Ապրիլի 20-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջանին Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը համեմատություն էր կատարել Արցախի և Ղրիմի միջև։
«․․․ օրինահեն կարգը պետությունների միջև խաղաղ հարաբերությունների համար առանցքային հիմքն է: Այն գնում է մեր ընդհանուր հիմնարար արժեքների դեմ, եթե պետության ինքնիշխանությունը և ամբողջականությունը կասկածի տակ է դրվում և արհամարհվում, ինչպես ականատես ենք լինում Ղրիմում և Լեռնային Ղարաբաղում: Եվրոպայի Խորհուրդը կարող է վճռական դեր խաղալ այստեղ, բայց միայն եթե Եվրախորհրդի բոլոր հաստատությունները սերտորեն համագործակցեն», - ըստ ԵԽԽՎ պաշտոնական կայքի՝ ասել էր Գերմանիայի հեռացող կանցլերը։
Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է Հայ կառուցողական կուսակցություն նախագահ Անդրիաս Ղուկասյանի հետ։
- Պարո՛ն Ղուկասյան, Անգելա Մերկելը համեմատել էր Լեռնային Ղարաբաղը և Ղրիմը։ Ո՞րն էր պատճառը, որ Մերկելը հղում էր արել տարածքային ամբողջականությանը։ Արդյո՞ք այստեղ կային նաև հայկական դիվանագիտության թերացումները։
- Այո, իհարկե, դա մեր դիվանագիտության խնդիրն է։ Եվ տեսնում ենք, որ Մերկելը հավասարության նշան դրեց Ռուսաստանի Դաշնության գործողությունների և Հայաստանի իշխանությունների գործողությունների միջև՝ մատնանշելով Ղրիմը և Արցախը որպես օրինակներ երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի։ Դա մեր դիվանագիտական համակարգի բացթողնման արդյունք է։ Մենք չկարողացանք այս բոլոր տարիների ընթացքում աշխարհին, միջազգային հանրությանը բացատրել այն կարևոր դրույթները, որոնք վերաբերում են Արցախի Հանրապետությանը, որ այդ Հանրապետության հռչակումը եղել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխանող։ Եվ չենք կարողացել հիմնավորել մեր ինքնապաշտպանական գործողությունները, դրանց անհրաժեշտությունը և անտանգության գոտու ստեղծման անհրաժեշտությունն Արցախում։ Նաև մեր բացասական դերակատարությունն այս ամենի մեջ խաղացել է այն դիրքորոշումը, որ Հայաստանը չի ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Եվ ողջ աշխարհի համար դա մեսիջ է, որ Հայաստանն օրինական չի համարում Արցախի Հանրապետության ճանաչումը, ինչը որ բերում է նման հետևանքների, ինչպիսին որ լսեցինք Մերկելի շուրթերից։
- Սա նաև կարո՞ղ է կապված լինել Արևմուտքի որդեգրած հակառուսական քաղաքականության հետ և նաև այն հանգամանքի հետ, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։
- Անկասկած, դա է հենց հանդիսանում գլխավոր պատճառը։ Մեզ դիտարկում են բացասական լույսի ներքո, որովհետև մենք հանդես ենք գալիս որպես ՌԴ հավատարիմ դաշնակից։ Եվ նույնիսկ երկրորդ Արցախյան պատերազմում, երբ ակնհայտ է, որ Ռուսաստանը կանգնել է Ադրբեջանի շահերը պաշտպանելու դիրքերում, մենք շարունակեցինք Ռուսաստանի արտաքին շահերը սպասարկելու քաղաքականություն։
- Քայլերը որո՞նք պետք է լինեն, որ սա դոմինոյի էֆեկտ չունենա, և այլ եվրոպական երկրների ղեկավարներ Մերկելի օրինակով այսպիսի համեմատություններ չանեն։
- Ասել եմ դա պատերազմի ժամանակ, կրկնում եմ հիմա։ Գտնում եմ, որ ընտրությունների ժամանակ դրա մասին պետք էր խոսալ։ ՄԱԿ-ի գալիք վեհաժողովի նսիտին հարկավոր է բարձրացնել հարցը, որ Արցախի Հանրապետության անկախության հռչակման վերաբերյալ Միջազգային դատարանը Հաագայում տա իր խորհրդատվական եզրակացությունը։ Իրականում, Արցախի Հանրապետության անկախության հռչակումը, ինչպես ասացի, չի հակասում միջազգային իրավունքի նորմերին։ Եվ եթե համեմատենք Կոսովոյի հետ, Արցախն իր անկախությունը պնդելու ավելի ամուր հիմքեր ունի։ Ցավոք սրտի, Հայաստանը 30 տարի չի գնացել այս ճանապարհով, փոխարենն այլ բաներով է զբաղված եղել։ Եվ արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Այսօր շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը հասկանա, որ կա այդ հնարավորությունը բարձրացնել այդ հարցը ՄԱԿ-ի աշնանային Գլխավոր վեհաժողովում և բեկում մտցնել այս գործընթացի մեջ։
- Նկատի ունեք՝ ինքնորոշման փաստաթուղթը ներկայացվի ՄԱԿ-ի Հաագայի դատարան։
- 2010 թվականին Հաագայում դատարանը խորհրդատվական եզրակացություն է տվել Կոսովոյի անկախության հռչակման (2008թ․) հարցով։ Ըստ այդ եզրակացության՝ Կոսովոյի անկախության հռչակումը չի հանդիսացել Սերբիայի տարածքային ամբողջականության խախտում։ Եվ այդ անկախության հռչակման ճանաչումը, ըստ այդ խորհրդատվական եզրակացության, դատարանը ճանաչել է օրինական։ Բազմաթիվ պետություններ այդ եզրակացության հիման վրա ճանաչեցին Կոսովոյի անկախությունը, և առ այսօր Կոսովոն հանդիսանում է մասամբ ճանաչված պետություն, որովհետև բազմաթիվ պետություններ Կոսովոյի հարցում այդ կարծիքին են։ Բացառությունը կազմում են մի շարք պետություններ, որոնք իրենք ունեն ազգային փոքրամասնությունների իրավունքների խնդիր։ Եվ այդ պետությունների պատճառով Կոսովոյի հարցը դեռևս մնում է առկախված։ Արցախի անկախության հռչակումը համեմատ Կոսովոյի անկախության հռչակման հետ ունի ավելի ամուր հիմքեր։
- Որո՞նք են այդ հիմքերը։
- Բազմիցս դրա մասին ասել եմ։ Եվ բոլոր մասնագիտական շրջանակներում դա ընդունված փաստ է։ Հայտնի է, որ Խորհրդային Միության օրենսդրությունը կարգավորում էր ԽՄ հանրապետությունների դուրս գալու գործընթացը Միության կազմից։ Եվ այդ օրենսդրությունը սահմանում էր, որ Միության կազմից դուրս գալու դեպքում ինքնավար մարզերում, ինքնավար հանրապետություններում ապրող ազգային փոքրամասնությունների ինքնորոշման իրավունքը պահպանվում է։ Եվ այդ միավորների բնակչությունը լիարժեք ազատ են ինքնուրույն ձևակերպել իրենց կարգավիճակին վերաբերող հարցը։ Այսինքն, 1991 թվականին, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, և Ադրբեջանը դուրս եկավ Խորհրդային Միության կազմից, Արցախի բնակչությունն իրավասու էր առաջ քաշել իր կարգավիճակի հարցը և իրավասու էր այդ հարցին ինքնուրույն լուծում տալ։ Սա անվիճալի փաստ է մանավանդ Եվրոպայի Խորհրդի պետությունների համար, ինչպիսին Գերմանիան է։ Խորհրդային Միության այն օրենսդրությունը, որը որ պահպանում էր ազգային փոքրամասնությունների ինքնորոշման իրավունքը, անտեսվել է այդ ժամանակ, երբ ճանաչվում էին պետությունները նախկին Խորհրդային Միության տարածքում, ինչը հանգեցրել է բավականին շատ կոնֆլիկտների։
Եվ այդ կոնֆլիկտների մի մասը միջազգային հարցի պատճառն են դարձել, նույն Ղրիմի հարցը։ Ղրիմի, Աբխազիայի, Պրիդնիստրովիայի, Հարվային Օսետիայի, Արցախի հարցը պայմանավորված են նրանով, որ Խորհրդային Միության փլուզման ժամանակ այդ կանոնը, որ այդ տարածքներում ապրող բնակչությունն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր քաղաքական կարգավիճակը, անտեսվել է։ Լիովին անտեսվել է, ինչը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում։ Եվ դրա պատճառով հակասություն է ստեղծվել այդ միավորների բնակչության ինքնորոշման իրավունքի միջև և այդ նորաստեղծ պետությունների տարածքային ամբողջականության հարցում։ Ես բազմիցս անդրադարձել եմ իմ հոդվածներում և իմ ելույթներում։ Եվ այդ թեման Հայաստանում հայտնի է։ Մասնագիտական շրջանակներում դրա վերաբերյալ բանավեճ չկա։ Դա փաստ է, որը որ վեճի առարկա չէ։ Խնդիրն այն է, որ այդ փաստի վրա մեր երկիրը երբեք չի կառուցել իր արտաքին քաղաքականությունը։ Եվ սա բերել է այս ազգային աղետին, որը մենք ապրեցինք երկրորդ Արցախյան պատերազմի հետևանքով։ Մենք հետևականորեն անտեսում էինք իրավունքի դաշտը և փորձում էինք Ադրբեջանի հանցավոր ռեժիմի հետ գալ ինչ-որ ընդհանուր հայտարարի, ինչը որ անիմաստ, անօգուտ և հիմար զբաղմունք էր, որը թույլ տվեց Ադրբեջանին օգտագործել պատրաստվելու, ռազմական առավելություն ձեռք բերելու համար՝ նաև մեր ռազմական դաշնակցի միջոցով՝ Ռուսաստանի միջոցով։ Նաև Բելառուսիայի միջոցով, որը նույնպես Հայաստանի ռազմական դաշնակիցն է։ Եվ, ըստ էության, այդ ամենը գործեց մեր ազգային շահերի դեմ։ Այսօր ժամանակն է այդ հարցերին նայել նոր դիրքերից, կողք դնել այլ պետությունների շահերը և ղեկավարվել բացառապես հայ ժողովրդի օրինական շահերն առաջ տանելու առաքելությամբ։ Եվ ես գտնում եմ, որ այդ խնդիրը մեզ համար լուծելի է։ Մեր կուսակցութունն այս ընտրություններում հանդես է գալու այդ դիրքերից։ Եվ մենք գտնում ենք, որ ներուժ ունենք Արցախի միջազգային ճանաչման հարցում մտցնել բեկում՝ օգտագործելով բոլոր այն հարթակները, որոնք որ այդ հարցի համար հնարավոր են։