Մշակույթ

Անընդհատ մանկավարժներին համոզում եմ, բայց ոչ մեկը չի ցանկանում մասնակցել ատեստավորմանը

Անընդհատ մանկավարժներին համոզում եմ, բայց ոչ մեկը չի ցանկանում մասնակցել ատեստավորմանը

Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել էին 5 հազար 620 աշխատող ուսուցիչ եւ 572 չաշխատող անձինք, որոնցում ներառված են եղել նաեւ նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժները: Ընդհանուր առմամբ, ներկայացված է եղել ավելի քան 6 հազար հայտ, թեպետ, ինչպես մեզ հետ զրույցում օրերս նշել էր ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը, ատեստավորմանը մասնակցել է ընդամենը 4 հազարից մի փոքր ավելին։ 

Մենք փորձեցինք պարզել, թե ինչպես է իրավիճակը մասնագիտական, հատկապես՝ արվեստի, երաժշտական դպրոցներում, քանի որ նախօրեին մամուլում գրվել էր, որ այդ հաստատությունների տնօրեններին կարգադրվել է հնարավորինս «ազատվել» միջին մասնագիտական կրթություն ունեցող մանկավարժներից: Սակայն այս դպրոցներում իրավիճակը զգալի տարբերվում է՝ պայմանավորված նախեւառաջ նրանով, որ առանց այդ էլ դժվար է խայտառակ ցածր աշխատավարձի պայմաններում համապատասխան բուհ ավարտած մանկավարժ ներգրավելը։ Երկրորդ՝ աշխատող մանկավարժներն իրենց դիպլոմում ունեն մանկավարժի որակավորում, քանի որ ավարտել են, օրինակ՝ երաժշտամանկավարժական քոլեջ:

Երեւանի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն, կոմպոզիտոր Նաիրա Դիվանյանից հետաքրքրվեցինք՝ իրենց դպրոցում կա՞ նման իրավիճակ։ «Մեզ մոտ միջին մասնագիտականով ուսուցիչ չկա, ունեցել ենք 6-7 տարի առաջ, որոնց դրդել եմ գնալ եւ բարձրագույն կրթություն ստանալ, երբ այդ օրենքը դուրս եկավ։ Չնայած օրենքում գրված էր, որ եթե մարդը 25 տարուց ավելի ստաժ ունի, ապա այդ փորձը հավասարազոր է դառնում բարձրագույն մասնագիտական կրթությանը։ Հիմա արդեն չունեմ այնպիսի մանկավարժ, որը բարձրագույն կրթություն, համապատասխան որակավորում չունի»,- ասում է դպրոցի տնօրենն ու ընդգծում, որ, անկախ ամեն ինչից, շատ քիչ են այն մանկավարժները, որոնք ցանկանում են մասնակցել ատեստավորումներին։
«Հատկապես անցած տարվա թեստերի մեջ վիճելի ու իրար հակասող շատ կետեր կային։ Ու չնայած բավականին ուսուցիչներ ունենք, որոնք երաժշտական քոլեջների ու Կոնսերվատորիայի դասախոսներ են, բայց ցանկացողներ գրեթե չկային թե՛ անցած տարի, թե՛ այս տարի։ Կարծես ուզում էին տեսնել, թե առաջին անգամն ինչպես է անցնելու․․․, հետո իմացա, որ շրջանների ուսուցիչների մի մասը կիսապարտադրական ձեւով անցել է ատեստավորումը, եւ էականորեն նրանց աշխատավարձը բարձրացել է։ Ինձ ասացին, որ իրենց հարցաշարը շատ ավելի պարզեցված, հեշտ է եղել, քան մայրաքաղաքի դպրոցներինը»,-ասում է Ն․ Դիվանյանն ու նկատում, որ անձնապես ծանոթացել է հարցաշարին եւ զարմացել դրա բարդությունից։

«Երաժիշտների, կատարողների, տեսաբանների հարցաշարում էլ այնպիսի հարցեր են դրված՝ երաժշտական այնպիսի դիսցիպլինաներից, որոնց հետ ընդհանրապես չի առնչվում երաժշտական դպրոցի ուսուցիչը, օրինակ՝ հարմոնիայից, պոլիֆոնիայից, կամ՝ ստեղծագործությունը վերլուծելու այնպիսի հարցեր են տրված, որոնք միայն Կոնսերվատորիայի տեսաբաններին է պետք գալիս, եւ որոնք դուրս են այստեղի ուսումնական ծրագրի շրջանակներից։ Ես չեմ ասում՝ պրիմիտիվացնենք, հակառակը՝ որպես տեսաբան, կոմպոզիտոր, համարում եմ, որ այսօրվա ուսուցիչը պետք է լինի շատ պրոֆեսիոնալ ու ժամանակին համընթաց։ Բայց անգամ այդ ամենը հաշվի առնելով, ինֆորմացված լինելով հանդերձ, այդ հարցերը մեր դպրոցի 7-ամյա ուսումնական ծրագրի հետ ընդհանրապես չեն առնչվում, դրա համար շատերը խուսափեցին մասնակցելուց»,-ասում է զրուցակիցս ու նկատում, որ անգամ աշխատավարձի էական բարձրացումը չի խրախուսել մանկավարժներին՝ մասնակցել ատեստավորմանը։ Իսկ իրենց դպրոցում 80-ից ավելի մանկավարժ կա, նաեւ՝ աշակերտների թվով քաղաքի մեծ դպրոցներից մեկն է։
«Այս մոտեցումը չի խրախուսում մանկավարժներին, քանի որ հասկանում են այդ անորոշությունը, հարցին պատասխանելու ավտոմատացված վիճակը թույլ չի տալու առաջ քաշել իրենց մոտեցումը, պատասխանի իրենց տեսակը,- ասում է Ն․ Դիվանյանն ու նկատում, որ իրենց դպրոցից երբեւէ ոչ մի մանկավարժ չի մասնակցել ատեստավորմանը։- Անընդհատ ցանկն ուղարկում են, անընդհատ մանկավարժներին համոզում եմ, բայց ոչ մեկը չի մասնակցում ատեստավորմանը»։

Անորոշությունից բացի, տնօրենը մատնանշում է հարցաշարի ոչ հղկվածությունը։ «Հետո շատ երաժիշտներ հարցաշարի հետ կապված իրենց դիտարկումները հանրայնացրին սոցցանցերում, եղան քննարկումներ, դժգոհություններ, բայց չեղավ դրա արձագանքը, այսինքն՝ որեւէ կերպ դա չարտացոլվեց հարցաշարում։ Երեւի դա էլ շատերին հիասթափեցրեց, իսկ եթե այդ քննարկումները, մոտեցումների տարբերությունը հաշվի առնեին, եւ ինչ-որ փոփոխություններ լինեին, ավելի շատ մանկավարժ կցանկանար մասնակցել, որովհետեւ ամենացածր վարձատրվողները երաժշտական դպրոցների ուսուցիչներն են»,-ասում է զրուցակիցս ու նկատում, որ արվեստի դպրոցների մանկավարժները ժամավճարով են վարձատրվում, դիցուք՝ անհատական դասերի 1 ժամը 1200-1300 դրամ է։ «Պատկերացնո՞ւմ եք՝ անհատական դասը, երբ մանկավարժը 45 րոպե պարապում է եւ «մաքուր թղթից» ստանում է պրոֆեսիոնալ երաժիշտ»։

Այդուհանդերձ, ինքը շատ նորմալ եւ դրական է վերաբերվում ատեստավորման փաստին, որովհետեւ «ամբողջ աշխարհում լավ մասնագետները ժամանակ առ ժամանակ պետք է ատեստավորվեն։ Ինքը՝ երեւույթը, շատ լավ բան է, բայց որ մի քիչ ավելի հղկված լիներ, կարծում եմ՝ ավելի շատ մարդիկ կներգրավվեին»։

Ինչ վերաբերում է մասնագիտական կադրերի խնդրին, այսօր արվեստի, երաժշտական դպրոցներում որքանո՞վ է սուր զգացվում մանկավարժների պակասը։ «Ես նման խոսույթ պարբերաբար լսում եմ, բայց չեմ համարում, որ կադրերի պակաս կա կոնկրետ երաժշտական դպրոցներում, ավելին՝ լիքը նվիրյալներ կան, բավականին ուսանողներ, որոնք հենց ավարտում են, միանգամից գալիս են ու սկսում են մանկավարժությամբ զբաղվել։ Մեր դպրոցում էլ բավականին երիտասարդ ուսուցիչներ կան, որոնց մի մասն աշխատանքը համատեղում է կատարողական արվեստի հետ, ոմանք 2 ուսումնական հաստատություններում են իրենց աշխատանքը համատեղում։ Այս առումով չեմ համարում, որ մասնագիտական կադրերի պակաս կա, կամ գիտելիքի որակը Կոնսերվատորիան վատ է տալիս»,- ասում է Ն․ Դիվանյանն ու մեր հարցին ի պատասխան նկատում, որ եթե անգամ մյուս արվեստի դպրոցներում էլ կան միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժներ, ապա դրանք հիմնականում ավագ սերնդի մեջ են, քանի որ նախկինում դա թույլատրվել է, մարդիկ միջին մասնագիտական կրթությունն ավարտել են, հետո գործուղվել են որեւէ շրջան, որտեղ 2-3 տարի պարտադիր աշխատել են․ «Որից հետո շարունակել են իրենց աշխատանքը երաժշտականներում ու այլեւս ժամանակ եւ ցանկություն չեն ունեցել բարձրագույն կրթություն ստանալու համար, բայց ներկա սերունդն արդեն գիտի, որ իր վաղվա կարգավիճակի համար միջին բարձրագույնը բավական չէ, քանի որ տնօրեններն արդեն չեն ընդունում աշխատանքի։ Եթե անգամ ընդունում են, ապա դրանք Կոնսերվատորիայի բարձր կուրսերի ուսանողներն են, որոնք առաջիկայում այդ դիպլոմն ունենալու են»։

Հավելենք, որ այս տարվա փետրվարին նախարարի համապատասխան հրամանով արդեն իսկ հաստատվել է ՄԿՈՒ (արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման) հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման եւ ատեստավորման կարգը: Դրա հիման վրա այս տարի արդեն չորս ուղղությամբ՝ ոսկերչություն, խոհարարություն, գյուղատնտեսություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ, վերապատրաստվել է ՄԿՈՒ հաստատությունների շուրջ 361 աշխատակից: Նոյեմբերի 30-ին նրանց համար կազմակերպվել էր ատեստավորման գործընթաց։

Կառավարության որոշման նախագծով՝ ՄԿՈՒ համակարգում սահմանվում են ատեստավորված աշխատակիցների նկատմամբ գործող խրախուսման ձեւեր, որոնք համահունչ են դպրոցների ուսուցիչների համար գործող խրախուսման համակարգին: Մասնավորապես՝ 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած աշխատակիցների համար դրույքաչափը սահմանվում է 200 հազար դրամ՝ մեկ դրույք զբաղվածության պարագայում: 70 տոկոս ու ավելի բարձր արդյունքներ գրանցելու պարագայում արդեն, բացի դրույքաչափից, կիրառվում են նաեւ հավելավճարներ․ 70-79 տոկոսի համար՝ 30 տոկոս, 80-90 տոկոսի դեպքում՝ 40, եւ 90-100 տոկոս արդյունքի պարագայում՝ 50 տոկոս, որը գումարվում է 200 հազար դրամ դրույքաչափին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image