Հասարակություն

Ինչ ծառայություն է մատուցել «Արկածախնդիր» ՍՊԸ-ն ՊՆ-ին

Ինչ ծառայություն է մատուցել «Արկածախնդիր» ՍՊԸ-ն ՊՆ-ին

Մենք գրել էինք, որ ՊՆ-ն հունիսի 2-ին 5 մլն դրամի պայմանագիր է ստորագրել «Արկածախնդիր» ՍՊԸ-ի հետ, որի դիմաց կազմակերպվել է մշակութային միջոցառում՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտին։ Պաշտպանության նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան պարզաբանումներ են ուղարկել՝ մասնավորապես նշելով, որ միջոցառումը կոչվել է «Երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի մոռացված հերոսներ»։

«ՀՀ պաշտպանության նախարարության եւ «Արկածախնդիր» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում 29.06.2023թ.-ին ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տարածքում կազմակերպվել է կոնֆերանս՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի մոռացված հերոսներ» թեմայով՝ նվիրված աշխարհամարտի մասնակից պետությունների բանակներում մարտնչած եւ փառքի արժանացած հայազգի մարտիկների մասին մինչեւ այժմ քիչ հայտնի տեղեկատվության ամբողջականացմանն ու հասանելիության ապահովմանը: Համաժողովին մասնակցել են զինվորականներ, Գիտությունների ազգային ակադեմիայի, Ազգային արխիվի, Երեւանի պետական համալսարանի, ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ, ընդհանուր առմամբ՝ շուրջ 70 հոգի»,- պատասխանել են պաշտպանության նախարարությունից։

Հաջորդիվ ներկայացրել են, թե ինչ ծառայություններ է մատուցել «Արկածախնդիր» ՍՊԸ-ն այդ 5 մլն դրամի դիմաց։

«Միջոցառման կազմակերպման ծառայության մատուցման համար սահմանված կարգով հայտարարվել է մրցույթ, որի հաղթող կազմակերպության՝ «Արկածախնդիր» ՍՊԸ-ի հետ 02.06.2023թ. կնքվել է պայմանագիրը։ Նշված պայմանագրի շրջանակներում ՍՊԸ-ն, միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով, մատակարարել է հետեւյալ ապրանքները եւ մատուցել հետեւյալ ծառայությունները. նոր ցուցադրություն կազմակերպելու նպատակով սրահների կահավորում. կախովի ցուցավահանակներ՝ 4 հատ, ցուցապահարան՝ հորիզոնական, ապակյա ցուցափեղկով, դրվում է մետաղյա պրոֆիլների վրա - 4 հատ, պատվանդան՝ ԽՍՀՄ հայազգի մարշալների կիսանդրիների համար - 6 հատ, պատվանդան՝ Խորհրդային Միության հայազգի հերոսների կիսանդրիների համար - 12 հատ։ Թանգարանային համակարգիչ HP AIO 24–df1030ur մակնիշի, սենսորային էկրանով - 2 հատ: Ցուցավահանակի տպագրություն եւ տեղադրում. տեղադրված է ք. Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, Ռուբինյանց փողոցում, «Երեւան սիթի» սուպերմարկետի հարեւանությամբ, տեղադրման ժամկետը՝ 1 ամիս: Հուշամեդալների պատրաստում. երկկողմանի, «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի պատկերով - 20 հատ: Կհրատարակվի կոնֆերանսում հնչած զեկույցների ժողովածուն, 400 օրինակ տպաքանակով: Հյուրասիրություն 70 հոգու համար, ճաշացանկը հաստատված է տեխնիկական բնութագրով»,- պատասխանել են պաշտպանության նախարարությունից։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image