Քաղաքականություն

Փնտրվում են դավաճաններ եւ աբիժնիկներ

Փնտրվում են դավաճաններ եւ աբիժնիկներ

Եթե հարցում անցկացնենք, թե ձեր կարծիքով վերջին մեկ ամսում ինչով է զբաղված եղել իրեն ՀՀ վարչապետի հետ նույնականացնող անձը, ապա ամենատարբեր պատասխաններ կստանանք` Թուրքիայի իշխանություններին սիրաշահելուց ու Էրդողանին քծնելուց, Հայ առաքելական եկեղեցու դեմ ամենօրյա հարձակումներ հրահանգելուց մինչեւ իր քաղաքական հակառակորդներին կալանավորելը, նրանց ունեցվածքը խլելուն ուղղված քայլեր ձեռնարկելը, իր դեմ կազմակերպվող բողոքի գործողությունները կանխելը: Որեւէ մեկը չի հիշի, որ նա պետության կամ հասարակության համար որեւէ օգտակար գործ արած լինի: Փաշինյանի միակ բանուգործն իր իշխանությունը պահելն է, աթոռին մնալը, նա դրանից բացի ուրիշ գործ, զբաղմունք չունի, առավոտը սկսում է դրանից, օրն ավարտում դրանով: Եթե ինքն օրվա վերջին դեռ իշխանության է, ուրեմն օրը հաջող է անցել, ինքն իր գործը կատարել է:

Ֆեյսբուքը Փաշինյանին հնարավորություն է տալիս հրապարակային սպառնալ այն մարդկանց, ովքեր բողոքում են իր ապօրինություններից: «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից»,- աշխատանքային օրվա ընթացքում գրում է նա։ Ի՞նչ կապ ունի այս սպառնալիքը վարչապետի պարտականությունների հետ` ոչ մի կապ էլ չունի, բայց Փաշինյանի ուղեղը զբաղված է միայն իր աթոռով, իր պաշտոնը պահելով: Ի՞նչ է նշանակում «քաղաքական խարդավանքներով զբաղվել»-ը, որեւէ մեկը կարո՞ղ է հստակ ասել, թե ինչ է հասկանում սույն անձը քաղաքական խարդավանք ասելով, մարդկանց յուրաքանչյուր խոսք, գործողություն նրա կողմից կարող է բնորոշվել որպես քաղաքական խարդավանք: Կամ` ո՞վ է լսել, որ մարդուն կամ մարդկանց մի մեծ խմբի աշխատանքից ազատեն ոչ թե աշխատանքային պարտականությունները չկատարելու, թերի կատարելու համար, այլ անհասկանալի «քաղաքական խարդավանքներով» զբաղված լինելու համար: Եթե այդպես լիներ, Փաշինյանը վաղուց պետք է ազատված լիներ աշխատանքից, քանի որ, բացի քաղաքական խարդավանքներից, ուրիշ ոչնչով զբաղված չէ:

Փաշինյանը վախենում է, որ հուլիսի 4-ին ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի կազմակերպված միջոցառմանը կարող են հավաքվել հազարավոր մարդիկ: Նա, որ 2018-ից հետո ոչ թե հազար, այլ հարյուր մարդու անշահախնդիր աջակցությունը չի վայելում, երբ գիտի, որ հազարավոր մարդիկ փողոց են դուրս գալիս ոչ թե ի պաշտպանություն, այլ ընդդեմ իրեն եւ իր ռեժիմին, վախենում է ցանկացած հավաքից: Նա ուզում է մարդկանց սպառնալիքով, աշխատանքից եւ ապրուստից զրկելու վախով հեռու պահել իր դեմ ըմբոստությունից: Փաշինյանի միակ զենքն ու պաշտպանությունը մնացել է մարդկանց մեջ վախ ու սարսափ սերմանելը, սրանից ավելի ողորմելի վիճակ դժվար է նկարագրել: 
Նա իրեն պահում է օտարի, զավթիչի նման. միայն օտար զավթիչն է ամեն տեղ փորձում գտնել աբիժնիկների, դավաճանների, որովհետեւ հայրենասեր եւ ազնիվ մարդիկ թշնամու հետ չեն համագործակցում: Դրա համար նա իր իշխանությունը կառուցում է աբիժնիկների ու դավաճանների աջակցության վրա, այնպիսին, ինչպիսին ինքն է: Եկեղեցու ներսում դավաճաններ ու աբիժնիկներ էր փնտրում Վեհափառի դեմ պայքարելու համար, երբ տեսավ, որ բարձրաստիճան հոգեւորականության շրջանում այդպիսիք չկան, բոլորն իրենց աջակցությունն արտահայտեցին կաթողիկոսին, սկսեց դավաճաններ փնտրել քահանաների շրջանում, բայց այստեղ եւս կարծես չի հաջողվում: Հիմա էլ դավաճաններ է փորձում գտնել ՀԷՑ-ում. ասում է` ով դավաճանի Սամվել Կարապետյանին, հանդես չգա ի պաշտպանություն նրա, աշխատանք կունենա, իսկ ով պաշտպանի, կզրկվի աշխատանքից: Հայաստանը դարձնում է մի երկիր, որտեղ աշխատանք ու ապրուստ պետք է ունենան միայն աբիժնիկներն ու դավաճանները: Սա այն է, ինչ սկզբունքով ինքը ձեւավորել է իր կառավարությունը եւ իր խորհրդարանական մեծամասնությունը, հիմա նույն օրինակը փորձում է տարածել ամբողջ երկրի վրա: Շատ է հուսահատվում, երբ արձանագրում է, որ հնարավոր չի լինում գտնել դավաճանների եւ աբիժնիկների, երբ պարզվում է, որ եղածներն արդեն իր շրջապատում են:

Ինչո՞ւ միայն ՀԷՑ աշխատակիցներին ազատել աշխատանքից, կարելի է ազատել բոլոր նրանց, ովքեր զբաղված են «քաղաքական խարդավանքներով», այսինքն՝ հանդես են գալիս իր իշխանության դեմ, մասնակցում են իր դեմ կամ ի պաշտպանություն իր քաղաքական հակառակորդների կազմակերպվող հանրահավաքներին: Ահա եւս մեկ պատճառ, թե ինչու է նա ուզում սեփականացնել ՀԷՑ-ը, որ ում ուզենա, ազատի աշխատանքից: Նույն տրամաբանությամբ՝ նա սեփականացնելու է ամբողջ Հայաստանը, որ ում ուզենա` աշխատելու եւ ապրելու հնարավորություն տա, ում ուզենա` զրկի աշխատանքից ու սովամահ անի:

Փաշինյանին թվում է, որ եթե ինքն իրեն նույնացնում է երկրի վարչապետի հետ, որ իր ենթակայության տակ ոստիկանություն եւ ԱԱԾ կա, ուրեմն ինքն ինչ ուզի, կարող է անել, ում ուզենա` կպատժի, ում ուզենա` կխրախուսի: Աշխարհում շատ բռնապետներ են կորցրել չափի զգացողությունը՝ համարելով, որ իրենց դեմ խաղ չկա, որ իրենց ամեն ինչ կարելի է, եւ հասարակությունների դիմադրությունն էլ կոտրված է: Բայց, ի վերջո, նրանք շատ դաժան պատժվել են եւ ոչ միայն սեփական հասարակությունների կողմից: Բայց դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image