Մշակույթ

«Իրական Հայաստանն» այսուհետ իր հագով Հայաստանն է

«Իրական Հայաստանն» այսուհետ իր հագով Հայաստանն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսական ուղերձը՝ վերնագրված որպես «Իրական Հայաստանի գաղափարախոսություն», եւս մեկ անգամ փոթորկեց հանրային տրամադրությունները։ Արձակագիր Լեւոն Ջավախյանն ասում է՝ պատահական չէ, որ հիմա ներկայացվեց, այսպես կոչված, «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը», որի առաջնային կետերից մեկը համաժողովրդական հանրաքվեով նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտությունն է։

«Սահմանադրությունը կարելի է փոխել, երբ քեզ թելադրող չկա, եւ դա բխում է միայն քո ազգային կենսադիրքորոշումից, բայց Նիկոլի շտապողականությունը՝ սահմանադրություն փոխելու հարցում, պայմանավորված է Ալիեւի թելադրանքով։ Ակամայից հիշեցի Չեխովի «Փռիշտը» պատմվածքը, որտեղ այդ փոքր չինովնիկը փռշտում է ու վախից համարյա հանկարծամահ է լինում, որ հանկարծ շեֆը վատ չզգա, չվիրավորվի։ Հիմա նույնը մեր դեպքում է․ Նիկոլի ամեն մի շարժումը Ալիեւի կամ Էրդողանի կամքի արտահայտությունն է, հենց այդպիսի չեխովյան վախ կա նրա մեջ։ Ու նրա այս սահմանադրական տվայտանքները թելադրված են նրանցով, բայց ժողովրդին «ֆռռացնում է»՝ բերելով իբր ազգային, գաղափարախոսական դրույթներ, մինչդեռ իր հիմնական նպատակը մեր եղած սահմանադրության մեջ ազգայինն ու ազգային արժեքները վերափոխելն է, լինի դա Արցախի թեման, Արարատի խորհրդանիշը, թե Հայոց ցեղասպանության խնդիրը, որոնց մասին խոսք չկա իր ներկայացրածում, քանի որ ուզում է դրանք դուրս թողնել մեր սահմանադրությունից։ Իրական Հայաստանը ո՛չ ինքն է հայտնաբերել, ո՛չ էլ չգոյությունը, այն եղել է, կա ու կլինի։ «Իրական Հայաստան» ասելով՝ նա նկատի ունի Հայաստանն առանց Արցախի՝ խուզված սահմաններով եւ խուզված իդեալներով։ Սա է իր «իրական գաղափարախոսությունը», քանի որ Արցախը բեռ էր համարում, ուստի «իրական Հայաստանն» այսուհետ իր հագով Հայաստանն է»,-ասում է Լ․ Ջավախյանն ու անդրադառնալով ուղերձում տեղ գտած «Ապագա կա՛, կա՛ ապագա» ձեւակերպմանը, նկատում, որ այն նախընտրական ծրագրի հերթական լոզունգ է հիշեցնում, որն անընդհատ կրկնելն արդեն հիմարություն է համարում․

«Ինչ է՝ «Ապագա կա»-ն սահմանադրական դրո՞ւյթ է․․․, ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա խաղաղություն կա՛մ լինում է, կա՛մ չի լինում, դու հետս ուզում ես խաղաղ լինես՝ ես չեմ ուզում, ինչքան ուզում ես, ճառեր ասա ու խաղաղության խաչմերուկներ նկարի, եթե դա ինձ ձեռք չի տալիս՝ դեմքիդ կապտակեմ։ Հետո՝ ինքը շատ է խոսում անկախության մասին եւ կարծես իրեն արդեն Ջեֆերսոն է երեւակայում՝ մեծն օրենսդիր, ուրեմն ես էլ Համմուրաբին եմ՝ Բաբելոնի թագավորը։ Սահմանադրությունն իր խելքի բանը չի, թող ձեռ քաշի։ Ինչքան ինքը խոսում է անկախության մասին, այնքան ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իր ասած անկախությունը ոչ թե ժողովրդին է պետք, այլ իրենց՝ իշխանությանը, որ ոնց ուզենա, ժողովրդին թալանի ու կողոպտի։ Էլ ո՞նց երջանիկ լինի երկիրը, անհատը կամ հարստանա ու հարստացնի, երբ անընդհատ հարկային տեռոր է գնում, ու քաղաքացին ոչ թե հարստանալու, այլ հարստահարվելու, տուգանքի «մատերիալ է» դարձել․ տրանսպորտը թանկացել է, հարկերը՝ ավելացել, հայտարարագրեր պետք է գրես, ինչքան հնարավորություն կա՝ քերում են մարդուն։ Ստացվում է՝ պետք է աշխատես, որ հարստացնես իշխանավորին՝ Նիկոլին։ Իսկ մեր արտաքին ու ներքին պարտքն արդեն 13 մլրդ է կազմում։ Այդքան Քոչարյանի դեմ խոսում է, բայց նրա ժամանակ պետական պարտքն ընդամենը 1 մլրդ դոլար էր։ Այն, որ անընդհատ «պետությունը» մեջ է գցում, գեղացու խորամանկություն է։ Լյուդովիկոս 14-րդն ասում էր՝ պետությունը ես եմ, ինքն այդ խորամանկությամբ է շարժվում։ Որպեսզի իր աթոռն ամրապնդի, պետության գովք է անում, այսինքն՝ այդ գաղափարախոսության անվան տակ իր գովքն է անում, որովհետեւ ես չեմ տեսնում ու զգում, որ պետությունը ես եմ։ Կինս ծանր հիվանդ էր, 2 շաբաթ կենաց-մահու կռիվ էր տալիս, բայց ես իմ կողքին պետություն չտեսա այդ ընթացքում, ես տեսա, որ ես միայն կեղեքվող անձնավորություն եմ, որն իր վշտի, ցավի մեջ մենակ էր։ Ու պետության անվան տակ նա իր գահն է ամրապնդում, ժողովրդին հարիֆացնելով, թե պետությունը դու ես, մինչդեռ հենց ինքն է պետությունը»,- ընդգծում է գրողը։   

Իր ուղերձում Փաշինյանը խոսել եւ թվարկել է նաեւ հայ ժողովրդի (Հայաստանի Հանրապետության) ազգային արժեքները․ «Ի՞նչ է նշանակում հայը, մեր դասականները, հանձին Ռաֆայել Պատկանյանի, տվել են այդ ձեւակերպումը, որը 3 մակարդակ է ֆիքսում՝ հայոց լեզու, հայրենի դավանանք եւ ազգային գաղափարախոսություն, որն արտահայտվում է ազգի պատմությունով․ մայրենի լեզուն կամա թե ակամա կա, սակայն ինչ վերաբերում է հայրենի դավանանքին, ապա ինքը Հայ առաքելական եկեղեցու կողքը նշում է նաեւ աղանդավորական եկեղեցիներ՝ Կաթողիկե ու Ավետարանական եկեղեցիներ։ Մեր սահմանադրությամբ Հայ առաքելական եկեղեցին գերակա ու գերիշխող է բոլոր եկեղեցիների վրա, ինչո՞ւ է հավասարության նշան դրել այդ բոլոր եկեղեցիների միջեւ։ Ինչ վերաբերում է իր կողմից տրվող ազգ-ժողովուրդ ձեւակերպումներին, ապա, իհարկե, իր համար ավելի կարեւոր է ժողովուրդը, քան ազգը, որովհետեւ ժողովրդի մեջ մոլեգնող այդ ամբոխներն իրեն բերեցին իշխանության։ Իր ասած ազգային գաղափարախոսությունը մեր ինքնության մերժումն է, մեր պատմության վերաձեւումը, ամեն ազգայինը, հերոսականը, նվիրականը հանում, խմբագրում է մեր ժողովրդի պատմությունից․ թրքահաճո մի պատմություն է ստեղծում, ընդ որում՝ խուսափելով «հայոց» բառից եւ գրելով ամեն տեղ «Հայաստանի պատմություն»։ Ինքը երեւի դրանով նոր Ամերիկա է հայտնաբերում․․․․ իրական Հայաստան է բերում՝ մերժելով մեր ամբողջ ժողովրդի բազմադարյա պատմությունը»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image