Հասարակություն

«SMS հաղորդագրություն եմ ստացել»․ Գորիսի քաղաքապետին դատած դատավորը Սյունիքից գործուղվում է Շիրակ

«SMS հաղորդագրություն եմ ստացել»․ Գորիսի քաղաքապետին դատած դատավորը Սյունիքից գործուղվում է Շիրակ

Ուժային կառույցների ղեկավարների աշխատանքի նկատմամբ վարչապետ Փաշինյանի դժգոհությունից  և անմիջապես «sms» հաղորդագրություններով դրան հաջորդած պաշտոնանկություններից  հետո  եկան  նորանշանակները, խոստումներով վստահեցրեցին, որ անվերապահորեն պայքարելու են կոռուպցիայի դեմ, նպաստելու են դատաիրավական համակարգի նկատմամբ հասարակության վստահության վերականգնմանը:

«Ավելի քան մեկ ամիս է ,ինչ Սրբուհի Գալյանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում է, սակայն ցավով պետք է նշեմ,որ նախարարությունում դեռևս որևէ բան չի փոխվել :Նրան հասցեագրված որդուս  սպանության դեպքով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում արդեն 10-տարի քննության առնվող քրեական գործի շրջանակներում հրատապ քննարկման ենթակա և անհապաղ լուծում պահանջող ծանրակշիռ փաստերով ու փաստական հանգամանքներով հիմնավորված՝ դատավոր Հայկ Իսրայելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ ՀՀ բարձրագույն դատական խորհրդին դիմելու վերաբերյալ հաղորդումը կամայականորեն չի ստացել պատշաճ ընթացակարգ»,-Hraparak.am-ին  պատմելով՝ ասում է «Կյանքի իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ  Ռուզան Ադանալյանը՝ ընդգծելով, որ Արդարադատության նախարարության վերահսկողության վարչության պետ Արտաշես Սուչյանի կողմից տրվել է նախկին գրություններից ոչնչով չտարբերվող, նույնաբովանդակ, վերացական պատասխան, ինչը բնականաբար չէր կարող բավարարել իրեն:
Գյումրիում տարիներ առաջ  դաժանաբար սպանված երիտասարդի մայրը՝ Ռուզան Ադանալյանը   Գալյանին կրկին դիմում  է հասցեագրել, խնդրել  վերանայել  որդու սպանության գործին առնչվող բոլոր փաստերը:

«Եթե անգամ Գալյանը նշված դիմումից տեղյակ էլ չէ,ապա տարակուսելի է, թե նոր նշանակված նախարարի օրոք կարևոր պաշտոններ զբաղեցրած անձինք ինչպես կարող են համառորեն շարունակել նախորդ նախարարի սկզբունքներով առաջնորդվել: Միայն այն հանգամանքը, որ դատավոր Հայկ Իսրայելյանը 1 տարի առաջ իր իսկ կողմից բավարարած միջնորդությամբ նշանակված փորձաքննությունը տապալել է և 9-ամիս դատական նիստեր չի նշանակել, դրանով իսկ նպաստել որդուս  սպանությունը կատարած անձանց՝ պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները վրա հասնելուն, բավարար է կասկածելու , որ դատավորը անձնական շահագրգռվածություն ունի:
Հակադարձելով տիկին Գալյանի այն համոզմունքին , թե համակարգային կոռուպցիա չկա՝  մի աննախադեպ փաստի մասին եմ ուզում խոսել, որի նմանը երևի ոչ մի իշխանության օրոք չի արձանագրվել: Ունեմ  օրինական ճանապարհով արված  ձայնագրություն, որտեղ  գործով մեղադրող դատախազը համագործակցում է պաշտպանական կողմի հետ և  մեղադրող դատախազն է թելադրում , թե որոնք պետք է լինեն մեղադրյալի հետագա քայլերը:Ասեմ, որ  այդ փաստը  ամրագրված է քրեական գործի նյութերում: Ավելին, թե՛ ձայնագրությունը և թե՛ փորձաքննությամբ վերծանված տեքստային տարբերակը կարող եմ նվիրել համակագային կոռուպցիան բացառող արդարադատության նախարարին և երկրի վարչապետին՝ գլխավոր դատախազի և իր  «վաճառականների» համար իր հեղինակած «գնդակահարության պատի» ներքո տեղ հատկացնելու»,-վրդովված ասած սպանված երիտասարդի մայրը՝ նշելով, որ ի զարմանս իրեն՝ որդու գործը վարող դատավոր Հայկ Իսրայելյանն, ի վերջո , դեկտեմբերի 18-ին նիստ է  նշանակել և բավարարել  դեռևս հունիս ամսին իրեն հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը:

Բայց, ինչպես մեր զրուցակիցն է պատմում, դատավորն այդ որոշումը պատահական չի կայացրել, պարզվում է՝ Հայկ Իսրայելյանը շուտով լքելու է Շիրակի մարզը՝ գործուղվելով այլ մարզ:

«ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը լրատվամիջոցներից մեկին պատմում էր իր պաշտոնավարման օրոք համակարգում կատարած «բարեփոխումների» մասին և համաձայն դրա՝ դատախազության պատվերն ավարտին հասցնելուց հետո նախատեսել էր դատավոր Հայկ Իսրայելյանին տեղափոխել մեկ այլ դատարան՝ շառից, փորձանքից հեռու: Հասկանալի է չէ՞,թե գլխավոր դատախազ՝ Աննա Վարդապետյանն ու այս  գործով մեղադրող՝ Տաթևիկ Ղուկասյանն ինչու են 9-ամիս հաճելիորեն լռել»: 

Ի դեպ, տեղեկացանք, որ Հայկ Իսրայելյանին փոխարինելու է գալիս Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը, որը  2015-2016 թվականներին  Շիրակի մարզային քննչական վարչությունում աշխատել է քննիչ : Այնուհետև նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, որից ընդամենը 1տարի մի քանի ամիս անց՝ 2023թ  նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Վարսենիկ Մելքոնյանը  հիմնականում քաղաքական բնույթի քրեական  գործեր է քննել, օրինակ՝ հենց նա բավարարեց  Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կալանավորման միջնորդությունը:

Ռուզան Ադանալյանը գրեթե վստահ է, որ որդու գործը հենց նրան է մակագրվելու ․ 

« «SMS  հաղորդագրություն եմ ստացել»․ Նիկոլ Փաշինյանի դատավորը Սյունիքից գալիս է Մարալիկ, «Դափնիներով սպասում եմ», մի քանի օրից ամեն ինչ կերևա... : Մամուլում մի հետաքրքիր բան տեսա՝ «Եթե Վարսենիկ, ուրեմն Վարդանն էլ հետն է» վերնագրով մի հոդված, որտեղ ասվում էր, որ  Վարսենիկ Մելքոնյանը որ տարածաշրջան որ տեղափոխվում է դատավոր աշխատելու՝ նրա ամուսին Վարդան Հովհաննիսյանը ևս ընդունվում է տվյալ դատարան աշխատանքի»,-ասում է Ադանալյանը՝ նկատելով․ 

«Ըստ ՀՀ դատական օրենսգրքի»՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նախատեսում է առնվազն 12-դատավոր : Մինչդեռ ՀՀ դատական իշխանության կայքում ամրագրված տեղեկություններով ներկա պահի դրությամբ՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործող դատավորների թիվը 13-ն է և կարծես թե դատավորի թափուր պաշտոն առկա չէ:  Չնայած ԲԴԽ որոշումը կայացել է հոկտեմբեր ամսին,սակայն Վարսենիկ Մելքոնյանը Շիրակի մարզ է տեղափոխվելու դեկտեմբերի 30-ին , իսկ մինչ այդ շարունակելու է  Սյունիք մարզի դատարանի դատավորի կարգավիճակում քննել իր վարույթի գործերը:  Հայկ Իսրայելյանը նիստեր չի նշանակել այնքան ժամանակ,մինչև Վարսենիկ Մելքոնյանի Շիրակի մարզի դատարան տեղափոխվելու ժամկետը՝ դեկտեմբերի 30-ը մոտենա: Ներկա պահին քրեական գործի ամբողջ նյութերն ու իրեղեն ապացույցները փետրվար ամսից Հ.Իսրայելյանը թողել է ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնում, չիբացառվում,որ գործը դատարան վերադարձնելու համար ևս ժամանակ վատնելու նպատակ հետպնդվի և ձգձգվի նաև վերաբաշխման գործընթացը: Չնայած այն հանգամանքին,որ դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին միջամտելը նախատեսում է քրեական պատասխանատվություն, իսկ այդ օրենքը՝ առավել քան Շիրակի մարզի դատարանում չի գործում:Ի՞նչն է այստեղ ուշագրավ ․ մի դատավորից գործը շարունակաբար փոխանցելով մեկ այլ դատավորի՝ դատավորների թվաքանակի հաշվին փորձում են չեզոքացնել նախորդների կատարած հանցագործությունները: Ամենայն հավանականությամբ, Վարսենիկ Մելքոնյանն էլ իր բաժին պատվերը կկատարի»,-մտահոգություն հայտնելով՝ ասաց Ադանալյանը :

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image