Հայաստանի արեւմտամետներն այս օրերին հրճվանքով հայտարարում են. «Հայաստանում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) եւ Մեծ Բրիտանիայի Գաղտնի հետախուզական ծառայության (MI6) աջակցությամբ ստեղծվել է արտաքին հակահետախուզության նոր ծառայություն»։ Ի՞նչ նախադեպ է սա եւ ի՞նչ վտանգներով է հղի, կարո՞ղ է, օրինակ, նույն հաջողությամբ ռուսական ՊԱԿ-ը` ԿԳԲ-ն եւս Հայաստանում հակահետախուզական ծառայություն ստեղծել, թե նման իրավունք միայն արեւմտյան երկրներին է տրված:
Հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատում է.
«Ազգն արժանի՞ է արդյոք պետություն ունենալու, թե՞ ոչ, խոսքը ցանկացած ազգի մասին է, չափվում է նրանով, թե արդյո՞ք տվյալ հանրությունն ունակ է ստեղծելու սեփական հետախուզության եւ հակահետախուզության մարմինների առնվազն կորիզը: Ինչու եմ այսպես կարծում` երբ նայում եմ շատ երկար պետականություն ունեցած երկրների պատմությանը եւ հակառակը` պետականություն չունեցած երկրների պատմությանը, օրինակ` Իսրայելին, տեսնում եմ, որ թեպետ բոլորն էլ ունեցել են որոշակի միջազգային աջակցություն, բայց բուն կորիզը շահերի՝ խնդիրները լուծելու համար, կարողացել են հենց իրենք ստեղծել: Այն որոշակի հասունության, բարդ խնդիրներին քաջաբար եւ պատասխանատու մոտենալու նշան է:
Ցավոք, ես չեմ տեսնում, որ մեր քաղաքական էլիտան, իսկ հատուկ ծառայությունները միշտ եւ բոլոր դեպքերում ստեղծում է քաղաքական էլիտան, ունենա այդ հասունությունը: Այն որոշակի գնահատական է մեզ` որպես հանրույթ արժանիքներին: Անխոս, այնպես չէ, որ եթե չենք կարողացել նման համակարգեր ստեղծել, ուրեմն արժանի չենք պետականություն ունենալու` ոչ, բայց թերարժեքության բարդույթը մեզ միշտ մտածելու, անհանգստանալու առիթ է տալու: Կասկածը միշտ լինելու է` մե՞զ են ծառայում, թե՞ ուրիշին: Առհասարակ, ես չունեմ նախընտրություններ, բնականաբար, Արեւմուտքն ավելի առաջադեմ ու զարգացած հատուկ ծառայություններ ունի: Եթե նրանք ողորմածություն դրսեւորեն եւ իրենց պոտենցիալին համարժեք մեզ օգնություն ցուցաբերեն, մեզ տալով մեր մի քանի տոկոսը, այլ ոչ թե իրենց նման դարձնեն, ապա այն գուցե լինի ավելի լավը, քան մենք ունեցել ենք մինչ այս պահը, սակայն արմատական հարցը չի լուծվում: Իսկ եթե վաղը պետք եղավ մեր հատուկ ծառայությունները գործի դնելու տվյալ պետությունների հետ սրված հարաբերություններում, ի՞նչ կլինի այդ ժամանակ, արդյո՞ք չենք կանգնելու այն նույն խնդրի առաջ, երբ կանգնել ենք մեր նախկին աջակից պետության հետ:
Որտեղի՞ց է այդ վստահությունը: Կա՞ մեկը, որ մեզ կարող է հոդաբաշխ տեքստով, հանգամանալից բացատրել, թե որ ռիչագի հաշվին ենք այդ հարցերը շրջանցելու: Եթե պետք է ասեն, որ մեր նոր աջակից-պարտնյորները մեզ սիրում են, ապա դա անլուրջ խոսակցություն է, այդ մարդիկ կարող են գնալ եւ կուրտիզանուհի աշխատել, պարտադիր չէ, որ անպայման լինեն քաղաքականության մեջ: Եթե մենք աշխարհին նայում ենք այնպես, որ մենք ոջլոտ երկիր ենք, եւ մեզ համար երբեք լավ չի լինելու, ինչ էլ մեր դիմաց շպրտեն, մեզ հերիք է, լավ է, ապա այդ տեսանկյունից կա ուրախանալու առիթ, որովհետեւ այն, ինչ կարող է մեր առաջ շպրտել, այն որակապես` կարգերով մի քանի անգամ բարձր է նրանից, թե ինչ կարող է մեր առաջ շպրտել Ռուսաստանը: Դրա պատճառն այն է, որ Ամերիկան հատուկ ծառայությունների բնագավառում շատ ավելի մեծ հաջողությունների է հասել, քան ՌԴ-ն: Ստացվում է, որ մենք զիբիլ քչփորող ենք, աղքատի զիբիլ քչփորողից դարձնում են հարուստի զիբիլ քչփորող, եւ մենք հաշտ ենք դրա հետ, քանի որ հաշտ ենք այն մտքի հետ, որ մեր դերն այս աշխարհում լեշակերությունն է, սրա-նրա կրճոնների վրա մակաբուծություն անելը: Բնականաբար, այս տեսանկյունից կա ուրախանալու բան, եւ ուրախացողները իզուր չէ, որ ուրախանում են: Այդ մարդիկ մեր ազգի դերը տեսնում են այդ տեսանկյունից եւ, բնականաբար, երջանկանում են, որ հարուստի զիբիլ են ճարել»:
Միքայել Նահապետյանն անդրադարձավ նաեւ նախկին պրակտիկային. «Մեր ամբողջ հատուկ ծառայությունների համակարգը ՌԴ-ից է գալիս, սարքել է Սովետական Միության համակարգը: Այն բոլոր լարերով կպած է ռուսական հատուկ ծառայությունների համակարգին: Հիմա փոխվում է զիբիլի ամանը, եւ մարդիկ նոր զիբիլի աման քչփորելուց ուրախացել են, բայց իրականում` մերը զիբիլ քչփորելը չէ, մերը ստեղծելն է, մենք պետք է ունենանք մերը, թող սկզբում լինի քիչ, բայց կարեւոր է, որ մեզ հարգեն, երբ գա այդ փուլը, մենք կարող ենք ստեղծել շատ ավելին: Եթե խնդիր դրվի, որ պետք է մերը ստեղծենք, ունենանք մեր արտադրանքը, առաջին օպերացիան եթե հաջողվի, մարդիկ, տեսնելով, որ կա նոր անդամ, որը խաղում է նոր մեթոդներով, ապա անպայման հայտնվելու են նոր սուբյեկտներ, ովքեր, օրինակ, ասելու են` ձեր սփյուռքի հետ մեր աշխատանքն այնքան էլ լավ չի ստացվում, կլինի՝ դուք աշխատեք նրանց հետ, իսկ մենք ձեզ օգնենք, օրինակ, լավ գաղտնալսման սարքերի հարցում, արբանյակային պատկերների եւ այլն: Այ, դա փոխօգնություն է»: