Հարցազրույց

Պրիմիտիվ կուտ էր, բայց մեր հանրությունը դրա հետեւից գնաց

Պրիմիտիվ կուտ էր, բայց մեր հանրությունը դրա հետեւից գնաց

«Հրապարակի» հարցերին պատասխանում է «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր-համակարգող, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

- Մայիսին Բագրատ սրբազանը պայքար սկսեց իշխանությունների դեմ, որը մեծ թափ հավաքեց, սակայն էական արդյունքներ արձանագրված չեն, Փաշինյանը շարունակում է կառավարել, իսկ ընդդիմադիր զանգվածը հիասթափված է։ Ո՞րն է պատճառը, օրինակ` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասում է, որ Բագրատ սրբազանին խանգարում են նախկին նախագահներ Քոչարյանն ու Սարգսյանը: Ինչո՞ւ շարժումը հաջողություն չի արձանագրում:

- Կա մի ասացվածք՝ «ծուռը նստենք, շիտակ խոսենք». 1991-ից մեր պետությունը սարսափելի փնթի ձեւով կառուցվեց: Նշեմ փնթիության մի քանի կարեւոր չափորոշիչներ: Առաջինը․ վերին աստիճանի անհաջող պետական կադրային քաղաքականություն, երկրորդը․ նորաստեղծ պետության ռազմավարական ծրագրի բացակայություն: Մեկ պարզաբանում` նախադասությունների շարանը դեռ ծրագիր չէ, ծրագիրն ունենում է ուրույն պահանջներ, որը Հայաստանի Հանրապետությունը 1991-ից այդպես էլ չունեցավ: Երրորդ․ 1991-ից երեւացող քաղաքական դեմքերի ճնշող մեծամասնությունն աշխարհաքաղաքական պրոցեսները վերլուծելու ունակ չէ: Աշխարհաքաղաքական վտանգները եւ դրանց միտումները ձնագնդի պես մեծանում էին, բայց Հայաստանում ո՛չ ընկալվում էր, ո՛չ վերլուծվում: Պրոբլեմն այստեղ այն է, որ մենք, ցավոք սրտի, չունենք համակարգային մտածողություն: Չորրորդ կարեւոր պատճառը․ մեր, այսպես կոչված, հանրությունը (ի դեպ, ես չեմ ընդունում «հանրություն» եզրույթը) չունի պատկերացում պետություն հասկացության մասին: Սա շատ վտանգավոր արատ է: Մենք չենք պատկերացնում պետության բուն էությունը: Մեր թիվ մեկ նպատակը հեշտ ապրելն է, շեշտում եմ` հեշտ, այլ ոչ թե լավ: Դրան էլ գումարած՝ մեզ մոտ շատ տարածված է ուշադրություն դարձնել երեւույթի ձեւին, այլ ոչ թե բովանդակությանը: Օրինակ` 1991-ից ստեղծվեցին տարբեր պետական կառույցներ, այստեղից-այնտեղից վերցրին ինչ-որ ֆունկցիաներ, բայց պետությունն այդպես էլ դինամիկ աշխատել չկարողացավ: Այդ ամենը հանգեցրեց 2008-ի մարտի 1-ի դեպքերին, եւ հետո դա հանգուցալուծվեց 2018-ի ողբերգական դեպքերով: Սրանք են հիմնարար պատճառները, որոնք հանգեցրին հայերի՝ տարածաշրջանում մնալ-չմնալու հարցին:

- Բայց նկատենք, որ Նիկոլ Փաշինյանից էլ մարդիկ բավականաչափ հիասթափված են: Ըստ սոցհարցումների՝ նա ունի 10-14 տոկոս ձայն, ինչո՞ւ այսօր նրան հեռացնել չի ստացվում, սակայն 2018-ին իշխանափոխություն տեղի ունեցավ:

- Եթե իմ թվարկած պատճառները դիտարկեք, ապա պարզ կդառնա, թե ինչու էին մարդիկ 2018-ին այդքան ակտիվ, իսկ այսօր` ոչ: Մենք պետականության զգացում չունենք: 2018-ին տեղի ունեցավ պետականության քանդման պրոցեսի մեկնարկ: 2018-ին ձեւական մասն էր շատ կարեւոր այդ պայքարում` հանենք հին ռեժիմին, որը թալանում է, վերադարձնենք թալանը: Տեսեք, թե ինչ պրիմիտիվ կուտ էր, բայց քանի որ մեր, այսպես կոչված, հանրությունը ձեւի հետեւից գնաց, եղավ այսպես: Դրսում մեզ լավ ուսումնասիրել են: Մեր բոլոր արատները գիտեն, դրա համար էլ 2018-ին իշխանափոխություն տեղի ունեցավ: Իմ թվարկած պատճառները բացում են գաղտնիքները, թե ինչու տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:

- Եկեք Հայ առաքելական եկեղեցու դերի մասին խոսենք: Եկեղեցին որքան էլ ընդդիմադիր կեցվածք ունի, միեւնույն ժամանակ կան պնդումներ, որ Ամենայն հայոց կաթողիկոսն իշխանությունների հետ հաշտության է գնում: Մայր տաճարի վերաօծման արարողությանը հրավիրված էին իշխանական բարձրաստիճան պաշտոնյաներ` վարչապետի գլխավորությամբ: Ի վերջո, ինչո՞ւ եկեղեցին այս վճռական պահին Բագրատ սրբազանին հարվածեց թիկունքից:

- Եկեղեցուն ո՛չ գովաբանելու, ո՛չ էլ քննադատելու միտում չունեմ, ես կառավարման փորձագետ եմ եւ կարող եմ միայն համակարգված պատկերը ներկայացնել. եկեղեցին՝ որպես ադմինիստրատիվ միավորում, չի կարող չունենալ մեր ժողովրդին բնորոշ արատները: Երբ նայում ենք, այսպես կոչված, հավատացյալներին, ի՞նչ ենք տեսնում՝ որ տարբեր օլիգարխներ տաճարներ են կառուցում, արձաններ են տեղադրում, բայց նրանց գործունեությունն ազգանպա՞ստ է, բարոյակա՞ն է։ Ոչ: Տեսեք՝ նորից ձեւական ցույց տալու արատին ենք բախվում: Դրա համար էլ եկեղեցին ինքնաբերաբար կլանում է ժողովրդի տարբեր արատները: Այդ պատճառով էլ եկեղեցու ադմինիստրատիվ մասը չի կարող այդ բոլոր ազդեցությունները չկրել: Բայց, այնուամենայնիվ, Հայ առաքելական եկեղեցին օբյեկտիվորեն հանդիսանում է մեր ազգի ամենակարող ուժը: 

- Նիկոլ Փաշինյանը վերջերս ՌԴ մեկնեց, տեսակետ կա, որ նա փորձում է հակառուսական քայլերով արեւմտամետ հանրության աչքը մտնել, սակայն իրականում իր իշխանությունը պահելու համար վայրկենական կարող է քաղաքական ուղղվածություն փոխել: Հիմա էլ խոսվում է ԵՄ դիտորդների պայմանագիրը չերկարացնելու մասին: Ի վերջո, ի՞նչ է ցանկանում Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ արտաքին քաղաքական կողմնորոշում ունի:

- Կառավարման մեջ կա մի մոտեցում` հարմարվողականություն՝ աթոռը պահելու նպատակով: Հարմարվողականությանը կառավարման տեսանկյունից եթե նայենք, ապա Նիկոլ Փաշինյանի քայլերը պարզ են: Հայաստանի Հանրապետությունն արտաքին կառավարման տակ է` անգլոսաքսոնների կողմից: Մի կողմից՝ Հայաստանը պոկում են Ռուսաստանից, մյուս կողմից էլ արտաքնապես, որոշ քայլերով ցույց են տալիս, թե իբրեւ այնքան էլ դեմ չեն ՌԴ-ին: Դա անգլոսաքսոնական քաղաքականության արդյունք է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image