Հասարակություն

3 տարի է՝ 10 դաշնակցականներ չեն կարողանում մտնել Հայաստան

3 տարի է՝ 10 դաշնակցականներ չեն կարողանում մտնել Հայաստան

Ֆրանսիայում ապրող ավելի քան 10 դաշնակցականների մուտքն արգելված է Հայաստան։ Առանց որեւէ պատճառաբանության, Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել նաեւ Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Նժդեհ Գարագավորյանը: Շուրջ երեք տարի է՝ Նժդեհը պայքարում է Հայաստանի իշխանությունների այս որոշման դեմ, ապարդյուն։ Հայրենիք մտնելու արգելքի մասին Նժդեհն իմացել է պատահական, երբ պետք է մասնակցեր Սյունիքում տեղի ունենալիք ՀՅԴ Երիտասարդական համաշխարհային համագումարին։ 

«Դիմադրության շարժումից հետո` հուլիսին, իմ մուտքը Հայաստան փակեցին։ Ես կարծում եմ, որ դա մի քանի նպատակ ունի։ Հայաստանի իշխանությունները նախ թուրքերին ցույց տան, թե Հայ դատի համար պայքարողներին ճանապարհ չեն տալիս։ Մենք Ֆրանսիայում կարողանում ենք ադրբեջանցիների եւ թուրքերի, այսպես ասած՝ ներվերի վրա նստել։ Բացի սա, մենք պատրաստ էինք ամեն բանով մասնակցել Հայաստանում իշխանափոխությանը, ինչպես նաեւ արմատականորեն մերժում ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը, որտեղ Արցախը տեղ չունի»,- նշեց նա։

Նժդեհի գործով հաջորդ դատը հունվարին է։ «Իմ դատը տեղի է ունենալու Գարեգին Նժդեհի փողոցի վրա, հերոս, որի անունը ես կրում եմ,  որի բոլոր արժեքներին հակադրվում է Նիկոլ Փաշինյանը։ Դատերը տեղի են ունենում շատ մեծ դադարներով, վստահ եմ, որ դատավորը մի քանի անգամ հիվանդանալու է, ԱԱԾ-ն բողոքարկելու է»,- ասաց մեր զրուցակիցը։

2022-ին Ֆրանսիայում Փաշինյանի այցի ժամանակ բողոքի ակցիա կազմակերպելու պատճառով Հայաստանում անցանկալի անձ էին ճանաչվել նաեւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանը եւ ՀՅԴ-ական Մասիս Աբրահամյանը։ Մուրադ Փափազյանի արգելքի վերաբերյալ կառավարությունից խոստովանեցին․ «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ»: 

Համառ պայքարի շնորհիվ դատարանը հօգուտ հայցվորներ Փափազյանի եւ Աբրահամյանի որոշում կայացրեց՝ ԱԱԾ-ին պարտավորեցնելով նրանց անունները հանել անցանկալի անձանց տվյալների բազայից: «Մուրադ Փափազյանի մուտքը բացվեց, երբ նախագահ Մակրոնն իր միջամտությունն ունեցավ այդ հարցի մեջ։ Մյուսների պարագայում ԱԱԾ-ն բողոքարկում է դատարանների որոշումները»,- ասաց Նժդեհը։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերին, երբ Փաշինյանն ընդունեց օտարերկրյա պետություններում սփյուռքի գործերի հանձնակատարներին, հայտարարեց, թե իր նպատակը Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ավելի ինստիտուցիոնալ եւ պետականակենտրոն դարձնելն է, նաեւ՝ փորձել ձեւավորել համակարգ, որը հնարավորություն կունենա Հայաստանի Հանրապետության անունից ամենօրյա խոսակցության մեջ լինել սփյուռքի համայնքների հետ, ինչ-որ առումով նաեւ սփյուռքի խնդիրները, օրակարգերը, մտահոգությունները, հարցերը ինստիտուցիոնալ եւ համակարգված ձեւով ներկայացնել ՀՀ կառավարությանը։ 

Փաշինյանը սփյուռք ասելով թերեւս նկատի ունի միայն իր դրածո հանձնակատարներին ու կտրված է իրականությունից։ Նժդեհ Գարագավորյանի խոսքով՝ եթե նախկինում Ֆրանսիայում մի քանիսը կային, որ սատարում էին Փաշինյանին, հիմա ամաչում են «դուխով» գլխարկը երբեւէ դնելու համար։ «Եթե կար մի փոքր հատված, որ հույսեր էր կապում Նիկոլ Փաշինյանի հետ, այսօր գրեթե բոլոը մերժում են նրան ու հակաարցախյան օրակարգը։ Բոլորը հասկանում են, որ խաբվել են 2018-ին, բոլորը զղջում են, որ կրել են «դուխով» գլխարկներ եւ երանի են տալիս այն օրերին, երբ Արցախը մերն էր, երկիրն էլ շատ ավելի խաղաղ էր»,- ասաց նա։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image