Հարավային Կովկասում ուժային կենտրոնների մրցակցությունը թեժանում է, ու, դատելով վերջին օրերի որոշ հայտարարություններից, առաջիկայում դա կարող է դրեսեւորվել Սյունիքում, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի հարցում։ Հենց Սյունիքն է դարձել ԱՄՆ-Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան-Իրան շահերի բախման կիզակետը։
Պատահական չէր Հայաստանում Իրանի դեսպան Սոբհանիի հայտարարությունը The New York Times-ի հոդվածում՝ Հարավային Կովկասում Իրանի եւ Ռուսաստանի շահերի վերաբերյալ։ Պարբերականը մեջբերում է դեսպանի խոսքերը․ «Մենք ունենք որոշ տարբերություններ եւ ունենք ընդհանուր շահեր։ Սա չի նշանակում, որ մենք դաշնակիցներ ենք»:
Այն, որ տարածաշրջանում Ռուսաստանն ու Իրանը համագործակցում են արեւմտյան եւ, մասնավորապես, ամերիկյան հավակնությունների դեմ, կասկածից վեր է, բայց այդ համագործակցությունը կարող է ավարտվել այնտեղ, որտեղ Իրանի կարմիր գծերն են սկսվում։ Խոսքը Սյունիքով միջանցքի մասին է, որին, փաստացի, Ռուսաստանը դեմ չէ, եթե այն գտնվի իր վերահսկողության ներքո։ Թեեւ Մոսկվան «միջանցք» ձեւակերպումը չի օգտագործում, բայց բաց տեքստով հղում է անում նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին։
Միջանցքի կամ, ինչպես ասում են, կոմունիկացիաների հարցում ԱՄՆ դիրքորոշումն առավել քան բաց է ու անթաքույց։ Այդ պրոյեկտը նրանք պատկերացնում են ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի։ Հայաստանով միջանցքի գաղափարը Թուրքիայի հարյուրամյա ծրագիրն է, ու Իրանը, փաստացի, միակ երկիրն է, որի համար կենսական նշանակություն ունեն Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու Սյունիքի անքակտելիությունը, եւ այդ մասին մեկ անգամ չէ, որ ուղիղ ասել է։ Ստեղծված պայմաններում ի՞նչ կարող է նշանակել ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են փոխադարձ ընդունելի լուծմանը։ Արդյո՞ք Փաշինյանը տեղի է տվել Արեւմուտքի ու Բաքվի ճնշումներին, թե՞ կատարելու է 20 թվի նոյեմբերին ստանձնած պարտավորությունը եւ ռուսական կողմի ցանկությունը։
Մի քանի հարց ուղղեցինք իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանին, որի գնահատմամբ՝ Հայաստանում որեւէ իշխանություն չի կարող համաձայնել իր տարածքում` իր վերահսկողությունից դուրս միջանցքի ստեղծմանը, որովհետեւ դա կնշանակի Հայաստանի կործանում։ «Հայաստանի գործող իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ դեմ չէ Ադրբեջանական Հանրապետությունը Նախիջեւանի հետ կապող միջանցքի ստեղծմանը, սակայն այն պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Երրորդ պետության կողմից այս միջանցքի վերահսկմանը դեմ է նաեւ ՀՀ կառավարությունը։ Սակայն Բաքուն եւ Թուրքիան պահանջում են, որ Հայաստանի կառավարությունը վերահսկողություն չունենա այս միջանցքի նկատմամբ։ ՀՀ կառավարությունը նույնպես բազմիցս հայտարարել է, որ նման բան չի ընդունում։ Իրանի տեսանկյունից այս դիրքորոշումը նույնպես տրամաբանական է: Այնպես որ, Հայաստանի կառավարության վերահսկողությամբ միջանցքն ընդունելի է»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց վերլուծաբանը։
Էհսան Մովահեդիանը համոզված է՝ Ալիեւը չի ձգտում խաղաղության Հայաստանի հետ եւ չի ընդունում Հայաստանի վերահսկողության հնարավորությունն այդ միջանցքի նկատմամբ։ Ըստ նրա՝ Ալիեւն ու Էրդողանը հույս ունեն, որ Թրամփի հաղթանակով եւ Ամերիկայի հակաիրանական քաղաքականության ուժեղացմամբ կկարողանան ճնշում գործադրել Հայաստանի եւ Իրանի վրա, որպեսզի կարողանան բացել միջանցքը, որը չի գտնվի Հայաստանի վերահսկողության տակ։
«Իրանը երբեք չի համաձայնի նման վտանգավոր ծրագրին։ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու Հայաստանի կառավարության միակողմանի ջանքերը հաջողության չեն կարող հասնել. Թուրքիան Հայաստանի հետ արդար հարաբերություններ չի ուզում, նա ձգտում է շահագործել Հայաստանը, ոչնչացնել հայկական ինքնությունը, պատմությունն ու քաղաքակրթությունը, Հայաստանը տարրալուծել թյուրքական աշխարհի եւ թուրքական ՆԱՏՕ-ի մեջ։ Հայաստանը պետք է ապավինի Իրանին՝ այս վտանգավոր ագրեսիայից պաշտպանվելու համար։ Իրանը Հայաստանի միակ իրական բարեկամն է, որն աջակցում է Հայաստանի ինքնության պահպանմանը՝ Թուրքիայի վտանգավոր ծրագրերին դիմակայելու համար։ Իրանի օգնությամբ Հայաստանը կարող է ավելի ուժեղացնել իր բանակը Թուրքիայի եւ Բաքվի հավակնությունների դեմ»,- վստահեցնում է իրանցի քաղաքագետը։
Ինչ վերաբերում է այս հարցում Ռուսաստան-Իրան դիրքորոշումների տարբերությանը, որին անդրադարձել էր ամերիկյան պարբերականը, Մովահեդիանն ասում է՝ ԱՄՆ-ն ձգտում է նվազեցնել Իրանի եւ Ռուսաստանի ազդեցությունը Կովկասում եւ իր համար ստեղծել բարենպաստ միջավայր՝ վնասելու մրցակից երկրների շահերին։ Նրա խոսքով, Ռուսաստանի հանդեպ Հայաստանի վստահության կորուստը` 2020 թ. պատերազմի ժամանակ եւ դրանից հետո իրականացրած քաղաքականության եւ Հայաստանի շահերի անբավարար պաշտպանության պատճառով, կարող է վերականգնվել Իրանի օգնությամբ։ «Ռուսաստանից է կախված՝ նա ցանկանո՞ւմ է օգնություն ստանալ Իրանից, թե՞ ոչ:
Ռուսաստանը կարծում է, որ կարող է միայնակ վերահսկել միջանցքը։ Բայց թե՛ Հայաստանի իշխանությունը, թե՛ Հայաստանի հասարակական կարծիքը դեմ են դրան, իսկ Արեւմուտքն ու ՆԱՏՕ-ն փորձում են դուրս մղել Ռուսաստանին։ Ռուսաստանի շահերից է բխում՝ աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը, պահանջել, որ Բաքուն դուրս բերի իր զորքերը Հայաստանի օկուպացված հատվածներից, եւ հայտարարել, որ դեմ է հայկական բանակի վերահսկողությունից դուրս միջանցքի ստեղծմանը։ Ռուսաստանը պետք է հասկանա, որ Հայաստանի կառավարությունը ձգտում է դիվերսիֆիկացնել իր տնտեսական եւ ռազմական գործընկերներին, եւ Ռուսաստանը դեռ հնարավորություն ունի դառնալու այդ գործընկերներից մեկը՝ Հայաստանում ռացիոնալ քաղաքականություն որդեգրելով։ Ռուսաստանը, նախկինի նման, հետաքրքրված չէ Կովկասում Իրանի դերակատարմամբ եւ կարծում է, որ կարող է միայնակ վերահսկել ներկայիս ճգնաժամը։ Ռուսաստանը հստակ ռազմավարություն չունի Կովկասում։ Ադրբեջանամետ, թուրքամետ, իսրայելամետ եւ արեւմտամետ լոբբին Ռուսաստանում նույնպես այս խնդրի մի մասն է: Ռուսաստանը պետք է փոխի իր ներկայիս սխալ արտաքին քաղաքականությունը Կովկասում եւ համագործակցի Իրանի հետ, բայց դրա նախանշանները չկան»,- բացատրում է վերլուծաբանը։
Հարցին, թե արդյո՞ք Փաշինյանի իշխանությունը, որը դիրքավորվում է որպես արեւմտամետ, իսկ իրականում թուրքամետ քաղաքականություն է վարում, կարող է վստահելի գործընկեր լինել Իրանի համար, Էհսան Մովահեդիանն ասում է՝ Հայաստանի որեւէ իշխանություն այլընտրանք չունի, քան Իրանի հետ սերտ համագործակցությունը, որովհետեւ «Իրանը Հայաստանի միակ բարեկամ հարեւանն է եւ դեպի արտաքին աշխարհ տանող շնչուղին»։
«Իրանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին եւ հուսով է, որ երկիրը կկառավարեն մարդիկ, որոնք առավելապես մտահոգ են Հայաստանի շահերով։ Հայաստանի գործող իշխանությունը ներկայում մեծ հեղինակություն չունի, բայց երկրի ընդդիմությունը շատ ավելի քիչ աջակցություն է վայելում, եւ այս պայմաններում Իրանը կուսումնասիրի իրողությունները եւ կկայացնի լավագույն որոշումը»,- ասում է մեր զրուցակիցը։
Հայաստան-Իրան հարաբերությունները խնդիր են ԱՄՆ-ի համար։ Ըստ որոշ տեղեկությունների, ԱՄՆ դեսպանատունը վերջին շրջանում այդ ուղղությամբ ինտեսիվ աշխատում է ոչ միայն Հայաստանի իշխանական շրջանակների հետ, այլեւ տարբեր առաջարկներով փորձում է «մշակել» իրանական փորձագետներին։
Մեր իրանցի զրուցակիցն ասում է՝ դա նոր երեւույթ չէ, ԱՄՆ-ն մշտապես փորձել է աշխատել այդ ուղղությամբ։ «Այդ ջանքերը շարունակվում են Իրանի հարեւան երկրներում՝ ամերիկյան դեսպանատների միջոցով, բայց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան որեւէ նոր գործողության մասին տեղեկություն ես չունեմ»,- շեշտում է Մովահեդիանը։ Նրա խոսքով, ԱՄՆ կառավարությունը փորձում է օգտագործել Իրանի հարեւան երկրները որպես հենակետ՝ ընդդեմ իրանական շահի․ «Սյունիքում ամերիկյան ներկայությունն ու ապակառուցողական գործունեության ավելացումն Իրանի համար պարզ եւ որոշակի է։ Իրանական պատվիրակության` Հայաստան կատարած հաջող այցից անմիջապես հետո Հայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպեց Հայաստանի կառավարության պաշտոնյաների հետ եւ փորձեց տեղեկություններ ստանալ այդ առնչությամբ։ Երեւանում ԱՄՆ-ի մեծ ու անսովոր դեսպանատունը նույնպես հակաիրանական գործունեության առանցք է։ Իրանն այս կապակցությամբ բազմիցս բարձրացրել է իր մտահոգությունները Հայաստանի կառավարությանը, եւ ՀՀ կառավարությունը վստահեցրել է, որ երբեք թույլ չի տա, որ Հայաստանը դառնա ԱՄՆ հակաիրանական գործունեության հենակետ»։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ Իրանի եւ Հայաստանի համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտի, կապի ենթակառուցվածքները, ընդլայնվում է, եւ եթե այդ համագործակցությունը դրսեւորվի նաեւ անվտանգային ոլորտում, օրինակ, համատեղ զորավարժություններով, ԱՄՆ-ն չի կարող խաթարել հայ-իրանական համագործակցությունը, որին սատարում է նաեւ Իրանում հայկական սփյուռքը։