Քաղաքականություն

Նազարբաեւներից ուժեղ չլինեք

Նազարբաեւներից ուժեղ չլինեք

Նազարբաեւի կլանի ճակատագիրը՝ Ղազախստանում, ոմանց համար պետք է շատ լավ դաս եւ հետեւություններ անելու թեմա դառնա։ Երեկ տեղեկացանք, որ այդ կլանի ամենակարկառուն ներկայացուցիչը՝ Դարիգա Նազարբաեւան եւս հեռանում է ասպարեզից՝ վայր է դնում մանդատը եւ դուրս գալիս պառլամենտից։ Մինչդեռ 82-ամյա Նուրսուլթան Նազարբաեւն իշխանության մեջ է, կարելի է ասել, 1977 թվականից, երբ նշանակվեց Կարագանդայի կոմկուսի շրջկոմի քարտուղար, ապա՝ 1979-1984 թվականներին, եղել է Ղազախստանի Կոմկուսի կենտկոմի քարտուղար, 1989-1991 թվականներին՝ Ղազախստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, որը պետության առաջին դեմքն է, իսկ ՍՍՀՄ փլուզումից հետո՝ 1991 թ․ դեկտեմբերի 10-ից մինչեւ 2019 թ․ մարտի 19-ը, Ղազախստանի նախագահն էր։ Ամենաերկարակյաց գործիչներից մեկը, որի նկատմամբ Ղազախստանում անվերապահ պաշտամունք կար՝ անգամ լուսավոր 21-րդ դարում։

Այդ վերաբերմունքն այնպիսին էր, որ երբ 79-ամյա Նազարբաեւը հեռանում էր պաշտոնից, ազգովի ողբում էին եւ հատուկ կարգավիճակ ստեղծում նրա եւ ընտանիքի համար, անգամ երկրի ամենամեծ քաղաքներից մեկի անունը փոխեցին՝ ի պատիվ Նազարբաեւի։ 2019-20 թվականներին ո՞վ կարող էր կանխատեսել, որ հնազանդ ու խոնարհ ղազախ ժողովուրդը ոտքի կկանգնի եւ կմերժի Նազարբաեւին՝ փողոց դուրս գալով եւ վանկարկելով․ «Շալ, գեթ»՝ ծերուկ, հեռացիր։ Ապա երկրի իշխանությունը ստիպված կլինի Նազարբաեւին ազատել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, նրա մերձավորներին՝ այլ բարձր պաշտոններից, կսկսեն հետաքննություններ սկսել Նազարբաեւի շրջանի չարաշահումների հետ կապված, եւ կամաց-կամաց խայտառակ փաստեր կսկսեն ի հայտ գալ։ Ճնշված ու իշխանասեր ղազախական հասարակությունից նման բան սպասելն առնվազն տարօրինակ կլիներ։ Բայց մի օր դանակը ոսկորին է հասնում, եւ ամենահնազանդ հասարակությունն անգամ ընդվզում է։ Իհարկե, հնարավոր է, որ արեւմտյան կամ ռուսական տեխնոլոգիաներն էլ դեր խաղացին այստեղ, եւ ըմբոստությունը նաեւ դրսից կազմակերպվեց ու հրահրվեց։ Սակայն ոչ մի ըմբոստություն չի կարող հասնել իշխանափոխության կամ նման հուժկու ալիքի, եթե հասարակության համբերության բաժակը լցված չլինի։

Առհասարակ՝ բռնապետների անցած ճանապարհի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջում նրանց հեռացնում են սոսկալի ցավագին ճանապարհով։ Մեկին թունավորում սպանում են, մյուսին գլխատում են, ընդ որում՝ երբեմն ընտանիքի հետ միասին, երրորդին դատապարտում են, չորրորդին՝ վտարում երկրից ու դարձնում հավերժ վտարանդի։ Պարզապես ամեն մեկի ժամկետը տարբեր պահին է ավարտվում եւ մի փոքր այլ կերպ է դասավորվում։ Բայց որ բոլորն անփառունակ ավարտ են ունենում, աքսիոմատիկ է։

Ուշագրավն այն է, որ բռնապետներից ոչ մեկը նախորդի կենսագրությունից դասեր չի քաղում, հետեւություններ չի անում։ Նրանցից յուրաքանչյուրին թվում է, թե կխուսափի այդ ողբալի ճակատագրից, քանի որ ինքն ավելի լավն է, իրեն ժողովուրդը սիրում է, ինքն արժանի է երկար, գուցե՝ հավերժ կառավարելու։ 2018 թվականին Սերժ Սարգսյանին էլ թվաց, թե կարող է երրորդ ժամկետ գնալ՝ Սահմանադրությունը փոխելով եւ անգամ իր նախորդ խոստումներից հետ կանգնելով։ Դե ինչու չէ՝ եթե մարդիկ կարող են 30 տարի Նազարբաեւ հանդուրժել, ինչո՞ւ չեն կարող մի 15 տարի իրեն հանդուրժել։ Եթե Ղազախստանում Նազարբաեւի անունով քաղաք են կոչում, ապա ինքն ընդամենը մի փոքրիկ կառավարական ամառանոց է սեփականաշնորհել։

Եթե Ղազախստանում Նազարբաեւի կլանը միլիարդներ է աշխատել, ներսում ու դրսում ահռելի կարողություն կուտակել, ապա ինչո՞ւ իր մերձավորները չեն կարող մի քիչ փող աշխատել։ Եթե Ղազախստանում չկա ընդդիմություն եւ ազատ մամուլ, իսկ ընտրություններն էլ լրիվ ձեւական են, ինչո՞ւ իրենք չեն կարող մի քիչ կառավարել լրատվամիջոցներին, սեփական ընդդիմություն ունենալ եւ ընտրությունների ելքը կանխորոշել՝ ադմինիստրատիվ ռեսուրս եւ փող ծախսելով։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ հավերժ չեն ոչ միայն հզորագույն նազարբաեւներն ու սադամհուսեյնները, այլեւ անգամ Սերժ Սարգսյանն ու Միխայիլ Սահակաշվիլին։

Եվ այս օրինակները պետք է լավ դաս լինեն նաեւ Նիկոլ Փաշինյանի համար, որը սկսել է իրեն անձեռնմխելի ու հավերժ զգալ եւ քայլեր անել, որոնք հարյուր տարվա բռնապետներն են անում՝ վստահ, որ իշխանությունից զրկվելու վտանգն իրենց չի սպառնում։ Քարերը հավաքելու ժամանակին միշտ հաջորդում է քարերը նետելու ժամանակը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image