Քաղաքականություն

Գյումրիում ՔՊ-ի ուժային տեռորը բախվում է միասնական պատնեշին

Գյումրիում ՔՊ-ի ուժային տեռորը բախվում է միասնական պատնեշին

Գյումրու տեղական ինքնակառավարման համակարգում ստեղծված ներկայիս իրավիճակը վաղուց արդեն դուրս է եկել սովորական քաղաքական տարաձայնությունների շրջանակից։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում հանրապետության երկրորդ քաղաքում, ոչ այլ ինչ է, քան իշխանության կողմից արհեստականորեն հրահրված ճգնաժամ, որի վերջնական նպատակը մեկն է՝ ամեն գնով զավթել Գյումրու կառավարման ղեկը։

​Դրա ակնառու և ամենախոսուն ապացույցը դարձան վերջին իրադարձությունները, երբ տեղական գործադրվող ճնշումներն անցան բոլոր թույլատրելի սահմանները։ Մի կողմից՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, տապալելով ավագանու նիստը` քվորում չապահովելու պատճառով, բացահայտորեն բոյկոտում ու կաթվածահար է անում քաղաքի բնականոն կյանքը։ Մյուս կողմից՝ նույն այդ ժամերին, գործի է դրվում ուժային ապարատը. իրավապահները խուզարկություն են իրականացնում ավագանու ընդդիմադիր անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանում։

​Այս երկու իրադարձությունների զուգադիպությունը պատահականություն համարելը կլիներ քաղաքական միամտություն։ Սա հստակ մշակված սցենար էր։ Երբ իշխանությանը չի հաջողվում ընտրողի քվեով կամ քաղաքական ճանապարհով հասնել իր ուզածին, գործի են դրվում վարչական ռեսուրսն ու ուժային լծակները՝ ավագանու անդամներին վախեցնելու, կոտրելու և ընդդիմադիր ձայները չեզոքացնելու համար։

​Կարեն Սիմոնյանը, անդրադառնալով իր դեմ սկսված արշավին և այն քրեական վարույթին, որն, ըստ էության, փորձում են կարել իր վրա՝ նպատակ ունենալով ամեն գնով քաղաքական մեկուսացման ենթարկել իրեն, ասում է.

​«Ինչի՞ մասին է խոսքը։ Մենք բոլորս քաղաքում հատ-հատ ճանաչում ենք թե՛ քաղաքական գործիչներին, թե՛ մյուսներին։ Սա պարզապես անհեթեթություն է։ Գյումրիում բոլորը գիտեն՝ ով ով է, և նման շինծու մեթոդներով անհնար է մարդկանց մոլորեցնել։Նայե՛ք, մտնում ես ընտրապայքարի մեջ, և այդ ընթացքում շուրջ 200-300 հոգի կամավորներ են հայտնվում, չէ՞։ Դու որտեղի՞ց իմանաս, թե նրանց մեջ ովքեր կան՝ իրենց մարդկանցից կա՞ն, թե՞ ոչ։ Ու ահա, հայտնվում են իրենց մարդկանցից, գաղտնի ձայնագրություններ են անում, դրանք կցում են մեր աշխատողների, մեր մարդկանց զրույցների հետ և փորձում են արհեստականորեն ինչ-որ բան ստեղծել»։
​Ավելին՝ ավագանու անդամը մատնանշում է այն փաստը, որ անգամ իրավապահների հրապարակած ու մեծ աղմուկ բարձրացրած ձայնագրությունում, որն օգտագործվել է որպես խուզարկությունների հիմք, իրականում որևէ հանցակազմ չկա.

«Իրենց հրապարակած ձայնագրությունում, որտեղ իբրև թե իմ անունն էլ է շեշտվում, բացարձակ խոսք չի գնում ընտրակաշառքի մասին։ Այնտեղ ընդամենը խոսվում է թիմային աշխատանքի ինչ-որ պայմանավորվածությունների մասին՝ թե ով ում հետ պիտի աշխատի, ով ում տեղամասում... Նայե՛ք, ենթադրենք նա իմ պատասխանատուն է, իմ պատասխանատվության տակ է գտնվում և այլն։
​Սա սովորական ընտրական, կազմակերպչական աշխատանք է։ Մենք ունենք շտաբներ, որտեղ, որոնց համար օրինական ֆոնդից բաց ու թափանցիկ գումարներ են փոխանցվել՝ շտաբի պետի, շտաբի պետի օգնականի և մյուսների աշխատանքի համար։ Ինչի՞ մասին է խոսքը։ Ես չգիտեմ, թե իրենք դրանք որտեղից են ինչ ձայնագրություններ վերցնում, կցում, կցմցում իրար ու փորձում բան սարքել, բայց եթե անգամ այդպես է՝ դրանք մեզ հետ ընդհանրապես կապ չունեցող բաներ են։ Ասե՛մ ձեզ՝ մենք այս քաղաքում ապրել ենք, ապրում ենք և չենք պատրաստվում լռել կամ նահանջել»։

​Կարեն Սիմոնյանը նաև ուշագրավ մանրամասներ է պատմում հենց իր բնակարանում կատարված խուզարկության ընթացքից, ինչը ցույց է տալիս, որ նույնիսկ գործողությունն իրականացնողները չեն հասկանում, թե ինչու են գտնվում այնտեղ.
​«Խուզարկությունն իրականացնող ոստիկանը, երբ ընթերցում էր, թե ինչի համար է եկել իմ բնակարան խուզարկություն անելու, ես ասացի՝ եղբա՛յր, այդ որ ընթերցում ես, դրա մեջ փաստ կա՞, հիմնավորում կա՞, կասկած կա՞, որ ես այդտեղ ներգրավված եմ։ Ասում է՝ չգիտեմ, ես ընթերցում եմ այն, ինչ ինձ տվել են։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ անհեթեթության աստիճանի է ամեն ինչ»։

Սիմոնյանի շուրջ ծավալվող այս իրադարձությունները, սակայն, տեղական դիմադրությունը կոտրելու մեծ սցենարի միայն առաջին արարն են։ Քաղաքական կուլիսներում արդեն իսկ կանխատեսումներ կան, որ իշխանության հաջորդ թիրախը լինելու է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, և ճնշումների հաջորդ ալիքն ուղղվելու է հենց նրա ու «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամների դեմ։ ​Սա խոսում է այն մասին, որ գործող վարչախումբը որդեգրել է Գյումրիի ավանդական քաղաքական էլիտաներին ամբողջությամբ ասպարեզից հեռացնելու տակտիկա։
​«Ղուկասյանների ընտանիքին ձերբակալելուց հետո հիմա արդեն հերթը հասել է Գրիգորյանների գերդաստանին»,֊
​«Հրապարակի» հարցին, թե ինչ է կատարվում, պատասխանեց «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը՝ նշելով, որ իրենց քաղաքական թիմի դեմ իրականացվող արշավը նորություն չէ, և իրենք պատրաստ են ցանկացած զարգացման.

​«Մեր թիմի նկատմամբ արդեն մեկ տարուց ավելի է՝ այդ բռնաճնշումները կան։ Դա գյումրեցիներն էլ են տեսնում, բոլորն էլ տեսնում են, և մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին՝ անգամ ամենաանհավանական տարբերակներին, որ կարող է անել իշխանությունը։ Չէ՞ որ մենք տեսնում ենք, թե իշխանության համար ինչքան թանկ է Գյումրու քաղաքապետի աթոռն ու այդ պաշտոնը»։
Այնուամենայնիվ, իշխանության կողմից Գյումրին կաթվածահար անելու և արհեստական ճգնաժամը խորացնելու փորձերը կարող են ձախողվել հենց իրավական դաշտում։

Հիշեցնենք, որ «Մեր քաղաքը» դաշինքի կալանավորված ավագանու անդամ Արտակ Հարությունյանը վայր է դրել իր մանդատը, և նրան երկու օր առաջ փոխարինեց ընտրական ցուցակի հաջորդ հորիզոնականում գտնվող Արա Պետրոսյանը։

​Այս փոփոխությունը քաղաքական դասավորության մեջ էական շրջադարձ է խոստանում։ Այն մեծ հավանականությամբ հնարավորություն է տալիս, որ Գյումրու ավագանու արտահերթ նիստ շուտով կհրավիրվի, և ազատված մանդատի համալրման շնորհիվ քվորումն արդեն իսկ կապահովվի։ Սա նշանակում է, որ իշխանության սցենարը՝ ավագանին ներսից փլուզելու և նիստերը տապալելու միջոցով քաղաքը զավթելու վերաբերյալ, կարող է հենց մոտ օրերս ձախողվել։

​Իրադրությանն իր գնահատականն է տալիս նաև փոխքաղաքապետ, Կոմունիստական կուսակցության անդամ Գագիկ Մանուկյանը՝ ընդգծելով, որ ճնշումներով հնարավոր չէ փոխել քաղաքի քաղաքական կամքը.

​«Իշխանությունները պետք է համակերպվեն, որ Գյումրիում կա ընդդիմադիր միասնական քաղաքական ուժ»,-ասում է նա։

​«Տեղի ունեցավ այն, ինչին սպասում էինք, որովհետև ամենաբարձր մակարդակով իշխանության կողմից և իշխանական մամուլով անընդհատ թմբկահարվում է, թե Գյումրիում պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ։ Բայց թե ինչ իրավական հիմքով՝ այդպես էլ չի ասվում, որովհետև դրա իրավական հիմքն իսկապես չկա։ Պարզապես ցանկանում են անցկացնել արտահերթ ընտրություններ ու վերջ, ամեն գնով հասնել իրենց նպատակին։

Այս խաղերը միշտ էլ արվել են, աշխարհում էլ է արվում, ժամանակին մեր գլխին էլ է եկել՝ շատ բան ենք տեսնել, շատ բան լսել։ Բայց այստեղ հիմա ի՞նչն է կարևոր. թող իշխանությունները համակերպվեն, որ Գյումրի քաղաքում ընդդիմադիր ուժերը միավորվել են, համախմբվել են իրար շուրջ,գյումրեցին էլ թող տեսնի` ինչպես են փորձում ամեն գնով չթողնել, որ իրավական ընտրված ավագանին աշխատի»,-նշում է Մանուկյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

×
Gallery Image