Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվում՝ գերիների վերադարձի համար, սակայն դա անում է ոչ իշխանությունը, այլ մասնավոր անձինք։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ աշխարհի 20-ից ավել երկրներում վերջին ամիսներին գերիների հարցով մեծ միջոցառումներ են արվում, հարցը դարձել է օրակարգ։
Անդրադառնալով իշխանությունների՝ այս հարցով անգործությանը, Վարդանյանը նշեց․ «Ես խորը կասկածներ ունեմ, որ իշխանությունն ուզում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը։ Մենք գիտենք, որ կան բոլոր գերիներին ազատ արձակելու գործիքակազմեր, եթե խոսում են Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին, ուրեմն դրա նախապայմանը պետք է լինի գերիների վերադարձը։ Եթե Ադրբեջանը շատ է ցանկանում Հայաստանից պատվիրակություն լինի COP29-ին, ուրեմն հայկական կողմի նախապայմանը պետք է լինի գերիների վերադարձը։ Հայաստանի իշխանությունները իրենց գործողություններով Ադրբեջանին նոր գործիքներ են տալիս նոր գերիներ վերցնելու»։
Վարդանյանի խոսքով՝ իրենք գտնում են, որ գերիների վերադարձի հարցը փաթեթային լուծում է պահանջում, եւ դրա նախապայմանները կան։ Աբսուրդ է համարում Ադրբեջանի հետ կնքվող որեւէ փաստաթուղթ, եթե Բաքվում հայ գերիներ կան։
«Կարող են Ալիեւն ու Փաշինյանը պայմանավորվել Տավուշում տարածքները երբ եւ ոնց հանձնեն, չեն կարողանու՞մ գերիներին վերադարձնելու շուրջ պայմանավորվեն։ Երբ Ադրբեջանին պետք է լինում COP-ն իրենց մոտ անցկացնել, Հայաստանի իշխանությունները համաձայնվում են, երբ խոսվում է գերիների վերադարձի մասին, որը հումանիտար հարց է, չեն կարողանում պայմանավորվե՞լ։ Սա ուղղակի աբսուրդ է»,-ասաց Վարդանյանը։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Հայաստանում օտարերկրյա դեսպանատների, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ՀՅԴ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցան բողոքի ակցիաներ՝ «Ազատություն բոլոր գերիներին» պահանջով։
Մանրամասն՝ տեսանյութում