4, 5 ժամ բանակցություններ, «շատ լուրջ զրույց բոլոր հարցերի շուրջ», պայմանավորվածություն՝ սկսել շփումներ Ուկրաինայի հարցով։ Էր-Ռիադում կայացած ԱՄՆ-ՌԴ բանակցությունների արդյունքները լավատեսական նոտայով են մատուցվում աշխարհին, որը շունչը պահած սպասում էր Վաշինգտոն-Մոսկվա առաջին կենդանի կոնտակտին։ Հասկանալի է, որ սա մեծ գործընթացի միայն սկիզբն է, բայց առնվազն այս շեշտադրումները հիմք են տալիս հուսալու, որ աշխարհի ամենաբարդ կոնֆլիկտներից մեկը հանգուցալուծելու հույսեր կան։
«Իհարկե, դժվար է ակնկալել, որ առաջին հանդիպման արդյունքները միանգամից պետք է դրական արդյունք տան, բայց ինձ մոտ տպավորություն է, որ կողմերը ցանկություն ունեն շփվելու, շարունակելու բանակցային գործընթացը։ Միմյանց ներկայացվել են դիրքորոշումները, կողմերը փորձում են հող նախապատրաստել առաջնորդների հանդիպման համար, իսկ դրա համար թիմերը շատ լուրջ աշխատանք են կատարում։ Կարծում եմ՝ հիմնական հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի գալու տրամադրվածություն կա, իհարկե, որոշ սկզբունքային հարցեր կան, որոնք կողմերի համար լիենելու են կարմիր գիծ, սակայն կողմերը ունեն զգուշավոր լավատեսություն»,-«Հրապարակ»-ին ասում է միջազգայնագետ, ԱՄՆ-ի հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Թրամփի թիմը լուրջ է տրամադրված եւ հակված է հաշվի առնել նաեւ ՌԴ-ի շահերը, որոնք, ինչպես Թրամփն է նշել, հաշվի չէին առնվում։
Թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, Սարգսյանի խոսքով, դեռ վաղ է ասել։ Ըստ Fox News-ի, ՌԴ-ն և ԱՄՆ-ն առաջարկում են Ուկրաինայում խաղաղության հաստատման եռաստիճան ծրագիր՝ զինադադար, ընտրությունների անցկացում և հետո նոր միայն վերջնական համաձայնագրի ստորագրում։ Աղբյուրը նկատել է՝ Թրամփը քիչ հավանական է համարում Զելենսկու՝ վերընտրվելու հնարավորությունը։ Նա, ի դեպ, ռուս-ամերիկյան բանակցություններին զուգընթաց շտապել է Անկարա։
«Այստեղ շատ են հնարավոր սցենարները, մանավանդ, մենք գիտենք, որ Ռուսաստանը մշտապես պնդում էր, որ չի ցանկանում Ուկրաինայի հետ խոսել, որովհետեւ, ըստ էության, Ուկրաինան ընտրությունների ժամկետը բաց էր թողել` չէր կազմակերպել ընտրություններ, ինչը Ռուսաստանում համարում էին ոչ նորմալ երեւույթ։ Հիմա մենք տեսնում ենք, որ այս հարցում էլ ԱՄՆ-ը փորձում է ՌԴ-ի շահերը հաշվի առնել եւ սա կարծում եմ, գուցե նաեւ ռուսական կողմի պահանջներից մեկը բավարարելու տարր է»,-անդրադառնալով Ուկրաինայում խաղաղության հաստատման հնարավոր մեխանիզմին ասում է փորձագետը։ Սարգսյանը շեշտում է՝ բացի Ուկրաինան, ՌԴ-ն ու ԱՄՆ-ը նաեւ միմյանց միջեւ հարաբերությունների կարգավորման խնդիր են դնում եւ բնականաբար, բանակցելու են նաեւ երկկողմ, այդ թվում՝ առեւտրային հարաբերությունների վերականգնման եւ դիավանագիտական հարաբերությունների նորմալացման շուրջ։ Այս տեսանկյունից ուշագրավ է հենց այս փուլում ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի փոփոխության հարցը։ Ռիչարդ Նորլանդը, որը ԽՍՀՄ տարիներին ԱՄՆ դեսպանն է եղել Մոսկվայում, կփոխարինի Բայդենի օրոք նշանակված դեսպան Լին Թրեյսիին։ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է՝ դեսպանի փոփոխությունը շուտ լինի, ապա նշել է՝ հիմքեր կան ենթադրելու, որ ամերիկյան կողմը սկսել է լսել Ռուսաստանի դիրքորոշումը։
Սուրեն Սարգսյանի խոսքով, գործող դեսպան Լին Թրեյսիի պաշտոնավարման ժամկետն ավարտին մոտ էր, փոփոխությունը բնական է եւ բնական է, որ պետք է նշանակվեր մարդ, որը տվյալ երկրում աշխատանքի փորձ ունեցել է։ «Առաջիկայում հնարավորություն կունենք տեսնելու, թե ինչ էր նշանակում դեսպանի փոփոխությունը եւ ինչ կարող է նա տալ բանակցություններին»,-նշում է մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է Հարավկովկասյան տարածաշրջանի վրա ռուս-ամերիկյան բանակցությունների ազդեցությանը, նրա խոսքով, այդ ազդեցությունը շատ մեծ է լինելու։ Եթե կողմերը ընդհանուր հայտարարի գան, բնականաբար, հնարավորություն է ստեղծվելու Ռուսաստանի ազատված ռեսուրսները տեղաբաշխել այլ տարածաշրջաններում՝ այդ թվում Հարավային Կովկասում։