Հասարակություն

«Հրապարակ». Ապրում ենք թե՛ պետության եւ թե՛ տրամաբանության հերն անիծելով 

«Հրապարակ». Ապրում ենք թե՛ պետության եւ թե՛ տրամաբանության հերն անիծելով 

Փաշինյան-Հակոբյան զույգի ընտանեկան թերթի նախկին լրագրողներից ոմանք, ներկայացնելով իրենց խմբագրին, ասում էին, որ վերջինս շարունակ սկանդալային լուրեր էր պահանջում իրենցից: Հաշվի առնելով նախկինների օրոք ծաղկող «բեսպրեդելը»՝ կարելի է հասկանալ ու նույնիսկ որոշակիորեն արդարացնել այն օրերի ընդդիմադիր թերթի ղեկավարին: Դա էր պահանջում այն իրադրությունը, որում հրապարակվում էր թերթը: Չնայած ես, որպես նախորդ դարի 90-ականների վերջի ու 2000-ականների սկզբի գործող լրագրող, երբեք չեմ տրվել այդ մթնոլորտին: Բերեմ մեկ օրինակ. պետական կառույցներից մեկում աշխատակիցն ինձ, անկախ իր կամքից, խիստ սկանդալային տեղեկություն տրամադրեց: Լինելով գործող իշխանության միջին կարգի պաշտոնյա՝ նա աշխատանքային հարցով, մեղմ ասած, անհամաձայնության մեջ էր ղեկավարության հետ ու բարկության պահին բերանից թռցրեց այն, ինչը երբեք չեն խոստովանում լրագրողներին: Բայց անմիջապես ինքն իրեն հավաքեց ու մի քիչ խեղճացած հարցրեց, թե չեմ հրապարակելու, չէ՞, ասվածը: Նրան հանգստացրի՝ ասելով, որ չեմ անելու ու պահում եմ խոստումս: Ու հիմա էլ՝ գրելով այս տողերը, չեմ նշում ո՛չ կառույցը եւ ո՛չ էլ նրա ով կամ ինչ լինելը: 

Բայց «Կարմիր կովը կաշին չի փոխում»՝ ասում է մեր ժողովուրդը: Ընդհանրապես, ի տարբերություն ընտրական գործընթացին ամեն մի առանձին մարդու մասնակցության որակի, ժողովրդի խոսքն իմաստուն է լինում: Եվ, ըստ այդմ, առաջնորդվելով վերը նշված ասույթով, պետք է ընդունենք, որ այսօր էլ Փաշինյանը մնացել է իմ հիշատակած ժամանակաշրջանի լրագրողի մակարդակին ու մտածողությանը: Ու երբ ասում էր, թե 7 տարի մնացել է առաջին դասարանում, իհարկե, այլ բան ուներ մտքում, բայց ենթագիտակցորեն բացահայտեց, որ առաջընթացի առումով նրան ոչինչ չի տվել յոթնամյա վարչապետությունը, ինչը, իհարկե, շատ վատ է. վատ է թե՛իր համար եւ թե՛ մեր պետության տեսակետից: Չնայած իր պատճառով մեր ժողովրդին պատուհասած բազմաթիվ ու բազմատեսակ արհավիրքներին՝ նախկին սկանդալային լրագրողն ու խմբագիրը հարմար տեղավորվել է պոպուլիստ ղեկավարի մտածողության մեջ: 
Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի՝ անդրադառնամ նրա ֆեյսբուքյան «սենսացիոն նորությանը»: Մարդը ծանոթացել է կաթողիկոսի խոսքին, թե նա «հիշել» է, որ, հայոց եկեղեցու Կանոնագրքի համաձայն, կարգալույծ արված քահանան չի կարող պատարագ մատուցել:

Իր «հեղինակավոր» կարծիքով, փորձում է սխալ հանել կաթողիկոսին, որը, իր ասելով, դրժել է կուսակրոնության ուխտը: Ու «հիմնավորում» է, որ այդ փաստի բերումով կաթողիկոսն ինքնին կարգալույծ է: Քանի որ երկար ժամանակ Եկեղեցու դեմ պատերազմ նախաձեռնած Նիկոլը չէր կարող չուսումնասիրել այդ հարցը, վստահաբար տեղյակ է, որ որեւէ փաստի բերումով Եկեղեցու ղեկավարը չի կարող մեխանիկորեն համարվել կարգալույծ եղած, որովհետեւ այդ գործընթացը պետք է իրականացվի համապատասխան մարմնի կողմից: Ճիշտ այնպես, ինչպես դա տեղի է ունեցել նախկին քահանայի առումով, որը վերադարձել է ծնողների կողմից իրեն տրված անուն-ազգանվանը՝ Ասատրյան Ստեփան: 

Որպես վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ՝ Նիկոլը ծանոթ է ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասին, որում հիշատակվում է «իրավունքի ուժով» իրավական հասկացությունը: Ներկայացնեմ այդ մասն ամբողջությամբ: «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: Սակայն ողջ խնդիրն այն է, որ եկեղեցական Կանոնակարգով որեւէ հոգեւորականի կարգալույծ անելու գործընթացում «իրավունքի ուժով» իրավական հասկացությունը որեւէ դեր չի խաղում: Այնինչ, Նիկոլը հենց այդ հանգամանքն է հրամցնում կիսագրագետ կամ անգրագետ զանգվածին: Իսկ այդ զանգվածն էլ՝ առանց դա գիտակցելու, կրկնում է այդ անհեթեթությունը: Մի մասն էլ, որին կիսագրագետ չես կարող համարել, գիտակցելով այդ երեւույթի անհեթեթությունը, ստիպված կրկնում է այն, որպեսզի չզրկվի Նիկոլից ստացած պաշտոնից: 

Ահա այդպես, թե՛ պետության եւ թե՛ տրամաբանության հերն անիծելով, ապրում ենք: Իսկ հույն փիլիսոփաներ Պլատոնն ու Արիստոտելն էլ, ովքեր տրամաբանության հիմքերն էին ձեւավորում կամ լավագույն պետության մոդելը մշակում, այս յոթուկես տարվա ընթացքում բազմիցս շուռ են եկել իրենց գերեզմաններում: Եվ մի բան էլ․ «Հրապարակ»-ի հարգելի՛ ընթերցողներ, երբ Նիկոլն իր լայվում արտասանում է «Սուրբ եւ Անմահ պատարագ» բառակապակցությունը՝ ես զգում եմ, թե որքան պաթետիկ ու ըստ այդմ՝ կեղծ է այն հնչում իր շուրթերից: Հետաքրքիր է՝ նույնը դուք է՞լ եք զգում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image