ԱԺ վերջին ընտրություններից հետո, երբ ազատ, արդար ընտրությունների արդյունքում խորհրդարանում փաստացի ճնշող մեծամասնություն կազմեց «Իմ քայլը» դաշինքը՝ իր 88 պատգամավորներով, շատերն են տարակուսում, որ ապագայում Հայաստանին կարող է սպառնալ միակուսակցական համակարգը։
Ինչո՞ւ խորհրդարանում չներկայացված բազմաթիվ կուսակցություններն այսօր ձեռնպահ են մնում քաղաքական կոնկրետ ծրագրեր ներկայացնելուց եւ գործունեություն ծավալելուց։
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը, մեր այս հարցին ի պատասխան, արձագանքեց․ «Ամենախոցելի հարցն է Հայաստանում։ Հիմնականում տնտեսական արգելքն է պատճառը, ուրիշ ոչինչ։ Ինձ թվում է, որ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը կուսակցություններ չի ստեղծում, նախկինում սարքում էր կուսակցություններ։ ԱԱԾ-ն ստեղծում էր «շնիկ» կուսակցություններ։ Դրանք աճում էին։ Եվ լավ է, որ հիմա ԱԱԾ-ն չի ստեղծում նման կուսակցություններ։ Իսկ հետհեղափոխական Հայաստանում պետք է գործեն կուսակցություններ։ Հիմա, նկատում եք, կան դժվարություններ, բայց կա պահանջարկ։ Կարծում եմ, հիմնական պատճառը ֆինանսականն է, որովհետեւ կուսակցությունների ստեղծման եւ գործունեության համար ներդրումներ են պահանջվում»։
Ինչո՞ւ պետք է ստեղծվեն նորերը, երբ փոքրիկ Հայաստանում թիվ ու հաշիվը կորցրած այնքան շատ կուսակցություններ կան։
«Եղածները սպառել են իրենց, եթե չեն կարողանում գործել։ Դրանք անցյալի կուսակցություններ են։ Գուցե գաղափարների պակասն է նաեւ, որ կուսակցություններ չեն ստեղծվում։ Բայց դրանք պետք է լինեն, օդի մեջ թափառում է այդ հարցը, անխուսափելի է, որ պետք է լինեն նոր կուսակցություններ։ Խորհրդարանը մոնոպոլ է։ Ես կարծում էի, որ ոչինչ, որ ԱԺ-ն մոնոպոլ է, դրսում կլինեն կուսակցություններ, որոնք կգոռան, կգոչեն։ Բայց պարզվեց, որ հին կուսակցական համակարգը փլուզվել է, ինչպես հին ռեժիմն է փլուզվել։ Եթե արհեստական ներարկումներ չկան, խնդիրներ չկան, ապա դրանց մի մասը մեռնում է։ Ես կարծում եմ, որ այսօր Հայաստանին ավելի շատ պետք են արհեստակցական միություններ, քան՝ կուսակցություններ»,- նշեց քաղաքագետը։