելի է: Նախ առնետների և միջատների տեսանկյունից, հետո արդեն թափառող կենդանիների: Կրծող կենդանիները, պատկերացնո՞ւմ եք, թե որքան հիվանդություններ են տարածում: Բոլոր պայմաններն ապահովել են, որպեսզի լինի անկանոն, անվերահսկելի իրավիճակ, ինչը գնալով խորանալու է: Ինչո՞ւ ենք տարիներ շարունակ առաջարկել, պարտադրել, որ պետք է կառավարությանն առընթեր լինի միջգերատեսչական հանձնաժողով, որովհետև սա մեկ գերատեսչության խնդիր չէ. թե տարածքային կառավարումը, թե առողջապահությունը, թե ոստիկանությունը, թե ԱԻՆ-ը, և թե Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է բոլոր ՊՈԱԿ-ՀՈԱԿ-ներով ներգրավված լինեն այս խնդրում: Տեսնո՞ւմ եք, թե որքան անելիք կա, բայց ոչ միայն ոչինչ չի արվում, այլև իրավիճակը խորանում է: Կան խոսակցություններ, որ շների վրա ոստիկաններն են կրակել: Երեխայի մահը ոչ թե շան հարձակումից է վրա հասել, այլ հաչոցից վախեցել և վնասել է գլուխը: Կարող են նման դեպքեր լինել, սակայն պետք է դրա պատճառահետևանքային կապը հասկանանք: Պետք է կանխարգելել հանցավոր անգործությունը, հակառակ դեպքում նման դեպքեր նորից են լինելու:

- Շատ է խոսվում թափառող շներին ստերջացնելու մասին: Ստերջացված շներն իրականում տարբերվո՞ւմ են չստերջացված շներից: Ագրեսիան նվազո՞ւմ է ստերջացումից:

- Կենդանիների հիմնախնդրի լուծումը ցանկացած իմաստով, զանգվածային ստերջացումն է: Ստերջացման արդյունքում կենդանիների վարքագիծը փոխվում է, ագրեսիան վերանում է, որովհետև զրոյանում է հորմոնալ ֆոնը, որն ապահովում է կենդանիների ագրեսիվ վարքը, վերանում է ոհմակ հասկացողությունը: Իհարկե, կարող են շների փոքր խմբեր լինել, սակայն դրանք վտանգավոր չեն, ավելին` մարդամոտ են լինում ստերջացված կենդանիները: Առողջապահական տեսանկյունից կենդանիները պատվաստվում են և անցնում են զննում, որպեսզի իրենց շրջապատի մարդկանց, ինչպես նաև կենդանիների համար վտանգավոր հիվանդություններ չտարածեն: Ի դեպ, ցանկացած կենդանի, որին բռնում են` ստերջացման նպատակով, պետք է վերադարձնեն հենց այն նույն տարածք, որից վերցրել են: Ինչո՞ւ, որովհետև միջավայրը պետք է լինի նույնը: Մենք ահազանգեր ենք ստանում, որ կենդանիներին բռնում են` ստերջացնելու նպատակով, ամեն մեկին մի տեղ ուղղակի բաց են թողնում, դա անթույլատրելի է: Ի դեպ` կենդանիներին բռնելու մեթոդները ևս անթույլատրելի են: Կարճ ասած` ոչինչ ճիշտ չի արվում, արդյունքում տուժում են թե մարդիկ, և թե կենդանիները: Կենդանիների ոչնչացումը որևէ պարագայում չի կարող լինել ընդունելի և արդյունավետ խնդրի լուծման տարբերակ: Այն անթույլատրելի է նաև առողջապահական տեսանկյունից, իսկ ստերջացումն առողջ պայքարի ձև է: Ի՞նչ է ստերջացումն իրենից ենթադրում. կենդանիները պատվաստվում, մաքրվում ու վերադարձվում են տվյալ բնակավայր, որտեղ իրենք կարող են ապրել 5- 7 տարի: Այդ ամենին զուգահեռ գրանցվում են տանը պահվող կենդանիները, վերահսկվում են առողջապահական տեսանկյունից, այս ամենից հետո 7 տարի անց կենդանիների թիվը փողոցում կհավասարվի զրոյի: Բայց եթե մենք այդ ամենը չենք անելու, եթե 20 տարի է՝ այդ մասին ենք խոսում ու դեռ մի 20 տարի էլ պիտի խոսենք, ուրեմն իրավիճակն օր օրի վատանալու է: Պետք է պատասխանատվություն ունենալ, բայց ինչի՞ մասին է խոսքը, եթե անգամ չունենք այդ ամենի կանոնակարգման ծրագիրը: Արդյունքում ՏԻՄ-երն ինչ ուզում, անում են, կամ էլ` ոչինչ չեն անում:

- Մայրաքաղաքում ևս վիճակն անմխիթար է: Անգամ կենտրոնից ահազանգեր ենք ստանում, որ թափառող շների խնդիրն անհանգստացնում է մարդկանց: Որպես ավագանու անդամ` ի՞նչ ծրագրեր ունեք այս մասով: Թեպետ կենտրոնում ոչ կենդանիների սպանդ է եղել, ոչ էլ մարդ է մահացել` խնդրի պատճառով:

- Մենք առաջարկում ենք` առանձին համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծել Երևանի համար: Այս ամենի մասին մեր ՀԿ-ն քննարկում է ունեցել միջազգային գործընկերների հետ: Ծրագիրն ունի հստակ տրամաբանություն և արդյունավետ կլինի իրականացման դեպքում: Բայց խնդիրն այն է, որ քաղաքային իշխանությունները ոլորտին բացարձակապես չեն տիրապետում, հետևաբար չունեն այնպիսի մարդկային ռեսուրսներ, որոնք կկարողանան իրավիճակը վերահսկել, տալ գնահատական և այլն: Եթե մենք մինչ օրս չունենք թափառող կենդանիների հաշվառման ու քարտեզագրման ծրագիր, էլ ինչի՞ մասին կարող է լինել խոսքը: Մենք անգամ չգիտենք, թե ինչ տեսակ հիվանդություններով կենդանիներ են բռնում Երևանի տարբեր անկյուններից, ու առհասարակ համաճարակաբանական տեսանկյունից կա՞ վերահսկողություն, կարո՞ղ ենք արդյոք հույս կապել այս խնդրի մասով, իհարկե` ոչ: Առաջիկայում խնդիրները Երևանում ավելի են շատանալու: Ինչու, որովհետև մինչ օրս չկա կենդանիների մասին որևէ վիճակագրական տվյալ: Շատ է խոսվում, որ վերջին շրջանում կենդանիների կծման դեպքերն ավելացել են, բայց որքան էլ զարմանալի լինի, նշված չէ, թե ինչ կենդանիների մասին է խոսքը: Միայն համապատասխան հետազոտություններից հետո է հնարավոր կանխարգելել այս ամենը: Կանխարգելման որևէ գործողություն մինչ օրս չի արվել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image