London Times-ի սկանդալային եւ սարսափազդու հրապարակումը, ըստ որի՝ արեւմտյան դեղագործական ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների եւ հաշմանդամների վրա՝ նրանց որպես ծովախոզուկներ օգտագործելով, ՀՀ պաշտոնական վերնախավում ջղային ռեակցիա առաջացրեց եւ հերքումների տարափ: Անհայտ այս պարբերականի հրապարակմանը պատասխանեցին ե՛ւ առողջապահության նախարարը, ե՛ւ վարչապետի գրասենյակը, թեեւ թվում է, թե ճիշտ կլիներ նախ պարզել, թե կա՞ արդյոք նման պարբերական կամ հրապարակում, թե՞ ոչ, նոր «թեւքերը քշտել» ու ջուրը մտնել:
Հիշեցնենք․ ըստ հոդվածագրի՝ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հավանությամբ մարդասիրական նախաձեռնությունների անվան տակ նոր վտանգավոր նյութերի փորձարկման ծրագիր են գործարկել, իսկ նյութերն ու դեղամիջոցները նախատեսված են զինվորների համար, ունեն թմրամիջոցի ազդեցություն, նաեւ առաջացնում են սադիստական հակումներ եւ ճնշում են կարեկցանքը: Հնչում են ռեալ մարդկանց՝ փորձարկումներից տուժածների անուններ, որոնք պատմել են իրենց տպավորությունները հոդվածագրին, դիստրիբյուտորների տվյալներ են բերվում, բարձր պաշտոնյաների, որոնք մասնակից են եղել գործարքների կնքմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, փորձարկումներում իբր ներգրավված բուժհաստատությունների անուններ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սա համարում է սուտ պնդում՝ պարզաբանելով, որ հոդվածում հիշատակված դեղագործական ընկերություններից (Stada, Servier, Sanofi, Bayer) 2018-2025 թվականների ընթացքում միայն Servier ընկերությունն է դիմել կլինիկական փորձարկման թույլտվություն ստանալու հայտով, իսկ Pervitin դեղը, որի մասին խոսվում է հոդվածում, Հայաստանում գրանցված չէ, կլինիկական հետազոտության հայտ չի ներկայացրել:
Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ շտապեց հայտարարել, որ London Times կայքը սուտ տեղեկություն է հրապարակել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին վերագրելով «գաղտնի պայմանավորվածություններ եվրոպական դեղագործական ընկերությունների հետ»։ Ըստ Նազելի Բաղդասարյանի, «ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում» դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան, հրապարակման մեջ նշված որեւէ պայմանավորվածություն կամ պայմանագիր չկա, փորձարկումների մասին բանակցություն չի եղել: Թե վարչապետի շրջապատ ասելով ինչ է հասկանում խոսնակը, պարզ չեղավ։ «Տվյալ հրապարակումը, վարչապետի հանձնարարությամբ, ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու համար»,- ասված է նրա պատասխանում:
Փորձեցինք տվյալներ հավաքել London Times կայքի մասին՝ ինչ պարբերական է, որին այսչափ ժրաջան եւ օպերատիվ կարգով պատասխանում են բարձր չինովնիկները: Պարզ որոնմամբ գտանք մի քանի կայք, որոնց անվանումներում կան London Times բառերը՝ London Times Live, My London Times, որը բլոգ է, Westminster Times, East London Times, սակայն հենց London Times անվանումը կրող կայք չգտանք: Անգամ արհեստական բանականությանը դիմեցինք ու կրկին ստացանք նույն ցանկը եւ պատասխան. «Այս կայքերը կապված չեն Բրիտանիայի հայտնի The Times թերթի հետ»:
«Վագա Ֆարմ» ընկերության սեփականատեր Վահե Վարսանյանը, որը երկար տարիներ զբաղվում է դեղերի ներմուծմամբ, հոդվածում նշված մարդկանց մի մասին՝ դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներին, անձամբ ճանաչում է: Նա թերահավատ է նյութում շարադրվածի վերաբերյալ: «Նախ, կլինիկական փորձարկումների մասին օրենքն այնքան բարդ է, ընթացակարգը՝ դժվար հաղթահարելի, որ դրանք շրջանցելը գրեթե անհնար է: Իսկ այս նյութում կոնկրետ հիվանդանոցների անուններ են նշում, մարդկանց, ներկայացուցիչների: Հասկացանք, որ Փաշինյանը չարիք է, չի նշանակում, որ ինչ հիմարություն լինի, պետք է ջարդեն նրանց գլխին: Ի վերջո, հրապարակումը լուրջ վնաս է բերում Հայաստանի վարկանիշին, չկա նման պարբերական, ինձ հայտնի չէ: Չի բացառվում, որ հենց իրենք էլ տարածում են, հիմարություններ են գրում, որ հետո ասեն՝ տեսեք, մեր դեմ ինչպիսի ստեր են տարածում»,- ասաց նա: Նաեւ հայտնեց, որ Sanofi, Bayer ընկերությունները, որոնց անունները եւ որոնց ներկայացուցիչների անունները նշվում են հրապարակման մեջ, Հայաստանում չունեն ներկայացուցիչներ: «Bayer ընկերությունն այստեղ ընդհանրապես չունի ներկայացուցչություն: 7 տարի առաջ փակվել է: Ներկայացուցչի անուն է նշվում՝ Ալեքսանյան Լուսինե, որը վաղուց արդեն ներկայացուցիչ չէ: Sanofi ընկերությունը նախկինում ունեցել է, սակայն հիմա չունի»:
Զանգահարեցինք Վասիլի Ստեփանյանին, որի անունը սկանդալային նյութում նշված է որպես Sanofi-ի ներկայացուցչի: Նա, ըստ հրապարակման, ի թիվս այլոց, «գործելով ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական ցանցերի միջոցով, ապահովել է գործարքների արդյունավետ իրականացումը՝ նվազագույն միջամտությամբ», իսկ գործարքները կապված են Հայաստանի հետ: «Փորձարկվողների թվում էին ոչ միայն մեծահասակները, այլեւ բնակչության խոցելի խմբերը, որոնք չէին կարող համաձայնություն տալ»,- ասված է նյութում: «Սա էժանագին ֆեյք է, որի ոտքերն աճում են Հայաստանից: Sanofi-ն պաշտոնապես հեռացել է երկրից 2018 թվականին: Այնտեղ հիմարություններ են գրված: Նշվում է Րաֆֆի Սոուսանին Servier-ից, բայց նման ղեկավար, նման մարդ այնտեղ չկար, ինձ հայտնի չէ, համենայնդեպս: Գիտեմ, որ Sanofi-ի անվտանգության ծառայությունը հիմա զբաղվում է այս դեպքով: Վստահ եմ, որ այս նյութը հրապարակել են հայերը, «Նովոստնիկ» կայքում, որի հիմնադիրները մեր հայրենակիցներն են՝ հայերը, հետո՝ այդ ֆեյք կայքը՝ «Լոնդոն թայմը»: Մի խոսքով, վստահ եմ, որ սա պատվերով նյութ է, եւ պետք չէ նրանցից նեղանալ»: Հարցին, թե ինչ նպատակով է պատվեր իջեցվել, Վասիլի Ստեփանյանը պատասխանեց՝ սեւացնել մարդկանց, հիվանդանոցները, ընկերությունները:
Առողջապահության փորձագետ, ՊԱԳ նախկին պետ Ծաղիկ Վարդանյանը եւս վստահ է, որ հրապարակման մեջ թվարկված տվյալներն անհիմն են: «Չեմ կարծում, որ նման սարսափելի բաներ եղած լինեն՝ այս մակարդակի, այս ձեւի: Քովիդի ժամանակ եղել են դեղորայքի փորձարկումներ, բայց ոչ միայն Հայաստանում է դա եղել: Այո, մարդկանցից ստորագրություններ էին վերցնում՝ դեղերը ներարկելու համար, բայց քովիդն արտակարգ իրավիճակ էր, նոր դեղերի հետ գործ ունեինք»,- ասաց նա: