Վերլուծություն

Ճակատն ասես Նիկոլի անվտանգության բարձիկն է

Ճակատն ասես Նիկոլի անվտանգության բարձիկն է

Մինչ Նիկոլ Փաշինյանը սրտիկներ է բաժանում, «բարի լույս» մաղթում և իր ֆեյսբուքյան խաղաղ առավոտներով ցույց տալիս, թե ընտրությունների հետ ինքը նույնքան կապ ունի, որքան եղանակի տեսությունը՝ անձրևի հետ, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը բոլորովին այլ առաքելություն է կատարում։ Նա անցնում է ամոթի, թուքումուրի ու մեղադրանքների պատի տակով՝ այնպիսի հանգստությամբ, կարծես ամեն օր աշխատանքի գնալու ճանապարհին կամ աշխատանքից վերադառնալուց սա պարտադիր արարողակարգ է։

Ուշադիր նայելով նրա խրոխտ կեցվածքին՝ հասկանում ես՝ մարդն առանձնապես ընկճված կամ մեղավոր տեսք չունի։ Ընդհակառակը՝ նրա ճակատային հատվածի ամրությունն այն աստիճանի տպավորիչ է, որ թվում է՝ հենց դրա վրա է հենված ամբողջ քաղաքական կոնստրուկցիան։ Այդ ամրությամբ նա մի ամբողջ իշխանություն է պահում։ Իշխանությո՜ւն է պահում, Նիկո՜լ է պահում, իր պաշտոնն է պահում, վերջում էլ՝ սեփական նյարդային համակարգը։

Ու լրագրողների զարմանքն էլ մի տեսակ անհասկանալի է։ Երբ ԿԸՀ նախագահի հասցեին մարդիկ «կեղծարար» են բղավում, ամոթանք են տալիս, թուքումուրով «գունավորում», լրագրողները լուրջ դեմքով հարցնում են.

-Վատ բառերով են դիմում, կեղծարար են ասում, ամոթանքներ են տալիս... դա Ձեզ վրա վատ չի անդրադառնո՞ւմ։
Տո՛ դուք ի՞նչ եք ուզում Վահագն Հովակիմյանից։ Այդ մարդը սովորական պաշտոնյա չէ։ Նա պետական համակարգի հակահարվածային բարձիկն է։ Նրա աշխատանքի նկարագրության մեջ, երևի, առաջին կետով գրված է. «Կլանել հասարակական զայրույթը և դեմքի արտահայտությունը չփոխել»։

Իսկ եթե ամեն «ամոթ» լսելուց նեղանար, ամեն «կեղծարար» բառից սրտնեղեր կամ ամեն թուքումուրից հոգեբանական ճգնաժամ ապրեր, վաղուց այդ աթոռին ուրիշ մարդ էր նստած։ Այս պաշտոնում, երևի, ոչ թե իրավաբանական գիտելիքներն են ամենակարևորը, այլ ճակատի հաստությունն ու նյարդերի երկաթբետոնը։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

×
Gallery Image