Քաղաքականություն

«Հրապարակ»․ Կառավարման մոդելի անցումները մեծ ցնցում են պետական ապարատի համար

«Հրապարակ»․ Կառավարման մոդելի անցումները մեծ ցնցում են պետական ապարատի համար

Նախորդ շաբաթ երեւանյան հյուրանոցներից մեկում տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը։ Նիստի հենց սկզբից բանավեճ ծավալվեց Դանիել Իոաննիսյանի ու Մինասյանի միջեւ։ Մինասյանն ասաց, որ օրակարգը բաղկացած է 2 հարցից, որոնցից մեկը վերաբերում է «ՀՀ նախագահը՝ խորհրդարանական կառավարման հանրապետության գլուխ» վերտառությամբ հատվածի քննարկմանը։ Իոաննիսյանն ընդհատեց քննարկումը՝ հարցնելով, որ եթե հիմա խոսում են խորհրդարանական կառավարման երկրում ՀՀ նախագահի լիազորությունների մասին, դա արդեն նշանակո՞ւմ է, որ առանց քննարկման ու քվեարկության որոշել ենք, որ խորհրդարանական կառավարման մոդելն ենք ընտրում։ Ու սկսվեց երկար-բարակ բանավեճ՝ «հա՞վն է ձվից, թե՞ ձուն՝ հավից» տրամաբանության մեջ։ Արդյունքում, առանց այդ էլ սահմանադրական բարեփոխումների շուրջ դիլետանտական քննարկումների ֆոնին հերթական անպտուղ բանավեճն արձանագրվեց։

Գրիգոր Մինասյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Դանիելի առարկություններին ու բարեփոխումների գործընթացի՝ տեղում դոփելուն, ասաց․ «Ես ուզում եմ արձանագրել, որ երբ հավաքվում են տասնյակ խելոք մարդիկ, բավականին դժվար է արագ արդյունք արձանագրել, որովհետեւ իրենցից ամեն մեկն ունի իր կարծիքը, իր դիրքորոշումը։ Ճիշտ եք, որ մի պահ դանդաղել էր պրոցեսը, բայց դա սահմանադրական խորհրդի մեղավորությունը չէ, ուղղակի սեպտեմբերյան իրադարձությունները մեկուկես, երկու ամսով կասեցրին գործընթացը։ Բայց հենց վերջերս ենք խորհրդով բավականին կոնստրուկտիվ քննարկում  ունեցել, եւ այդ աշխատակարգային խնդիրները, որոնց Դուք լայվ ռեժիմով ականատես էիք լինում, արդեն իսկ լուծվել են, եւ առաջիկա նիստին քննարկելու ենք հենց խորհրդում արդեն ֆիքսված հերթականությամբ, այսինքն՝ քննարկելու եւ քվեարկելու ենք, թե ինչ կառավարման ձեւ են ուզում ունենալ խորհրդի անդամները, մեր երկրի հետ կապված ինչ մոտեցում ունեն, այնուհետեւ հերթականությամբ քննարկելու ենք նախագահի ինստիտուտը, եւ այդպես շարունակ»։ Հարցրինք՝ խելոք մարդ ասելով ո՞ւմ նկատի ունի, Դանիել Իոաննիսյանին եւ Արթուր Սաքունցի՞ն։

«Մեր խորհրդի հարգարժան անդամներին։ Ի դեպ, եթե լայվ ռեժիմով հետեւեք, կտեսնեք, թե ինչ մասնագիտական քննարկում է ընթանում»,- ասաց Մինասյանը։ Հետաքրքրվեցինք, թե ինքը կառավարման ո՞ր մոդելի կողմնակիցն է, օրինակ՝ նորից նախագահական մոդելին անցում կատարելը ճի՞շտ է համարում։

«Ես գտնում եմ, որ անցումները բավականին մեծ ցնցում են պետական ապարատի համար, բայց երեւի թե այսքանն ասեմ, որպեսզի, որպես խորհրդի նախագահող, չկաշկանդեմ իմ կարծիքով»,- ասաց փոխնախարարը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image