Սահմանազատման անվան տակ, միակողմանի, ապօրինի կերպով Կիրանցի կամուրջը, միջպետական ավտոճանապարհի մի հատվածը, Կիրանց գյուղի շուրջ 15 հեկտար հողերը եւ Բերքաբեր գյուղի սահմանային գոտում գտնվող ու Կիրանց-Բաղանիս հատվածում 30 տարի ամրացված դիրքերը 2024 թվականին ՀՀ իշխանությունն Ադրբեջանին հանձնելուց հետո հանրության ուշադրությունը շեղելու համար 2025 թվականին սկսեց Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եւ Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցիները վերանորոգել։
2025թ․ սեպտեմբերի 6-ին ԿԳՄՍ նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Կիրանց գյուղի Սբ Երրորդություն եկեղեցի։ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել են կապալառու, որակի տեխնիկական ու հեղինակային հսկողություններն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Իսկ տեղում իրականացվում էին շինարարական հրապարակի կազմակերպման աշխատանքներ, ԿԳՄՍ նախարարության հետ ավելի վաղ չհամաձայնեցված վերականգնողական աշխատանքների ընթացքում հուշարձանի տեսքն աղավաղած կարանախցումների ապամոնտաժում։ Այդ հանդիպմանը համաձայնեցվել է վերականգնվող եկեղեցու քարի գույնը, ցուցումներ են տրվել աշխատանքների իրականացման մեթոդաբանության վերաբերյալ՝ պատերի արտաքին եւ ներքին մակերեւույթների կարանախցման եւ դրանց տարբերության, ռոտոնդայի իրականացման եւ այլնի մասին: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ՝ եկեղեցու վերականգնման եւ տարածքի բարեկարգման աշխատանքները նախատեսվում էր ավարտել մինչեւ այս տարեվերջ։
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին քաղաքացիների մոտ 50 հոգանոց խմբի հետ այցելել է Կիրանց բնակավայր: Այդ մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ եկեղեցու վերականգնման աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 55 միլիոն դրամ, վերականգնման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Մինչդեռ ԿԳՄՍ նախարարությունը նախկինում հայտնել է, որ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել է ֆինանսների վերաբաշխում` 66 միլիոն 127 հազար դրամ գումարի չափով, գումարն ուղղվել է Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքների ձեռքբերմանը: Պաշտոնապես հայտնել են Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման համար 55 միլիոն դրամի եւ 66 միլիոն դրամի հատկացման մասին: Հիմա այդ թվերից ո՞րն է ճիշտ։ ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է նաեւ, որ Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնումը կավարտվի մինչեւ 2025 թվականի վերջը։
Դեկտեմբերի 6-ին քաղաքացիների 50 հոգանոց խմբին Կիրանց էքսկուրսիա տարած Նիկոլ Փաշինյանը ծանոթացրել է եկեղեցու վերականգնման աշխատանքներին։ Իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում Փաշինյանը հայտարարում է, որ գարնանը աշխատանքներն ավարտված կլինեն: Բառացիորեն ասել է․ «Գարնանը, Սուրբ Զատիկի առիթով երեւի արդեն պատրաստ կլինի»։ Կիրանց գյուղից տեղեկացա, որ եկեղեցու վերականգնման աշխատանքները կատարող շինարարական կազմակերպության մի քանի բանվոր է աշխատում այս պահին: Իսկ եկեղեցու գմբեթում, կամարներում իրականացվող եւ եկեղեցու ներսում ներքին հարդարման աշխատանքները կիսատ են մնացել։